Մատչելիության հղումներ

Հայաստանի վարչապետը «հույս ունի, որ Սյունիքի ճանապարհներին իրավիճակը րոպե առաջ կկարգավորվի»


«Ես հույս ունեմ, որ Սյունիքի ճանապարհներին իրավիճակը րոպե առաջ կկարգավորվի», - այսօր, կառավարության նիստի մեկնարկին, հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ շեշտելով․ - «Ադրբեջանը Էյվազլի և Չայզամի հատվածներում փակել է Սյունիքի մարզի հարավային հատվածներ տանող հիմնական ճանապարհը։ Այս գործողությունը հակասում է 2020 թվականի դեկտեմբերին ձեռք բերված պայմանավորվածություններին»։

Երեկ կեսգիշերն անց հայտնի դարձավ, որ զինված ադրբեջանցիները փակել են Կապան-Գորիս միջպետական ճանապարհի Կարմրաքար-Շուռնուխ, ապա Գորիսից դեպի Որոտան տանող հատվածները:

Փաշինյանն այսօր ասաց, որ իր համար միանշանակ է՝ այդ ակցիան արվել է Հայաստանի առաջ քաշած խաղաղության օրակարգին հարվածելու, այդ օրակարգը վարկաբեկելու համար։

Երեկ Ազգային ժողովում գործադիրի ղեկավարը հայտարարեց, որ «չնայած ներքին ու արտաքին սադրանքներին՝ Հայաստանը չպետք է շեղվի իր ռազմավարական գծից, որն է`բոլոր միջոցները ձեռնարկելով պահպանել երկրի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը և առաջ գնալ խաղաղության օրակարգով»։

Վարչապետն այսօր չբացառեց, որ ադրբեջանական կողմից նման միջադեպեր էլի կարող են լինել։ «Ադրբեջանի պահվածքը վկայում է, որ նման միջադեպեր էլի կարող են լինել։ Մեր ծառայությունները պետք է զգոն լինեն և ուշադիր, մյուս կողմից մեզ ամուր նյարդեր են պետք և մենք մեր ռազմավարական գիծը՝ խաղաղության օրակարգը, պիտի զարգացնենք, առաջ տանենք», - ասաց Փաշինյանը՝ նշելով՝ Սյունիքի ճանապարհների իրադրության ստեղծումը անկանխատեսելի չէր։

«Մենք այս ընթացքում աշխատել ենք նոր ենթակառուցվածների ձևավորման ուղղությամբ և շարունակելու ենք աշխատել, սակայն Էյվազլի և Չայզամի հատվածներում ճանապարհների վերաբացումը տարածաշրջանային կայունության շատ լավ խորհրդանիշ կարող է դառնալ», - ասաց գործադիրի ղեկավարը՝ դիմելով փոխվարչապետ Սուրեն Պապիկյանին, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նորանշանակ նախարար Գնել Սանոսյանին․ - «Միջհամայնքային և հանրապետական նշանակության ճանապարհների նորոգման, հիմնանորոգման մեր ծրագրերը, մասնավորապես, Սյունիք մարզում, պիտի իրականացնենք, Տաթև-Աղվանի ճանապարհի հիմնանորոգումը պիտի ավարտվի, մյուս հատվածների ճանապարհաշինական ծրագրերը նույնպես պիտի ավարտենք՝ համայնքների անխափան կապը մարզկետրոնի, միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհների հետ ավելի որակյալ դարձնելու համար»։

Հայաստանը կգնահատի Թուրքիայի կողմից դրական ազդակները

Վերադառնալով տարաշածրջանային խաղաղության թեմային՝ վարչապետը հայտարարեց՝ որոշակի հրապարակային դրական ազդակներ կան Թուրքիայի կողմից։

«Մենք այդ ազդակները կգնահատենք և այդ ազդակներին դրական ազդակով կպատասխանենք», - ասաց գործադիրի ղեկավարը։

Օրերս Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը`Թուրքիայում հավատարմագրված օտարերկրյա դեսպանների հետ հանդիպման ժամանակ, ասել է, որ եթե Հայաստանը դրական քայլեր անի՝ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ուղղությամբ, Թուրքիան համարժեք արձագանք կտա։

«Ղարաբաղյան վերջին պատերազմից հետո այդ ուղղությամբ առաջընթացի համար նոր հնարավորություններ են ստեղծվել», - ասել է Թուրքիայի նախագահը՝։

XS
SM
MD
LG