Մատչելիության հղումներ

Նախարար. Քովիդով վարակված մի երիտասարդ է մահացել, ևս մեկը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում


Անցած օրվա ընթացքում Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսից մահվան վերջին ամիսների համեմատ ամենամեծ թիվը՝ քովիդը մեկ օրում խլել է 19 մարդու կյանք։

Առողջապահության նախարարն ահազանգում է, որ հիվանությունից մինչև 30 տարեկան մի երիտասարդ է մահացել, նաև, որ «դելտա» շտամով վարակվածների մոտ հիվանդությունը շատ ծանր է ընթանում։ Ավանեսյանը մտահոգիչ համարեց նաև այն, որ երեկ կատարված 6394 թեսթերի 10 տոկոսն արդեն դրական է եղել։

«Նախորդ շաբաթվա ընթացքում ես հրապարակել էի, որ ունեինք 20-28 տարեկան երիտասարդներ: Պիտի ասեմ ցավով, որ նրանցից մեկը մահացել է: Այս պահին էլ ունենք 18 տարեկան երիտասարդ, որը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում», - հայտնեց նախարարը:

Համաճարակի բռնկման առաջին օրվանից «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցն ընդունում է քովիդով հիվանդներին: Փոխտնօրեն Նաիրա Ստեփանյանն իրենց կլինիկայի փորձով է համոզվել՝ հատկապես շրջանառվող «դելտա» շտամը շատ արագ է մարդուն հիվանդանոց, երբեմն նաև՝ վերակենդանացման բաժանմունք հասցնում, և տարիքն ըստ նրա` կապ չունի. «Պացիենտների հոսքը, արդեն կլինիկական ցուցումներ դեպի հիվանդանոց շատանում է: Դեպքերի ծանրացում, դեպքերի որոշակի բացթողումներ և արդեն ծանր դեպքերով հիվանդանոցային շտապ հոսպիտալացումներ: Բոլոր կլինիկաների ծառայության ղեկավարները, կլինիկական աշխատանք իրականացնողներն ահազանգում են դեպքերի ծանրանալու և դեպքերի դեպքերի երիտասարդանալու հետ կապված»:

Մասնագետները որպես քովիդից պաշտպանվելու ամենաարդյունավետ միջոց պատվասումներն են համարում։ Երեկվա դրությամբ Հայաստանում կատարվել է 293 հազար 955 պատվաստում, որից 188 հազար 895 մարդ դեռ առաջին դեղաչափն է ստացել, 105 հազար 61-ը՝ երկրորդ։ Տարածաշրջանում Հայաստանը պատվաստման ցուցանիշով վերջին տեղում է։ Այդուհանդերձ, առողջապահության նախարարն այսօր կառավարության նիստում հայտարարեց, որ պատվաստվել ցանկացողների թիվն աստիճանաբար ավելանում է:

«Եթե մարտ ամսին հարցվածների միայն 10 տոկոսն էր հնարավոր համարում պատվաստումը, վերջերս իրականացված հարցումները լրիվ այլ պատկեր են ցույց տալիս, և 40 տոկոսից ավելի քաղաքացիներ, այո, դիտարկում են պատվաստումը որպես շատ կարևոր գործիք և պատրաստ են պատվաստվելու», - ասաց նա:

Արդեն կառավարության նիստից հետո լրագրողները հետաքրքրվեցին նախարարից՝ պատվաստված քաղաքացիների մոտ բարդություններ արձանագրվե՞լ են:

«Այս պահի դրությամբ մոտ 290 հազարից ավելի պատվաստում ենք իրականացրել, որևէ լուրջ ետպատվաստումային բարդություն չենք արձանագրել», - պատասխանեց Ավանեսյանը:

Հայաստանում քովիդով հիվանդների բուժմամբ զբաղվող 14 հիվանդանոցների 1600 մահճակալներից 1400-ն արդեն զբաղված են, 650 մարդ գտնվում է ծանր, 126-ը՝ ծայրահեղ ծանր վիճակում, 51 մարդ էլ շնչում է բացառապես թոքերի արհեստական օդափոխման ապարատի միջոցով։ Այս պահին 9625 մարդ փաստացի բուժվում է քովիդից։

Չնայած վարակի տարածման այս թվերին, հատկապես փակ տարածքներում քչերն են դիմակ կրում։ Ինչո՞ւ պատշաճ վերահսկողություն չի իրականացվում, այս հարցին ի պատասխան` առողջապահության նախարարն ընդունեց, որ կան թերություններ, բայց ընդգծեց` դա տեսչական մարմնի պարտականությունն է. «Իհարկե, ունենք տրանսպորտը, որտեղ լավ չեն հետևում այդ կանոններին, մետրոն, որոշ նաև սուպերմարկետներ, աշխատանքային վայրեր: Ինքս շատ լավ տեսնում եմ, փողոցում քայլելիս դա շատ լավ հասկանում եմ և նշում եմ` այո, մենք տեղ ունենք բարելավելու մեր վերահսկողական մասը»:

Օրերս Հայաստան ներկրվեց ևս 15 հազար դեղաչափ «Սպուտնիկ Վի» պատվաստանյութ, այն հասանելի կլինի միայն նրանց համար, որոնք առաջին դեղաչափը ստացել են և պատրաստվում են երկրորդին։ 18 տարեկանից բարձր բոլոր քաղաքացիների համար առայժմ հասանելի են բրիտանաշվեդական «Աստրազենեկան» և չինական «Սինոֆարմը»։ Առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ աշնանը Հայաստանում կլինեն նաև արդեն «Փֆայզեր», «Ջոնսոն ընդ Ջոնսոն» և «Նովավաքս» պատվաստանյութերը։

XS
SM
MD
LG