Մատչելիության հղումներ

«Ժողովուրդն է արդարացվել». ՄԻԵԴ-ի վճռով` խախտվել է Միքայելյանի ու Արզումանյանի հավաքների ազատությունը


ԵԿՄ գործող ղեկավար Սասուն Միքայելյանը 2018-ի հեղափոխության ժամանակ, արխից

2008-ի մարտյան դեպքերից 13 տարի անց Եվրոպական դատարանը եզրահանգել է, որ Հայաստանի կառավարությունը խախտել է նախկին ընդդիմադիր գործիչ, այժմ Երկրապահի ղեկավար Սասուն Միքայելյանի հավաքների ազատությունը։

Հրապարակած վճռով Եվրադատարանը Հայաստանի կառավարությանը պարտավորեցրել է իրավունքների խախտման համար Միքայելյանին փոխհատուցել մոտ 13 հազար եվրո։

«Ժողովուրդն է արդարացվել, ոչ թե ես, այսինքն` ժողովրդի պայքարն է արդարացվել:

Ինձ էլի են ասել էս վերջին տարիներին, մի տարի առաջ, որ այստեղ բողոքարկեք, ասել եմ` ոչ, բողոքարկել ենք այն ժամանակ Եվրադատարան, մենք բողոքարկել ենք: Ես հոգեպես, իմ գործունեությամբ արդար եմ եղել: Հիմա կարդարացնեն, չեն արդարացնի, իրենց գործն է, բայց կարծում եմ, որ արդարություն կա, և արդարացրին երկար տարիներ հետո», - ասում է Միքայելյանը:

2008-ին նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքները վիճարկող նախագահի թեկնածու, առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն ու իր համակիրները պահանջում էին ընտրությունների երկրորդ փուլ անցկացնել և այդ պահանջով հանրահավաքներ էին նախաձեռնել մայրաքաղաքում և մյուս բնակավայրերում։ Նրանց շարժմանը միացել էր նաև պատգամավոր Սասուն Միքայելյանը, որին ձերբակալել և մեղադրել էին զանգվածային անկարգությունների կազմակերպման և ապօրինի զենք-զինամթերք պահելու ու կրելու համար։ Միքայելյանն անազատության մեջ անցկացրել էր 3 տարուց ավելի և 2011 թվականին ազատ էր արձակվել համաներմամբ։

«Դե իմ քաղաքական հայացքների համար էր, արդարացի պայքար էր, դուրս եմ եկել, կանգնել եմ ժողովրդի կողքին: Ժողովուրդն ինձ ձայն է տվել, վստահել է, ես էլ նույն այն հրապարակում պիտի հայտնվեի, որտեղ ժողովուրդն էր, բողոքն էր անում: Իրոք այդ մարդիկ պիտի պատժվեն իրենց անարդար դատավարության համար», - նշում է ԵԿՄ ղեկավարը:

Հայաստանի կառավարությունը, ներկայացնելով իր փաստարկները, Եվրադատարանին տեղեկացրել է, որ միջամտել է Ազատության հրապարակում հավաքների անցկացմանը, քանի որ դրանք խաղաղ չէին։ Սակայն Եվրոպական դատարանն ընդգծում է, որ այս հարցի մասին արդեն տվել է իր գնահատականը մարտյան իրադարձությունների մասին մեկ այլ գործով։ Խոսքը այն ժամանակ ընդդիմադիր գործիչ Մուշեղ Սաղաթելյանի գործի մասին է։ Այդ վճռում Եվրոպական դատարանը եզրահանգել է, որ 2008-ին Ազատության հրապարակում հավաքները խաղաղ էին, և որ Հայաստանի կառավարությունը դրանք հերքող գեթ մեկ ապացույց չի ներկայացրել:

Այժմ էլ դատարանն ընդգծում է, որ հավաքների ազատությունը ժողովրդավարական հասարակության հիմնական իրավունքն է, և որ ցանկացած սահմանափակում պետք է համոզիչ լինի։

Բանտում ավելի քան երեք տարի անցկացրած 63-ամյա Սասուն Միքայելյանը, վերհիշելով մարտյան այդ օրերը, պատմում է, որ ցավով էր նայում, թե ինչպես էին ոստիկանները ցրում հավաքը. «Բնական է` պայքարը արդար էր, իշխանությունը պատկանում է ժողովրդին, ժողովուրդը դուրս եկավ, որ իշխանություն փոխեր, որովհետև անարդարացի իշխանություն էր: Բռնապետություն էր, և ժողովուրդը դեմ եղավ այդ բռնապետությանը, և ոչ միայն ես, այլև հազարավոր մարդիկ բանտերում հայտնվեցին, փախան երկրից:

Գիտեք` ինչ էր կատարվում, հատկապես մեզ մոտ, մեր գյուղում, 4 ամիս մեր գյուղում տեռոր է եղել, ամբողջ իրավապահ մարմինների թեթև ձեռքով թե՛ իմ ընտանիքի հանդեպ, թե՛ իմ հարազատների, բարեկամների, այն անձանց, ովքեր ինձ ճանաչել են: Ես մի հոդված էի գրել, որ ես նոր եմ հասկացել, թե Կոմիտասը ոնց է գժվել: Իմ դեմ, ես կռված տղա, հրամանատար տղա, իմ զորքին ծեծում էին, ոնց որ այլազգու ծեծեին»:

Եվրադատարանը ճանաչել է նաև 2008-ի մարտյան հավաքների ակտիվ մասնակից, այժմ սկանդինավյան 5 երկրներում Հայաստանի դեսպան Ալեքսանդր Արզումանյանի հավաքներ անցկացնելու իրավունքի խախտումը և Հայաստանի կառավարությանը պարտավորեցրել է Արզումանյանին վճարել շուրջ 12 հազար եվրո։ Հայաստանի նախկին արտգործնախարարը զանգվածային անկարգությունների կազմակերպման համար դատապարտվել էր 5 տարվա ազատազրկման և 1 տարի կալանքի տակ մնալուց հետո համաներմամբ ազատ արձակվել։

Արզումանյանի փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը դեռ հստակ հիշում է, թե ովքեր էին ցուցմունք տվել. «Կային ոստիկաններ, կար նաև անձ, որին հարց տրվեց, որ Դուք լրտեսությամբ եք զբաղվում և այլն, ասաց` դե դրանով եմ ընտանիք պահում»:

2008-ի մարտյան իրադարձությունների ժամանակ նախագահ, տասը տարի հետո էլ Մարտի 1-ի գործով մեղադրյալ, ապա արդարացված Ռոբերտ Քոչարյանն ու նրա փաստաբանները բազմիցս են շեշտել՝ 2008-ի դեպքերը խաղաղ չէին։ Արզումանյանի փաստաբանի կարծիքով` Եվրադատարանի վճիռները հերքում են ներկայիս ընդդիմադիրների պնդումները. «Բոլոր դեպքերում կայացված դատական ակտը Եվրոպական դատարանի խոսում է հակառակի մասին, ըստ էության, որ տեղի է ունեցել հավաքների ազատության իրավունքի խախտում, որ հավաքները ոչ օրինական կարգով են դադարեցվել, զանգվածային անկարգություններ տեղի չեն ունեցել, կարելի է նաև դրան հղում կատարել»:

Եվրադատարանում Հայաստանի կառավարության ներկայացուցչի գրասենյակից «Ազատությանը» փոխանցեցին՝ 2008-ի մարտի 1-ի գործով մինչ օրս դատարանը կայացրել է 14 վճիռ, փոխհատուցման չափը կազմում է 126 հազար եվրո։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG