Մատչելիության հղումներ

«Ադրբեջանը հերքում է անհերքելին»․Թաթոյանը վերահաստատում է՝ ադրբեջանացիները դիտավորյալ են հրդեհում Սոթք և Կութ գյուղերի արոտավայրերը


Մարդու իրավունքների պաշտպանը վերահաստատել է երեկվա իր հայտարարությունը, թե ադրբեջանական զինծառայողները իրենց վրանների մոտից դիտավորյալ հրդեհում են Գեղարքունիքի Սոթք և Կութ գյուղերի հարևանությամբ գտնվող արոտավայրերը։

Պաշտպանն այս կերպ արձագանքել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը, որը հերքում է հրդեհի մասին Թաթոյանի հրապարակած փաստերը։

«Ադրբեջանը հերքում է անհերքելին։ Այս բոլոր փաստերը փոխանցել են գյուղերի բնակիչները: Մենք դա հիմնավոր ստուգել ենք մի քանի աղբյուրից, այդ թվում՝ օբյեկտիվ ապացույցներով», - նշել է Արման Թաթոյանը՝ շեշտելով՝ փաստերն ավելի շատ են, քան՝ հրապարակված են և դրանք բոլորն արձանագրվում և ուղարկվում են միջազգային կազմակերպություններին:

Երեկ Պաշտպանն ահազանգեց, թե ադրբեջանցի զինծառայողները դիտավորյալ հրդեհել են Գեղարքունիքի մարզի Սոթք և Կութ գյուղերի հարևանությամբ գտնվող հայկական արոտավայրերը։ Սոթքի ուղղությամբ հրդեհները մարվել են, իսկ Կութի դեպքում կրակը տարածվել է՝ եղանակային պայմանների պատճառով։ Պաշտպանը կարատվածը համարել է դիվերսիոն հանցագործություն։

Հայաստանի պաշտպանության նախարարությունից էլ հայտարարեցին, որ հրդեհը սկսվել է ադրբեջանական կողմից։

Այսօր Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնեց, որ երեկվանից Կութ գյուղում այրվում է խոտածածկույթ։ Հրդեհն ունի տարածման երկու ուղղություն՝ հարավ-արևելյան և հյուսիս-արևելյան:

Հրդեհի հարավ-արևելյան օջախը մարվել է երեկ ուշ երեկոյան․ այրվել է մոտ 40 հա խոտածածկույթ: Հյուսիս-արևելյան հատվածից մոտ 20 հա ինքնամարվել է, իսկ մոտ 30 հա այրվում է սարի գագաթին․ սահմանվել է հերթապահություն:

XS
SM
MD
LG