Մատչելիության հղումներ

ՄԻԵԴ-ը վճռել է՝ խախտվել է 2008-ի իրադարձություններին մասնակցած Հովհաննիսյանի խաղաղ հավաքներին մասնակցելու իրավունքը


Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) համարել է, որ 2008 թվականին խախտվել է Լևոն Տեր-Պետրոսյանի առաջնորդած ընդդիմադիր շարժման մասնակից, վանաձորցի Արմեն Հովհաննիսյանի խաղաղ հավաքներին մասնակցելու իրավունքը։ Միջազգային դատարանը սահմանել է 7 հազար եվրոյի չափով փոխհատուցում՝ կրած ոչ նյութական վնասի դիմաց։

Լոռու մարզպետարանի նախկին աշխատակից Արմեն Հովհաննիսյանը, որ նաև 2008-ի նախագահական ընտրություններում ընդդիմադիր թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի վստահված անձն էր, հետընտրական իրադարձություններից անմիջապես հետո ազատվել էր աշխատանքից։ Գործատուն պատճառաբանել էր, որ Հովհաննիսյանը քաղծառայող է և իրավունք չուներ զբաղվել քաղաքականությամբ, մինչդեռ մասնակցել էր հետընտրական հանրահավաքներին։

Միջազգային դատարան ներկայացրած դիմումի մեջ ու նաև այսօր Արմեն Հովհաննիսյանը պնդում է, որ 13 տարի առաջ ենթարկվել է քաղաքական հետապնդման և որ աշխատանքից ազատվել է զուտ իր քաղաքական հայացքների համար։

«Ցավոք սրտի, մենք Ռոբերտ Քոչարյանի օրոք, երբ որ ինքը այսպիսի բնավորություն ուներ, ուժի դիրքերից իր քաղաքացիների նկատմամբ, ամբողջ այդ ընթացքում մենք տոտալ զգացել ենք նրա այդ վերաբերմունքը և դա իրա վարքագիծն էր», - Նշեց Հովհաննիսյանը:

2008 թվականի նախագահական ընտրությունների նախնական արդյունքների հրապարակումից անմիջապես հետո Տեր-Պետրոսյանն իր համակիրներին կոչ էր արել հավաքվել Ազատության հրապարակում՝ հայտարարելով, որ ընտրություններն ազատ ու արդար չեն եղել։ Փետրվարի 20-ից Տեր-Պետրոսյանի կողմնակիցների բողոքի ցույցերին մասնակցել է նաև վանաձորցի Արմեն Հովհաննիսյանը։ Նա Մարդու իրավունքների եվրոպական դատարան ուղարկված իր դիմումի մեջ շեշտել է, որ այդ ժամանակ գտնվել է արձակուրդի մեջ և իրավունք ուներ իր քաղաքացիական դիրքորոշումը հայտնել աշխատանքից դուրս։

Հովհաննիսյանը հիշում է՝ մարտի 1-ի արյունալի դեպքերից հետո, երբ Երևանի կենտրոնում հետընտրական բախումների հետևանքով տասը մարդ էր զոհվել, ոստիկանները գրեթե ամեն օր այցելում էին իր բնակարան, խուզարկություններ անում, բերման ենթարկում, հարցաքննում ու ճնշումների ենթարկում։

«Հազարավոր մարդիկ, նրանց նկատմամբ տարբեր տիպի ճնշումներ գործադրվեցին, մի քանի տասնյակ մարդ դատապարտվեցին հանիրավի. շատերը ծեծվեցին, ջարդվեցին, 10 զոհերի մասին արդեն չեմ ուզում ասել և իմ ունեցած տվյալներով մոտ 2000 հոգի աշխատանքից ազատվեց», - ներկայացրեց Հովհաննիսյանը:

Իշխանություններին համոզիչ չեն թվացել Արմեն Հովհաննիսյանի բացատրությունն ու ապացույցները, թե ընդամենը երկու խաղաղ ցույցի է մասնակցել, ելույթներ չի ունեցել և կոչեր չի արել։ 2008 թվականի մարտի 11-ին նրան աշխատանքից ազատելու որոշում են կայացրել։ Մինչ դատարանները կքննեին՝ խախտվե՞լ են Հովհաննիսյանի իրավունքները, թե ոչ, մարզպետարանը կրճատել է նրա զբաղեցրած հաստիքը։ Չնայած ավելի ուշ վարչական դատարանը բավարարել է Հովհաննիսյանի հայցը Լոռու մարզպետարանի դեմ ու չեղյալ հայտարարել նրան աշխատանքից ազատելու որոշումը, բայց այլևս հնարավոր չէր նրան վերականգնել նույն աշխատանքում, քանի որ աշխատատեղը գոյություն չուներ։

«Աշխատողները պետք է պաշտպանված լինեն, նրանց իրավունքները պետք է պաշտպանված լինեն և ոչ միայն պետական համակարգի, այլ նաև մասնավոր սեկտորում աշխատողները: կարծում եմ, որ ս այդ առումով բավականին լավ որոշում էր», - ասաց «Ազատության» զրուցակիցը:

Արմեն Հովհաննիսյանը հայաստանյան դատարաններում այդպես էլ չի կարողացել ապացուցել, որ ինքը քաղաքական հետապնդման է ենթարկվել և, որ իրեն անհիմն են ազատել աշխատանքից։ Մինչդեռ 13 տարի անց Եվրոպական դատարանն արձանագրել է, որ խախտվել է Լոռու մարզպետարանի նախկին աշխատակցի միջազգային կոնվենցիայով ամրագրված խաղաղ հավաքների ազատության իրավունքը։ Հետևաբար, Արմեն Հովհաննիսյանը դեռ այսօր էլ մարդու իրավունքների խախտման զոհ է համարվում և կրում է իշխանությունների կայացրած որոշման հետևանքները, նշված է Ստրասբուրգի դատարանի վճռի մեջ։

«Ես կարծում եմ, որ մեր բացասական էջերից մեկը արդեն փակված է: Այսօր ժողովուրդն ընդհանրապես վախի մթնոլորտում չի գտնվում, էս ընտրությունները անկախ նրանից՝ ինչպիսի իշխանություններ կձևավորվեն, մարդիկ հնարավորություն ունեն ազատ կատարել իրենց կամքը ընտրական պրոցեսում և ինչպիսի իշխանության, որ ունենանք, կունանք: Այս ազատության համը արդեն տեսած ժողովուրդն այլևս թույլ չի տա որևիցե իշխանություն, որը կգա և կկրկնի այդ վատ նախադեպերը», - ընդգծեց Հովհաննիսյանը:

2008 թվականից հետո վանաձորցի Արմեն Հովհաննիսյանն այլևս չի զբաղվում քաղաքականությամբ։ Բայց պնդում է, որ իր որոշումը կապված չէ իր նկատմամբ տեղի ունեցած հետապնդումների հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG