Մատչելիության հղումներ

ՄԻԵԴ վճիռը, ըստ փաստաբանի, կարող է հիմք դառնալ Ռոբերտ Քոչարյանի հանդեպ նոր քրեական հետապնդում սկսելու համար


Եվրոպական դատարանի այսօր հրապարակած վճիռը կարող է հիմք դառնալ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հանդեպ նոր քրեական հետապնդում սկսելու համար, հայտարարում է փաստաբան Տիգրան Աթանեսյանը, ում ներկայացրած դիմումն էլ այսօր հաղթել է ստրասբուրգյան ատյանում։

2009-ին ներկայացված հայցադիմումով փաստաբանը խնդրում էր ճանաչել Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» օրաթերթի՝ արտահայտվելու ազատության և արդար դատաքննության իրավունքի խախտումները 2008-ի մարտյան արյունալի օրերին։ Մարտի 1-ից հետո 21 օր հայտարարված արտակարգ դրության ժամանակ «Հայկական ժամանակը» ևս չէր հրատարակվում՝ մյուս լրատվամիջոցների պես։

Ավելի քան 12 տարի տևած դատաքննությունից հետո եվրոպական ատյանը որոշել է՝ Հայաստանում Եվրոպական կոնվենցիայից շեղումները այդ օրերին արդարացված չեն։ Հակադարձելով Հայաստանի նախկին կառավարությանը, թե 2008-ի մարտի 1-ին Երևանում վիճակը կարելի էր որակել արտակարգ՝ Եվրադատարանը «Հայկական ժամանակ» օրաթերթի վճռում ընդգծել է՝ «չեն եղել բավարար ապացույցներ՝ հավաքների բնույթի մասին եզրահանգումներ անելու համար։ Ավելին՝ չի ներկայացվել գեթ մեկ ապացույց, որ 2008-ի մարտի 1-ի 10 մահվան դեպքերը կապ ունեն ցուցարարների գործողությունների հետ»։

«Սա նշանակում է, որ Մարտի 1-ի արտակարգ դրություն հայտարարելու հրամանագիրը այլևս օրինական չէ, և սա կարող է հանգեցնել Ռոբերտ Քոչարյանի հանդեպ նոր քրեական հետապնդումների», - Ֆեյսբուքում գրել է հայցի հեղինակ, փաստաբան Տիգրան Աթանեսյանը, որը հրաժարվեց հավելյալ մեկնաբանություններից։

Մարտի 1-ի գործով տուժողների ներկայացուցիչ, Եվրոպական իրավունքի մասնագետ Տիգրան Եգորյանը ևս կարծում է, որ Մարտի 1-ի գործով եվրոպական ատյանի հերթական այս վճիռը կարող է կրկին Քոչարյանի պատասխանատվության հարցը բարձրացնել։

«Այդ թվում Ռոբերտ Քոչարյանը, ով որպես նախագահ եղել է դրա առաջին պատասխանատուներից, դա ենթադրում է և՛ քրեական, և՛ քաղաքական պատասխանատվություն: Պետությունը խախտել է այդ հրամանագրով կոնվենցիայով ստանձնած իր պարտականությունները, այսինքն՝ բոլոր այն իրավունքները, որոնք սահմանափակվել են այդ հրամանագրով, ոչ իրավաչափ են», - ասաց Եգորյանը:

Ըստ փաստաբան Թումանյանի, ՄԻԵԴ-ը ավելի հեռու է գնացել՝ կասկածի տակ դնելով արտակարգ դրության մասին հրամանագիրն ընդունելու անհրաժեշտությունը

Երկրորդ՝ Բարսեղյան ընդդեմ վճռում էլ նշվում է, որ թեև արտակարգ դրությունը տարածվում էր Երևանում, սակայն իրավապահները նաև Գյումրիում էին քաղաքացիների հավաքների ազատությունը սահմանափակում։ Հայցի հեղինակ, փաստաբան Կարեն Թումանյանը, գնահատելով երկու վճիռները, կարևորում է՝ այս անգամ Եվրոպական դատարանն ավելի հեռու է գնացել՝ կասկածի տակ դնելով արտակարգ դրության մասին հրամանագիրն ընդունելու անհրաժեշտությունը։

«Լևոն Բարսեղյանի գործով 15-րդ հոդվածի, այսինքն արտակարգ դրությանը չի վկայակոչում որպես խախտված իրավունք, հաշվի առնելով, որ այդ ռեժիմը չի տարածվել Գյումրիի վրա: Եվրոպական դատարանը գնահատական է տվել հավաքների ազատության հետ կապված իրավունքի միջամտությանը», - նշեց Թումանյանը:

13 տարի առաջ Հայաստանում նախագահական ընտրությունների արդյունքները չեղարկելու պահանջով հազարավոր քաղաքացիներ դուրս էին եկել փողոց։ Պաշտոնական արդյունքներով պարտված թեկնածու, առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի շուրջ հավաքված ընդդիմադիրներն ու քաղաքացիները պահանջում էին երկրորդ փուլ անցկացնել՝ կասկածի տակ դնելով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի արդյունքներով շուրջ 53 տոկոս քվե ստացած Սերժ Սարգսյանի հաղթանակը։

Բազմամարդ հավաքների ընթացքում էլ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով 21 օրով մայրաքաղաք Երևանում արտակարգ դրություն էր հաստատվել՝ արգելվեցին լրատվամիջոցների հրապարակումները, հավաքները։ Մարտի 1-ի գիշերը մայրաքաղաքում հավաքների մասնակցելուց հետո Գյումրիում բնակվող Բարսեղյանը մեկնել էր տուն, հետո փորձել հավաքի մասնակցել։

«Գյումրիում քաղաքացիները ինքնաբուխ հավաքվել են փորձել Թատերական հրապարակի տարածք, մայթի վրայից շատ-շատերին բերման են ենթարկել, ինձ էլ են բռնել տարել, հրել են փողոցի կենտրոն՝ մեքենաների հոսքի մեջ: Տխրահռչակ Վազգեն Նիկոլայի Հարությունյան կար, այդպիսի մի միլիցա կար, որը պարագլուխն էր այդ ամբողջի և իմ վրա հարձակվելով ասում էր՝ այդքան մարդու գլուխ կերաք հերիք չէ՞, այդքան արյուն խմեցիք հերիք չէ՞», - ասաց Բարսեղյանը

Բարսեղյանն արդեն չի հիշում, թե քանի ժամ է անցկացրել ոստիկանական բաժանմունքում, հիշում է միայն, որ Թատերական հրապարակում որևէ ցուցարար չկար, քանի որ ոստիկաններն այն շրջափակել էին: «Իրենք, հավանաբար, հրաման ունեին, որ Թատերական հրապարակը պետք է փակվի, մարդ չպետք է մտնի, որովհետև հենց մեքենան կանգնեց, տեսա, որ ոստիկանները շրջապատել են Գյումրու թատերական հրապարակը», - նշեց նա:

Վերջին երկու վճիռներով Հայաստանի կառավարությունը դիմումատուներին կվճարի 10500 եվրո։ 2008-ի մարտի 1-ի գործով մինչ օրս դատարանը կայացրել է 16 վճիռ, փոխհատուցման չափը կազմում է 136 հազար 500 եվրո։

XS
SM
MD
LG