Մատչելիության հղումներ

Միրզոյան. Եթե Ադրբեջանը վերադառնա մայիսի 11-ի դրությամբ եղած դիրքեր, ապա բարենպաստ պայմաններ կստեղծվեն սահմանագծում սկսելու համար


Հայկական կողմը հետևողականորեն առաջ է մղելու Արցախի ժողովրդի ինքնորոշման, իր հայրենիքում ազատ և արժանապատիվ ապրելու իրավունքի իրացումը, հայտարարում է Հայաստանի նորանշանակ արտգործնախարարը: Արարատ Միրզոյանը ռուսական «Ռիա Նովոստի»-ի հետ զրույցում նաև շեշտել է` սահմանազատման և սահմանագծման շուրջ բանակցություններ չկան։

«Այս պահին ընթանում են բանակցություններ, որոնց արդյունքները ցույց կտան պաշտոնական Բաքվի՝ համաձայնության գալու կարողության աստիճանը», - ասել է նա:

ՀՀ-ն պատրաստ է վերսկսել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը

Արարատ Միրզոյանը վերահաստատել է ու հիշեցրել` Հայաստանը բազմիցս ամենաբարձր մակարդակով հայտարարել է, որ պատրաստ է վերսկսել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը՝ հայտնի սկզբունքների հիման վրա: «Այն է՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառում, ժողովուրդների իրավահավասարություն և ինքնորոշման իրավունք և տարածքային ամբողջականություն:

Հայկական կողմը հետևողականորեն առաջ է մղելու Արցախի ժողովրդի ինքնորոշման, իր հայրենիքում ազատ և արժանապատիվ ապրելու իրավունքի իրացումը», - նշել է նախարարը:

Հարցին, թե ե՞րբ կսկսվեն Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների սահմանազատման և սահմանագծման բանակցությունները, նա պատասխանել է. «Սահմանազատման և սահմանագծման շուրջ բանակցություններ չկան։ Այս պահին ընթանում են բանակցություններ, որոնց արդյունքները ցույց կտան պաշտոնական Բաքվի՝ համաձայնության գալու կարողության աստիճանը, ինչպես նաև վերջինիս պատրաստակամությունը՝ հրաժարվելու միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների կոպիտ խախտմամբ արհեստական օրակարգ նախաձեռնելու քաղաքականությունից»: Միրզոյանի խոսքով` եթե Ադրբեջանը կառուցողական դիրքորոշում որդեգրի և իր զորքերը դուրս բերի Հայաստանի ինքնիշխան տարածքից, այսինքն՝ վերադառնա այս տարվա մայիսի 11-ի դրությամբ եղած դիրքեր, ապա բարենպաստ պայմաններ կստեղծվեն սահմանազատման և սահմանագծման գործընթաց սկսելու համար։

Կպահպանվի՞ արդյոք Ռուսաստանի մասնակցությամբ եռակողմ ձևաչափը, թե այդ գործընթացում կներգրավվեն Մինսկի խմբի մյուս միջնորդ երկրները կամ միջազգային կազմակերպությունները, ինչպիսիք են՝ ՄԱԿ-ը կամ ԵԱՀԿ-ն, Հայաստանի արտաքին քաղաքականության պատասխանատուն ասել է. «Նշված բանակցություններն ընթանում են ռուսական կողմի անմիջական մասնակցությամբ, և մենք հույս ունենք, որ այդ հարցի լուծումը հնարավոր կլինի այնպիսի քննարկումների ընթացքում, որի պարագայում Ձեր կողմից նշված կառույցներին դիմելու անհրաժեշտություն չի լինի»:

«Իրավիճակը պետք է լուծվի Հայաստանից ադրբեջանական զինված ստորաբաժանումների անհապաղ և անվերապահ դուրս բերմամբ»

3.5 ամիս է` ադրբեջանական կողմը ներխուժել է հայկական տարածքներ՝ դիրքավորվել են տարբեր բարձունքների: Հայաստանի կառավարության ղեկավարն առաջարկել էր Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով տեղակայել ռուս սահմանապահների հենակետեր և ՀԱՊԿ դիտորդական առաքելություն:

Լրագրողը հետաքրքրվել է` ընթանում են արդյո՞ք կոնկրետ բանակցություններ այդ առաջարկների շուրջ, և ռուսական կողմը հետաքրքրություն հայտնե՞լ է այդ հարցի առնչությամբ։

«Այս տարվա մայիսի 12-ից մենք բախվեցինք մի իրավիճակի, երբ Ադրբեջանի զինված ստորաբաժանումները մուտք գործեցին Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք, ինչը լի է պայթյունավտանգ հետևանքներով», - հիշեցրել է արտգործնախարարը` հավելելով, որ դա անթույլատրելի է, և իրավիճակը պետք է լուծվի Հայաստանի տարածքից ադրբեջանական զինված ստորաբաժանումների անհապաղ և անվերապահ դուրս բերմամբ։

«Այս համատեքստում Հայաստանի համապատասխան սահմանամերձ շրջաններում սահմանապահների և դիտորդական առաքելության վերաբերյալ նախաձեռնությունները պետք է դիտարկել որպես ադրբեջանական կողմի ռազմատենչ նկրտումների զսպմանն ու արյունահեղությունից խուսափելուն ուղղված քայլ», - նկատել է նա։

Խաղաղապահների տեղակայման ժամկետի մասին

Ինչ վերաբերում է խաղաղապահ զորակազմի տեղակայման երկարացման հնարավորությանը, ապա Միրզոյանը կրկին հիշեցրել է` 5-ամյա ժամկետն ինքնաբերաբար երկարաձգվում է, եթե կողմերից մեկը նախապես չհայտարարի այդ դրույթի իրականացումը դադարեցնելու իր մտադրության մասին: Նա կարևորել է ռուս խաղաղապահների ներկայությունը Արցախի ժողովրդի անվտանգության և կյանքի իրավունքի ապահովման գործում` նաև մեջբերելով Հայաստանի կառավարության հնգամյա ծրագիրը:

Միաժամանակ Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ Ադրբեջանը ոչ միայն մինչ օրս չի ստորագրել խաղաղապահների մանդատը, այլև ուժեղ հակաքարոզչություն է իրականացնում Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահ առաքելության դեմ. «Ավելին՝ Ադրբեջանը մշտապես փորձում է կասկածի տակ դնել խաղաղապահ առաքելության նպատակահարմարությունն ու արդյունավետությունը։ Այս համատեքստում պետք է դիտարկել նաև խաղաղապահների պատասխանատվության գոտիներում հայ զինծառայողների գերեվարման դեպքերը»։

Արտաքին գործերի նախարարը նաև անդրադարձել է հայ-ռուսական հարաբերություներին` պնդելով` Երևանը բազմիցս՝ և՛ խոսքով, և՛ գործով, ի ցույց է դրել իր հետևողականությունը հայ-ռուսական ռազմավարական դաշնակցային հարաբերությունների զարգացման գործում:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG