Մատչելիության հղումներ

Հայաստանը խստորեն դատապարտում է ահաբեկչության բոլոր դրսևորումները․ Արմեն Սարգսյանի ուղերձը Ջո Բայդենին


Հայաստանը խստորեն դատապարտում է ահաբեկչության բոլոր դրսևորումները և մարդկային արժեքների ոտնահարումը, այսօր ասել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին հղած ուղերձում։

«Միացյալ Նահանգներում տեղի ունեցած 9/11 ահաբեկչական հարձակումից արդեն քսան տարի է անցել: Զոհվել է ավելի քան 3000 հազար անմեղ մարդ՝ ներառյալ ամերիկահայեր, իսկ ավելի քան 10000-ը ստացել են վնասվածքներ: Մեր սրտերը դեռ ցավում են անմեղ զոհերի համար, իսկ մեր աղոթքները ողջ մնացածների և նրանց ընտանիքների հետ են», - ըստ նախագահի գրասենյակի՝ ԱՄՆ-ում ահաբեկչական հարձակման 20-րդ տարելիցի կապակցությամբ իր ուղերձում ասել է Արմեն Սարգսյանը՝ նշելով, որ Հայաստանը կանգնած է ամերիկյան ժողովրդի կողքին՝ ի պաշտպանություն ազատության և խաղաղության գաղափարների:

Ահաբեկչությունը և այլ վնասակար գործողությունները չպետք է գոյություն ունենան աշխարհում, նշել է Սարգսյանը՝ շեշտելով՝ Հայաստանն արդեն ցույց է տվել միջազգային այդ պայքարին աջակցելու իր հանձնառությունը։

2001 թվականի սեպտեմբեր 11-ին «Ալ-Ղայդայի» մահապարտ ահաբեկիչներն առևանգել են 4 ուղևորատար ինքնաթիռներ, որոնցից երկուսը մխրճվել են Նյու Յորքում Առևտրի համաշխարհային կենտրոնի զույգ երկնաքերերի մեջ, մեկը հարվածել է Պենտագոնի համալիրին և ևս մեկը, որում պայքարի մեջ են ներքաշվել ահաբեկիչները և ուղևորները, վայր է ընկել Պենսիլվանիայի նահանգում:

Ահաբեկչության հետևանքով զոհվել է մոտ երեք հազար մարդ, նրանցից ավելի քան 2 հազար 600-ն ավերված երկնաքերերում:





XS
SM
MD
LG