Մատչելիության հղումներ

Գորիս-Կապան ավտոճանապարհի երկու հատվածներ ադրբեջանական զինուժը շարունակում է փակ պահել, բանակցությունները շարունակվում են


Հայ զինվորը հսկողություն է իրականացնում Շուռնուխի հատվածում, արխիվ

Սյունիքի Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի երկու հատվածներ ադրբեջանական զինուժը շարունակում է փակ պահել. բանակցություններն առայժմ արդյունք չեն տվել, ավելին՝ հայկական կողմը փորձում է կարգի բերել այլընտրանքային ներքին ճանապարհները:

«Բանակցությունները շարունակվում են այս պահին, տեղեկատվություն այս պահին չկա, փորձում ենք երթևեկությունը կազմակերպել Կապան-Աղվանի-Տաթև հատվածով, այլ նորություն չկա», - ասաց Սյունիքի փոխմարզպետ Նարեկ Բաբայանը:

Սունիքի փոխմարզպետի տեղեկացմամբ՝ եռակողմ բանակցություններ են ընթանում։ Երեկ երեկոյից զինված ադրբեջանցիները շուրջ 50 հոգով փակել էին ԷՄ 2 միջպետական մայրուղու Շուռնուխից դեպի Կապան հատվածը, այսօր առավոտյան փակել են Գորիսից դեպի Քարահունջ ու Որոտան հատվածը։

Որոտանի բնակչուհի Նունե Բակունցը պատմեց՝ գյուղ ելումուտը մայրուղով անհնար է դարձել, միայն հացի մեքենան է ռուս խաղաղապահների ուղեկցությամբ գյուղ մտել. «Որոտան էլ չեն թողնում ո՛չ ավտո գա, ո՛չ գնա, գյուղ հացի ավտոն ռուս խաղաղապահներն են բերել հասցրել, որ ժողովուրդը չմնան սոված, դե որտեղի՞ց հաց բերեն: Ժողովուրդը չի իմանում ինչ անի, բոլորը կամուկացի մեջ, վախի մեջ, ոչ անցուդարձ կա, ոչ էլ»:

Որոտան, Շուռնուխ, Բարձրավան բնակավայրերն այժմ մարզկենտրոնից ու մայրաքաղաք տանող գլխավոր ճանապարհներից կտրված են, անտառային արահետների հույսին են, ասում է Շուռնուխի գյուղապետը

«Մենք ստեղից, որ դուրս գանք, պիտի գնանք Որոտան, Որոտանից գնանք Գորիս», - ասաց Շուռնուխ համայնքի ղեկավար Հակոբ Արշակյանը:

«Ազատության» հարցին, իսկ եթե Գորիս-Որոտանը փակ է, համայնքի ղեկավարը պատասխանեց. «Այդտեղ էլ կկանգնենք, որովհետև նրանից հետո երևի թուրքը էդ ճանապարհում կանգնած է, իջնենք Չայզամի, ընդեղ էլ էլի թուրքը կանգնած է»:

Երեկ երեկոյից առաջին ահազանգերը ստացվեցին, որ Շուռնուխից դեպի Կապան՝ Չայզամիի կոչվող հատվածում ադրբեջանցիները փակել են ճանապարհը, հայկական մեքենաները շրջափակման մեջ են՝ ավելի ուշ ռուսների միջնորդությամբ մեքենաները դուրս բերվեցին։ Առավոտյան միայն Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) տեղեկացրեց՝ միջպետական ճանապարհը ադրբեջանական կողմը փակել է։ Աշխատանքներ են իրականացվում ճանապարհը բացելու, մարդկանց և տրանսպորտային միջոցների տեղաշարժի բնականոն աշխատանքը վերականգնելու ուղղությամբ:

Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը շեշտում է՝ ադրբեջանական կողմը որևէ պայման չի նշում. «Դա մեր սահմանապահ զորքերի վերահսկողության տակ գտնվող հատված է, բանակցություններին ներկ են լինելու հայկական կողմի սահմանապահներ, ռուս սահմանապահներ և ադրբեջանական կողմից»:

Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը տեղեկացնում էր, թե երեկ կեսօրից հետո Գորիս-Կապան ճանապարհի մերձակայքում երկու հայ զինծառայողներ հարձակվել են ադրբեջանցի զինծառայող Շիրալիևի վրա և սվինով վնասվածքներ հասցրել: Հայաստանի պաշտպանության նախարարությունը այս ամենը բացարձակ կեղծիք որակեց։ Այսօր խորհրդարանում վարչապետ Փաշինյանն էլ շեշտեց՝ ադրբեջանցիների նշած պատճառը, թե միջադեպ է տեղի ունեցել, իրականությանը չի համապատասխանում:

«Եթե ադրբեջանական կողմը հիմնավորումներ ունի, որ այդպիսի բան եղել է, կոչ ենք անում, որ փոխանցեն մեզ, որպեսզի մենք էլ հետաքննենք, հասկանանք, թե ինչ է», - ասաց վարչապետը:

Գորիս Կապան ճանապարհի 21 կիլոմետրանոց հատվածի որոշ տեղեր խնդրահարույց են, պատերազմի հետևանքով Կուբաթլուն և Զանգելանն Ադրբեջանին հանձնելուց հետո՝ ճանապարհի որոշ հատվածներ մտնում են ադրբեջանական դարձած տարածքներ: Այդ հատվածներում էլ ադրբեջանական կողմը սկսեց ցուցանակներ ու դրոշներ ծածանել: Սյունքիում տարակուսում էին՝ ինչպես են հայկական բնակավայրերն իրար կապող ճանապարհներն ադրբեջանական դառնում, հիմնավորումը խորհրդային քարտեզներում էր՝ որտեղ եղբայրական կոչվող Ադրբեջանն ու եղբայրական Հայաստանը համատեղ էին երթևեկում։

Նիկոլ Փաշինյանն այսօր խորհրդարանում հիշեցրեց դեռ նախորդ տարեվերջին Պաշտպանության նախարարության տարածած հայտարարության մասին, որով Գորիս-Կապան ճանապարհի 21 կմ երկարությամբ հատվածի անվտանգությունը ապահովվում է ռուս սահմանապահների միջոցով։

«Այն ինչ տեղի է ունեցել, հակասում է ինչպես գրված է Պաշտպանության նախարարության 2020 թվականի դեկտեմբերի 19-ի հայտարարության մեջ, պայմանավորվածությանը, որը ձեռք է բերվել Հայաստանի և Ռուսաստանի միջև, և ամրագրվել է այդ պայմանավորվածությունը: Էլի եմ ասում՝ եռակողմ հայտարարություն, ինչի պատրաստման մասին ես ասել եմ, չի ստորագրվել», - հայտարարեց Փաշինյանը:

Այս ճանապարհահատվածի վերաբերյալ եռակողմ փաստաթուղթ չկա, շեշտեց Փաշինյանը: Նա չի համարում, որ այս պահին Սյունիքը Հայաստանից կտրված է՝ ասաց՝ կանխատեսել էինք որ այսպիսի իրավիճակներ կարող են լինել. «Շատ ակտիվ աշխատանքներ ենք անում, այնտեղ կա այլ ճանապարհ, մասնավորապես, Կապան-Աղվանի ճանապարհը, որը մեծ տեմպերով ասֆալտապատվում է, ես նկատի ունեմ՝ Սյունիքի մարզը, իհարկե, Հայաստանից կտրված չէ»:

XS
SM
MD
LG