Մատչելիության հղումներ

Հայաստանը նշում է Գիտելիքի և դպրության օրը


Այսօր Հայաստանը մի կողմից գործազրկության ու աղքատության լուրջ խնդիր ունի, մյուս կողմից մասնագետների պակաս, Գիտելիքի ու դպրության օրվա կապակցությամբ իր ուղերձում ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ արձանագրելով՝ աշխատաշուկայում որակյալ ճարտարագետների, գյուղատնտեսների, ֆինանսիստների, խոհարարների, զոդողների, խառատների մեծ պահանջարկ կա, որ հնարավոր չի լինում լրացնել մասնագետների պակասի պատճառով։

Սրանք, ինչպես վարչապետն է նշել, ի ցույց են դնում կրթական համակարգի խնդիրները։

Ընդգծելով, որ կրթական ոլորտի բարեփոխումները կառավարության առաջնային անելիքների ցանկում են՝ Փաշինյանը հիեցրել է կառավարության ընդունած նախադպրոցական կրթության և հանրակրթության պետական չափորոշիչների, մանկավարժական կադրերի որակավորման բարձրացման մեխանիզմների գործարկման մասին, որը պիտի զուգորդվի նաև աշխատավարձերի բարձրացմամբ։

Նա ասել է, որ կառավարությունն էական փոփոխություններ է նախաձեռնել միջին մասնագիտական և բարձրագույն կրթության ոլորտում, իսկ մանկավարժական և ռազմական կրթության համակարգերի բարեփոխումներն իրենց առաջիկա կարևորագույն անելիքներից են։

«Նաև՝ առաջիկա 5 տարիների ընթացքում պատրաստվում ենք կառուցել կամ նորոգել շուրջ 500 մանկապարտեզ և 300 դպրոց, հանրապետության բոլոր 1400 դպրոցներում ստեղծել ժամանակակից բնագիտական ու ինժեներական լաբորատորիաներ։ Այս ամենի նպատակը մեկն է՝ որակյալ կրթությունը պիտի սկսվի մանկապարտեզից և պիտի հասանելի լինի բոլոր մարզերի, բոլոր բնակավայրերի բոլոր երեխաներին», - ասել է վարչապետ Փաշինյանն՝ ընդգծելով՝ կրթությունը ցկյանս պրոցես է՝ այս համատեքստում ընդգծելով նաև աշխատաշուկայի պահանջներին համապատասխան՝ վերամասնագիտացման համակարգերի կարևորությունը։

«Գիտելիքի միջոցով բացե՛ք բոլոր դռները»

Գիտելիքի ու դպրության օրվա և նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել նաև նախագահ Արմեն Սարգսյանը։

Շեշտելով, որ ուսումը բացում է ճանապարհը դեպի նոր կյանք ու նոր աշխարհ՝ նախագահը համարձակ ու վստահ լինելու, գիտելիքի միջոցով բոլոր դռները բացելու կոչ է արել։

«Յուրաքանչյուրդ ձեր մեջ հավատացած եղեք, որ կարող եք ձեր գիտելիքներով, եռանդով, հաստատակամությամբ, հավատամքով դրական փոփոխություն բերել, օգտակար լինել Հայրենիքին, Ազգին, Ընտանիքին և, իհարկե, ինքներդ ձեզ», - ասել է Արմեն Սարգսյանը:

«Յյուրաքանչյուր զավակ իր գիտելիքներով պիտի դառնա ուժն ու զորությունը մեր ապահով գալիքի կերտման»

Շնորհավորական ուղերձով է հանդես եկել նաև Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը՝ կարևորելով ջանքերի ներդրումը ուսումնական գործընթացը լավագույնս իրականացնելու համար։

«Ազգիս յուրաքանչյուր զավակ իր գիտելիքներով, հայրենասեր ոգով ու ձգտումներով պիտի դառնա ուժն ու զորությունը մեր հայրենիքի և մեր ապահով գալիքի կերտման», - ասել է Վեհափառ Հայրապետը։

«Զարգացման և բարգավաճման մեկ ճանապարհ կա՝ կրթությունը»

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարար Վահրամ Դումանյանն էլ իր ուղերձում նշել է՝ զարգացման և բարգավաճման մեկ ճանապարհ կա՝ կրթությունը, կրթությամբ՝ հայրենասիրությունն ու աշխարհաճանաչությունը։

Ընդգծելով, որ Հայաստանը կրթական ոլորտի բարեփոխումների փուլում է՝ նախարարը շեշտել է՝ դրանք միտված են «յուրաքանչյուր սովորողից հայրենասեր անհատի, օրինապահ քաղաքացու, արհեստավարժ մասնագետի կերտմանն» ու վստահություն հայտնել, որ «միասին կհաջողեն»:

«Սիրե՛ք կրթությունը, տասնապատկե՛ք ձեր կարողությունները, ձգտե՛ք ձեր ընտրած ոլորտում անել առավելագույնը», - իր ուղերձում ասել է նախարարը՝ եզրափակելով․ - «Թո՛ղ նոր մեկնարկող ուսումնական տարին լինի լույսի և բարության ճանապարհ»։

Կորոնոավիրուսային համավարակով պայմանավորված, առաջին դասարանցիներն այս տարի դպրոց գնացին մեկ օր շուտ՝ օգոստոսի 31-ին, որպեսզի հաստատությունների բակում կուտակումները հնարավորինս քիչ լինեն։ Այս տարի Հայաստանում առաջին դասարան գնաց շուրջ 37 հազար երեխա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG