Մատչելիության հղումներ

Սյունիքում ճանապարհի երկու հատվածի վերաբացման համար, ըստ ՔՊ-ական պատգամավորի, Հայաստանը ոչինչ չի զիջել


Սյունիքի մարզի Գորիս-Կապան միջպետական ճանապարհի երկու հատվածի վերաբացման համար Հայաստանը «ոչինչ չի զիջել, ինչ-որ բանի շուրջ կոմպրոմիս չի եղել»։ Այդ մասին «Ազատության» «Հարցազրույց Կարլեն Ասլանյանի հետ» հաղորդման ժամանակ ասաց Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական Էդուարդ Աղաջանյանը:

Աղաջանյանի խոսքով՝ ճանապարհը բացվել է ռուս սահմանապահների միջնորդությամբ, որի համար շնորհակալ են ռուս գործընկերներից։

Օգոստոսի 25-ին ադրբեջանցիները նախ փակեցին Կապան-Գորիս միջպետական ճանապարհի Կարմրաքար-Շուռնուխ հատվածը, ավելի ուշ նաև Գորիսից Որոտան հատվածը։ Ճանապարհը բացելու հարցով ադրբեջանական կողմի հետ բանակցում էին Հայաստանի սահմանապահ զորքերն ու Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության սահմանապահները։ Օգոստոսի 27-ին Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը հաղորդեց, որ ճանապարհները վերաբացվել են։

Գորիս Կապան ճանապարհի 21 կիլոմետրանոց հատվածի որոշ տեղեր խնդրահարույց են․ պատերազմի հետևանքով Կուբաթլուն և Զանգելանն Ադրբեջանին հանձնելուց հետո՝ ճանապարհի որոշ հատվածներ մտնում են ադրբեջանական դարձած տարածքներ:

Էդուարդ Աղաջանյանի հետ հարցազրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև․

«Ազատություն»․ - Երբ վարչապետը Սյունիքի փակված ճանապարհի մասին խոսելիս ադրբեջանական տեղանուններ էր տվել գյուղերին, եթե սխալ եմ, ինձ ուղղեք, Դուք մեկնաբանել եք՝ «դա նշանակում է, որ ադրբեջանական զինուժը հայկական տարածք չի մտել»։ Սրանից կարո՞ղ է բխել, որ Երևանն ընդունում է, որ ճանապարհի այդ երկու հատվածը Ադրբեջանի տարածքով է անցնում։

Էդուարդ Աղաջանյան․ - Սրանից կարելի է բխել, որ այս պահին, դե ֆակտո, սահմանային իրավիճակն այն իրավիճակն է, որը որ դե ֆակտո գոյություն ունի։ Այսինքն՝ կա տվյալ ճանապարհահատվածում երկու կտոր, որոնք, ըստ համապատասխան քարտեզի, որը եռակողմ ձևաչափով համաձայնության արդյունքում ձևավորվել է, տեղակայվել են հայ և ադրբեջանցի զինծառայողները և սահմանապահները, որի արդյունքում մենք ունենք այն պատկերը, որն ունենք։ Ես, երբ ասում եմ, որ այդ տեղանուններն ընկնում են տվյալ ճանապարհահատվածից դեպի արևելք ընկնող հատված, դա չի նախանշում կամ կանխատեսում․․․ ես փորձում եմ նաև կանխատեսել Ձեր հաջորդ հարցը, եթե Դուք նկատի ունեք, թե արդյո՞ք սա նշանակում է, որ հայկական կողմն արդեն իսկ ընդունում է, նախքան սահմանագծման և սահմանազատման գործընթացը սկսելը, որ տվյալ տարածքն ադրբեջանական կամ հայկական է, ո՛չ, ամենևին, հիմնավորման մեջ, երբ ես նշում էի, խոսքը հետևյալում է, որ այլ դեպքում, եթե խոսք գնար կամ ձևակերպումը լիներ Որոտան-Շուռնուխ ճանապարհահատված, կարող էր լինել տպավորություն, որ ադրբեջանական զինված ուժերը տեղակայված են Որոտան կոչվող բնակավայրում, որը հայկական է և որն ընկնում է տվյալ սահմանագծից արևմուտք, հետևաբար Հայաստանի սուվերեն տարածքն է։ Սա է բացատրությունը։

«Ազատություն»․ - Այնուամենայնիվ վաղը-մյուս օր կարող է քարտեզն այլ բան ցույց տալ ճանապարհի այդ երկու հատվածների մասին, և Դուք շտապում եք դրանք ադրբեջանական անվանել, սա է հարցադրումը՝ առանց սահմանագծման և առանց սահմանազատման։

Էդուարդ Աղաջանյան․ - Ամենևին։ Ես կարծում եմ արդեն պատասխանեցի այդ հարցին, ամենևին համաձայն չեմ Ձեր հետևության հետ։

«Ազատություն»․ - Երևանը զիջե՞լ է ինչ-որ բան, կոմպրոմիս եղե՞լ է ինչ-որ բանի շուրջ, որ ճանապարհը բացվել է։

Էդուարդ Աղաջանյան․ - Ո՛չ, ճանապարհը բացվել է ռուս սահմանապահների միջնորդությամբ, այդ թվում՝ արդյունքում, ինչի համար մենք մեր ռուս գործընկերներին շնորհակալ ենք։

«Ազատություն»․ - Բաքուն մինչև բոլորովին վերջերս Մինսկի խմբի մասին լսել չէր ուզում՝ «այդ ձևաչափը սպառել է իրեն, պատերազմով խաղաղություն է հաստատվել, Ղարաբաղի հարցն արդեն լուծված է», բայց երեկ ռուսաստանցի համանախագահն Ադրբեջան է գնացել, արդյո՞ք ինչ-որ գործընթաց սկսվել է, թե՞՝ ոչ, արդյո՞ք նա Երևան էլ է գալու։ Դեռ երկու շաբաթ առաջ՝ օգոստոսի սկզբին, վարչապետն ասել էր, որ «կոնկրետ առաջարկի ենք սպասում և ամենաբարձր մակարդակով պատրաստ են բանակցել Ալիևի հետ»։

Էդուարդ Աղաջանյան․ - Այս պահի դրությամբ որևէ տեղեկություն այս հարցի վերաբերյալ Ձեզ չեմ կարող հաղորդել։ Փաստն ինքնին, որ ԵԱՀԿ Մինսկի ռուս համանախագահողն այց է կատարել Բաքու, կարծում եմ, կարելի է համարել որոշակի դրական ազդակ։ Թե ադրբեջանական կողմն այս այցից ինչ հետևություններ կանի և ինչքանով դիրքորոշման մեջ որոշակի փոփոխություն կլինի, դժվարանում եմ ասել, ժամանակը ցույց կտա, բայց Հայաստանի դիրքորոշումն այս հարցի վերաբերյալ համընկնում է ամբողջությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող բոլոր պետությունների հետ, այդ թվում՝ նաև որպես միջնորդ կազմակերպություն, այն է, որ ղարաբաղյան հիմնախնդրի քաղաքական լուծումը տեղ չի գտել դեռևս, և այս բանակցությունները պետք է շարունակեն նույն ձևաչափով և կողմերին հայտնի սկզբունքների շուրջ, և այս հայտարարությունն ու մոտեցումը հայկական կողմն ամբողջությամբ կիսում է։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև․

XS
SM
MD
LG