Մատչելիության հղումներ

ԵՄ-ը կոչ է անում Լուկաշենկոյին՝ ազատ արձակել քաղբանտարկյալներին, ներգրավվել վստահություն ներշնչող քաղաքական գործընթացում


«Բելառուսի ժողովուրդը խաղաղ ճանապարհով պայքարում է Լուկաշենկոյի ռեժիմի կողմից անտեսվող օրենքի գերակայության, երկրի միջազգային պարտավորությունների, այդ թվում՝ մարդու իրավունքների համար, բայց ռեժիմը սկսել է լավ կազմակերպված բռնաճնշումների արշավ ու ահաբեկումներ սեփական քաղաքացիական հասարակության և իրավապաշտպանների դեմ», - ասել է է Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելը՝ Բելառուսի՝ 2020-ի օգոստոսի 9-ի նախագահական ընտրությունների մեկ տարին լրանալու կապակցությամբ իր հայտարարությունում։

Նրա խոսքով՝ սիստեմատիկ ոչնչացվում են ոչ կառավարական կազմակերպություններն ու անկախ լրատվամիջոցները՝ վերջնական նպատակ հետապնդելով խլացնել մնացած անկախ ձայներն ու ոչնչացնել քաղաքացիական հասարակությունը։

«Լուկաշենկոյի ռեժիմը հաշվեհարդար է տեսնում սեփական հասարակության հետ՝ հետևողականորեն խորացնելով պառակտումը բելառուս ժողովրդի հետ։ Ընդդիմության և ժողովրդավարամետ ուժերի ներկայացուցիչները, ինչպես նաև բոլոր խավերը ներկայացնող հազարավոր քաղաքացիներ կա՛մ զոհվել են՝ չպարզված հանգամանքներում, կա՛մ՝ ձերբակալվել, կամ հեռացել են երկրից՝ դառնալով տարագիր», - նշված է հայտարարությունում։

Ժոզոպ Բորելը նշել է, որ մարդիկ ենթարկվում են կամայական ու անհիմն ձերբակալությունների, խախտվում է նրանց արդար դատավարության իրավունքը, խոշտանգումների ենթարկվելու մասին փաստաթղթավորված հարյուրավոր դեպքեր կան, որոնք մնացել են անպատիժ։

Նա հիշեցրել է նաև Ryanair ավիաընկերության օդանավը Մինսկում հարկադրաբար իջեցնելու ու ընդդիմադիր բլոգերին ձերբակալելու միջադեպը, ինչպես նաև անօգնական միգրանտներին քաղաքական նպատակներով օգտագործելու ներկայիս քայլերը, ինչը նա գնահատել է ռեժիմի կողմից միջազգային հանրությանը նետած ավելի մեծ մարտահրավեր։ Նա նշել է, որ Բելառուսի լեհական համայնքը ևս դարձել է ռեժիմի թիրախ։

«Եվրամիությունն իր գործընկերների և համախոհների հետ բաց և միասնական կոչ է անում Լուկաշենկոյի ռեժիմին՝ դադարեցնել բռնաճնշումները։ Քաղաքական ճգնաժամը հաղթահարելու միակ միջոցը բազմակողմ ազգային երկխոսություն սկսելն է»,- ասել է Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով բարձր հանձնակատարը և նշել, որ Եվրամիության պատժամիջոցների չեղարկումը հնարավոր է միայն այն ժամանակ, երբ Բելառուսի իշխանությունները հավատարիմ լինեն ժողովրդավարության և օրենքի գերակայության սկզբունքներին, հարգեն մարդու իրավունքները և դադարեցնեն բոլոր բռնաճնշումները։

«Ռեժիմը պետք է ազատ արձակի ավելի քան 600 քաղբանտարկյալների և ներգրավվի վստահություն ներշնչող քաղաքական գործընթացում, որի արդյունքը կլինի ազատ և արդար ընտրությունների անցկացումը՝ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ներքո»,- հայտարարել է Բորելը։

Նա հավաստիացրել է, որ, երբ Բելառուսը կանգնի ժողովրդավարական բարեփոխումների ճանապարհին, Եվրամիությունը պարտավորվում է օգնել՝ կայունացնելու երկրի տնտեսությունը, բարեփոխել ինստիտուտները՝ դրանք դարձնելով ավելի կայուն և ժողովրդավար, նոր աշխատատեղեր ստեղծել, բարձրացնել մարդկանց կենսամակարդակը, այդ թվում՝ տնտեսությանը աջակցության նպատակով, համալիր ծրագրերով, հատկացնել 3 միլիարդ եվրո։

Նա նաև առաջարկել է բոլոր մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար պաշտպանել միջազգային նախաձեռնությունները, մասնավորապես, ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի և Բելառուսի համար միջազգային պլատֆորմի միջոցով։

«Եվրամիությունը կշարունակի աջակցել ժողովրդավար, անկախ, ինքնիշխան, բարեկեցիկ և կայուն Բելառուսին։ Բելառուս ժողովրդի ձայնը և կամքը չի խեղդվի», - հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության բարձր հանձնակատարը։

XS
SM
MD
LG