Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի, այսօր հայտարարել է Սերբիայի Ազգային ժողովի նախագահ Իվիցա Դաչիչը՝ Վիեննայում Հայաստանի Ազգային ժողովի նախագահի հետ հանդիպման ժամանակ։
Ալեն Սիմոնյանը Վիեննայում է Խորհրդարանների նախագահների 5-րդ համաշխարհային համաժողովի շրջանակներում։ Սա Սիմոնյանի առաջին արտասահմանյան այցն է խորհրդարանի խոսնակի պաշտոնը ստանձնելուց հետո։
Երկու երկրների խորհրդարանների ղեկավարներն անդրադարձել են հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակին, Սիմոնյանը ներկայացրել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների ազատ արձակման աշխատանքների վերաբերյալ տեղեկություններ:
Դաչիչը վերահաստատել է բոլոր ասպարեզներում Հայաստանի հետ համագործակցությունը խորացնելու պատրաստակամությունը։