Մատչելիության հղումներ

Փաշինյանն ու բարձրաստիճան պաշտոնյաները չեն այցելում Արցախ, որ ավելի չսրեն հայ-ադրբեջանական հարաբերությունները. Թաթուլ Հակոբյան


Արցախի անկախության հռչակման 25-ամյակը, Ստեփանակերտ, արխիվ
Արցախի անկախության հռչակման 25-ամյակը, Ստեփանակերտ, արխիվ

Վարչապետ Փաշինյանն Արցախ չի մեկնում, որ չսրի հայ-ադրբեջանական լարված հարաբերությունները, կարծում է «Անի» հետազոտական կենտրոնի համակարգող Թաթուլ Հակոբյանը։

«Ադրբեջանին պատրվակ էր պետք ճանապարհ փակելու, Հայաստանի տարածք ներխուժումներ կատարելու, և դա է պատճառը, որ կարծում եմ` պաշտոնական Երևանը փորձում է իր կողմից հավելյալ լարվածություն չմտցնել», - ասում է նա:


44-օրյա պատերազմում պարտությունից հետո Փաշինյանն Արցախ չի մտել։ Երեկ Արցախի անկախության հռչակման 30-ամյակն էր, միայն շնորհավորական ուղերձ էր հղել և անգամ իր ֆեյսբուքյան իր էջում դա չէր տեղադրել։

«Եթե մենք այսօր կարողանայինք պատշաճ պատասխան տալ ադրբեջանական քայլերին, ապա կարելի էր գնալ, և կարելի էր դեմոստրատիվ գնալ Արցախ, բայց քանի որ Հայաստանի ղեկավարներն այս իմասոտվ բավականին խոցելի են, նրանք նախընտրում են չգնալ նման քայլերի», - նշում է Թաթուլ Հակոբյանը:

Այսպես էր նաև խորհրդային տարիներին, հիշեցնում է փորձագետը. Հայաստանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզ խուսափում էին այցելել, քանի որ Բաքվին դա նյարդայնացնում էր. «Հայաստանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղի այն ժամանակվա Ինքնավար Մարզ խուսափում էին այցելել, որովհետև Բաքվում դա շատ նյարդային էր ընկալվում, քանի դեռ այս իշխանությունը չի կարողանում պատշաճ արձագանքել ադրբեջանական կողմի հայտարարություններին, քայլերին, այդ թվում` ռազմական ներխուժումներին, ես կարծում եմ` նրանք կխուսափեն հավելյալ ոչ միայն Արցախ այցելելուց, այլ նաև հավելյալ քայլերից, որոնք կարող են հավելյալ լարվածություն մտցնել Երևան-Բաքու շփումներում, հարաբերություններում»:


Նոյեմբերի 9-ի հայտարարությունը ստորագրելուց երկու ամիս անց Հայաստանից Արցախ մեկնած բարձրաստիճան պաշտոնյան արտաքին գործերի նախկին նախարար Արա Այվազյանն է եղել, Ադրբեջանից սուր արձագանքեցին։ Բաքուն այն որակեց սադրանք ու լարվածություն հրահրելու փորձ։ «Երևանը պետք է ընդունի տարածաշրջանի փոփոխությունները»,- հայտարարել էին Ադրբեջանի արտգործնախարարությունից։

Բաքվի արձագա՞նքն է կաշկանդում Փաշինյանին, հարցրինք Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանին։ «Ո՛չ», - եղավ նրա պատասխանը:
Ինչո՞ւ 44-օրյա պատերազմից ու Արցախի մեծ մասը կորցնելուց հետո Փաշինյանը ոչ մի անգամ չի եղել այնտեղ, Աղաջանյանը չցանկացավ հարցին պատասխանել. «Մնացածի հետ լապված կառավարությունից փորձեք մեկնաբանություն խնդրել»:

Կառավարությունից միայն բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատրյանը երեկ հայտարարեց, որ բարձրագույն իշխանության Արցախ չմեկնելը քաղաքական որոշում է, բայց որոշման պատճառներին չանդրադարձավ։ Արցախ էր մեկնել Ազգային ժողովի իշխանական ու ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչների պատվիրակություն՝ խորհրդարանի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանի գլխավորությամբ։ Ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորները պնդում էին, որ Փաշինյանի կառավարությունը Ադրբեջանի պարտադրանքով չի մեկնում Արցախ։ Իշխանական պատգամավոր Աղաջանյանը հակադարձում է. «Ես մեկ բան ընդամենը կարող եմ ասել, որ Հայաստանի կառավարությունը երբեք չի կարող Ադրբեջանի պարտադրանքով որևէ գործողություն անել: Մեկը մյուսի հետ կապելը բացարձակ անհիմն է»:

Արխիվ
Արխիվ

Պատերազմից առաջ Արցախի անկախության տոնը նշվել է Հայաստանից մեկնած բարձրաստիճան պաշտոնյաների գլխավորությամբ՝ պատկառելի կազմով։ Արտաքին հարցերի հանձնաժողովի իշխանական անդամ Անուշ Բեղլոյանի կարծիքով՝ կառավարությունը Հայաստանի հարցերով պետք է զբաղվի. «Հայաստանի Հանրապետությունն ունի լուրջ մարտահրավերներ, և այս պահին իշխանության բոլոր ճյուղերը պետք է աշխատեն իրենց առաջնահերթություններն իրենց նախասիրություններին զոհաբերել և զբաղվեն նրանով, ինչով պետք է ՀՀ-ին այս պահին: Եթե նպատակահարմար է եղել վարչապետին այլ հարցերով զբաղվել այդ պահին, այդպես է ստացվել, այդպես է ստացվել»:

Դիտարկմանը, որ վարչապետն արձակուրդում է, նա արձագանքեց. «Ավելի լավ»:

Իսկ մինչև ե՞րբ են վարչապետը, արտգործնախարարը, խորհրդարանի ղեկավարն ու այլ բարձրաստիճան պաշտոնյաներ խուսափելու արցախյան այցերից։ Ըստ Թաթուլ Հակոբյանի՝ այնքան ժամանակ, մինչև կարողանան պատշաճ արձագանքել Բաքվի կոշտ հայտարարություններին, քայլերին ու ռազմական սպառնալիքներին. «Այս ամենն ինչն այս պարտության հետևանքներն են»:

Արցախի անկախության առթիվ Փաշինյանի հղած շնորհավորական ուղերձը ևս Բաքուն անարձագանք չի թողել։ Նիկոլ Փաշինյանն ասել էր, թե «հակամարտությունը սպասում է իր համապարփակ կարգավորմանը՝ խաղաղ գործընթացի միջոցով, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության կողմից առաջարկված և պաշտպանվող հանրահայտ սկզբունքների հիման վրա»։

Բաքվից սպառնում են. «Այսուհետ ադրբեջանական տարածքներին ներկայացվող ցանկացած պահանջ և անջատական միտումները հրահրելու ցանկացած փորձ վճռականորեն կանխվելու է՝ արժանանալով համարժեք պատասխանի»:

XS
SM
MD
LG