Մատչելիության հղումներ

Բելառուսական ընդդիմության առաջնորդները դատապարտվել են երկարատև ազատազրկման


Մինսկի շրջանային դատարանը հրապարակեց Բելառուսի ընդդիմության համակարգող խորհրդի նախագահության անդամների՝ Մարիա Կոլեսնիկովայի և Մաքսիմ Զնակի գործով դատավճիռը: Կոլեսնիկովան ստացել է 11 տարվա ազատազրկում, Զնակը՝ 10 տարվա: Մեղադրող կողմը նրանց համար պահանջում էր 12 տարվա ազատազրկում:

Կոլեսնիկովան և Զնակը մեղավոր են ճանաչվել ազգային անվտանգությանը վնաս հասցնելու հրապարակային կոչերի, ծայրահեղական խմբի ստեղծման և հակասահմանադրական ճանապարհով իշխանությունը զավթելու դավադրության մեջ: Դատավարությունից մանրամասներ չկան, այն անցել է դռնփակ:

Հետաքննությունը համակարգող խորհուրդը համարել է «ծայրահեղական կազմավորում», որի իրական նպատակն էր իշխանության զավթումը և հասարակության մեջ թշնամանքի հրահրումը:

Հետաքննությունը պնդել է, որ Կոլեսնիկովան և Զնակը կոչ են արել զավթել պետական իշխանությունը՝ օգտագործելով լրատվամիջոցներն ու ինտերնետը։ Կոլենսիկովայի փաստաբան Վլադիմիր Պըլչենկոն, սակայն, ասում է, թե հայտնի չէ` որ հայտարարություններն են նման կոչեր պարունակում: Դատախազության հաղորդագրության մեջ ասված է, որ նրանք «հրապարակայնորեն հնչեցրել են ընտրություններում թեկնածու Սվետլանա Տիխանովսկայայի հաղթանակի մասին հայտարարություններ», խոսել են «իշխանությունների նկատմամբ Բելառուսի ժողովրդի կողմից վստահության կորստի մասին» և կոչ են արել գործադուլներ սկսել:

Մարիա Կոլեսնիկովան և Մաքսիմ Զնակն ակտիվ դերակատարություն են ունեցել անցած տարի նախագահական ընտրություններում Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարած հաղթանակի դեմ զանգվածային փողոցային բողոքի ակցիաներում: Կոլեսնիկովան դարձել էր բողոքի ամենաճանաչելի դեմքերից մեկը:

Նրա այս դատավճռիռն անսպասելի չէր, ավելի վաղ ընդդիմադիր քաղաքական գործիչ, «Գազպրոմի» նախկին թոփ մենեջեր Վիկտոր Բաբարիկոն ստացել էր ազատազրկման 14 տարի, իսկ Մարիա Կոլենսիկովան Բաբարիկոյի թեմակիցն է։ Նրա քույրը Տատյանա Խոմիչը դատավարության նախօրեին կարծիք էր հայտնել, որ դատավճիռը հենց այսպիսին է լինելու. «Ինչքան շատ են վախենում Բելառուսի իշխանություններն այս կամ այն ընդդիմադիր գործչից կամ քաղաքական ակտիվիստից, այնքան խիստ է լինում դատավճիռը։ Սա իրականում խոսում է այն մասին, որ Բելառուսի իշխանությունները չափազանց վախենում են ընդդիմությունից»:

Մեկ տարի առաջ բելառուսական ընդդիմության ամենահայտնի գործիչներից մեկին՝ Կոլենսիկովային Բելառուսի իշխանությունները ձերբակալել և տեղափոխել էին բելառուսա-ուկրաինական սահման, սակայն անցակետում նա պատռել էր իր անձնագիրը` հրաժարվելով լքել երկիրը։ Նա շուրջ մեկ տարի բանտում է, իսկ դատավարությունից առաջ հայտարարել էր, թե պատրաստ է ցանկացած դատավճռի։

Ավելի վաղ Կոլեսնիկովան հրաժարվել էր մասնակցել այդ երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպմանը բանտում։ Հանդիպման մասնակից մյուս ընդդիմադիրներին իշխանությունները հետո ազատ էին թողել։

Ռուսաստանի քաղաքացի Իրինա Վիկխոլմը մայիսի վերջից գտնվում է Բրեստի նախաքննական կենտրոնում՝ Ալեքսանդր Լուկաշենկոյի դեմ զրպարտության մեղադրանքով, հայտնում է բելառուսական «Վիասնա» իրավապաշտպան կազմակերպությունը:

Նշվում է, որ Վիկխոլմի գործը դատարան է ուղարկվել սեպտեմբերի 1-ին: Ըստ մեղադրող կողմի՝ ռուսաստանցի կինը Twitter-ում տեղադրել է Բելառուսի նախագահի լուսանկարը և «զրպարտչական տեղեկատվություն Լուկաշենկոյի կողմից ահաբեկչություն և օդային ծովահենություն կատարելու մասին»: Բելառուսի օրենսդրության համաձայն՝ երկրի նախագահի նկատմամբ զրպարտության համար առավելագույն պատիժը հինգ տարվա ազատազրկումն է:

Հավելենք, այս շաբաթ` սեպտեմբերի 9-ին Բելառուսի նախագահը հանդիպելու է Ռուսաստանի նախագահի հետ, սպասվում է, որ նրանք վերջապես ստորագրելու են Ռուսաստանի և Բելառուսի ինտեգրման ճանապարհային քարտեզը։

Այն, որ Լուկաշենկոն ստիպված է լինելու համաձայնության գալ Կրեմլի հետ և գնալ ինտեգրման, վերլուծաբաննները սկսեցին խոսել անցած տարի օգստոսին, երբ Բելառուսում կայացած նախագահական ընտրություններից հետո այդ երկրում սկսվեցին մարդաշատ բողոքի ակցիաներ, և երբ Արևմուտքը հայտարարեց, որ չի ճանաչում նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքները։

Լուկաշենկոյին այն ժամանակ հաջողվեց պահպանել իշխանությունը մեծամասամբ Մոսկվայի ակտիվ աջակցության շնորհիվ։

XS
SM
MD
LG