Մատչելիության հղումներ

«Էս ինչ ճակատագիր ա, մարդ գերեզմա՞ն էլ չունենա»․ 44-օրյա պատերազմում անհետ կորած զինվորականի կին


Կատյա Բուդաղյանն ասում է՝ ամուսնու բացակայությանը սովոր է` 30 տարվա զինվորական է, բայց «հենց աչքս նկարին է ընկնում, սթափվում եմ»։ Շուտով մեկ տարին կլրանա՝ Կատյան ամուսնու մասին որևէ հստակ տեղեկության է սպասում: 44-օրյա պատերազմի հենց առաջին օրվանից Նիկոլայ Հայկյանը չկա:

«Էս ինչ ճակատագիր ա, մարդ գերեզմա՞ն էլ չունենա, որ գնա, ծաղիկ դնի: Մի տարի անցել է, մեզ համար ոնց որ պատերազմը չի ավարտվել», - ասում է նա:

Ընտանիքով ապրում էին Հադրութի շրջանի Թաղասեռ գյուղում, ամուսինը ծառայում էր Ջաբրայիլում: Պատերազմի երկրորդ օրը Նիկոլայ Հայկյանի անունը հայտնվեց Պաշտպանության նախարարության հրապարակած զոհվածների ցանկում. «28-ին որ զոհվածների ցուցակը կախել են, հեռուստատեսությամբ տեսել ենք իր անունը, միայն սա: Առայսօր մեզ ոչ մեկը չի զանգել ոչ պատկան մարմիններից, ոչ զորամասից, չեն զանգել, ոչ ցավակցել, ոչ հայտնել»:

Ընտանիքն այդ ժամանակ պատսպարված էր անտառում՝ Թաղասեռ գյուղն էլ հրթիռների տակ էր: Կատյան ասում է՝ անունը ինչպես էր ցուցակ մտել, ոչ ոք չհասկացավ, քանի որ ամուսնու մարմինը կամ որևէ մասունք չի հայտնաբերվել մինչև այժմ: Չկան նաև ականատեսներ, որ հաստատեն նրա մահը, զոհվելու հանգամանքները, բայց կա Արիության մեդալ՝ հետմահու. «Բայց մենք առայսօր իր մահը չենք կարողանում հաստատել, բայց նախագահը հրամանագրով մեզ մեդալ է տվել` իր մեդալը պարգևատրել է»:

Կատյա Բուդաղյանն ամիսներ տևած քաշքշուկից ու դատական պրոցեսներից հետո է կարողացել կարգավիճակ սահմանել ամուսնու համար: Նա անհայտ բացակայող է դատարանի վճռով, զոհված չի կարող համարվել, քանի դեռ մարմինը չկա . «Միայն մորգի բժշկի տեղեկանքով է հաստատվում մահը, ահա այդպիսի աբսուրդի մեջ ենք մենք հայտնվել քանի ամիս»:

Աբսուրդն ըստ ընտանիքի` հատկապես այն է, որ Հայկյանին զոհված չեն համարում, բայց հետմահու մեդալ են տալիս, իսկ անհայտ կորածների ցանկում ներառում դատական վճռից հետո:

Պաշտոնական տվյալով` այս պատերազմից հետո 243 զինծառայող դեռևս անհետ կորած է համարվում։ «Մեդիա կենտրոնն» այսօր քննարկում էր կազմակերպել Անհայտ կորածների միջազգային օրվա առթիվ: Մասնակիցներից իրավապաշտպան Արթուր Սաքունցը շեշտեց՝ արցախյան առաջին պատերազմից հետո էլ պետությունը հետևություններ չարեց. անորոշության մեջ հայտնված հարազատների համար թիվ մեկ խնդիրը մնում է տեղեկատվության պակասը. «Անհայտ կորածների խնդիրներով պետք է զբաղվի մասնագիտացված առանձնացված պետական մարմին: Չի կարող Պաշտպանության նախարարության ստորաբաժանումն զբաղվի անհայտ կորածների հարցերով, որովհետև ակնհայտորեն կա շահերի բախում, որովհետև կարող են անհայտ կորած զինծառայողի անհետանալու հանգամանքների, ճակատագրի հետ կապված այնպիսի մի տեղեկության կամ խնդիրների առնչվեն, որոնք առնչվեն մեկ այլ զինվորական, ասենք թե, պատասխանատու անձանց»:

Հայաստանում հետպատերազմական փուլում Պաշտպանության նախարարության կազմում էր գործում անհայտ կորածների, գերիների հարցերով զբաղվող հանձնաժողով։ Մարդու իրավունքների պաշտպանի օգնական Անդրանիկ Եղոյանն էլ է ընդգծում` բազմաթիվ բողոքներ են ստանում քաղաքացիներից. «Պետական իրավասու մարմինները պատշաճ չեն ապահովել բազմաթիվ զինծառայողների ճակատագրերի մասին նրանց հարազատների ժամանակին և անհրաժեշտ տեղեկություններ ստանալու իրավունքը»:

Սրան էլ գումարվում է այն, որ Ադրբեջանը հրաժարվում է տեղեկատվություն տալ Բաքվում պահվող հայ գերիների մասին, չի պատասխանում եվրոպական դատարանի դիմումներին, և այդպես էլ պարզ չի դառնում անհայտ կորած համարվող զինծառայողի ճակատագիրը՝ զոհվել է, գերեվարվել է:

«Սա ադրբեջանական իշխանությունների հատուկ քաղաքականությունն է, որպեսզի մեր հասարակությունում` արցախյան հասարակությունում, հայ հասարակությունում լրացուցիչ լարվածություն ստեղծի», - շեշտում է Եղոյանը:

Անհայտ կորած անձանց ընտանիքների սոցիալական հարցերն առանձին խնդիր են։ Ըստ իրավապաշտպան Սաքունցի՝ անհայտ կորածի մասին օրենքի ընդունմամբ միայն հնարավոր է խնդիրներին համակարգային լուծում տալ, այս մասին խոսում են արդեն 15 տարի. «Հիմա կառավարությունը որոշում է կայացրել, ասենք, անհայտ կորածների ընտանիքներին ամսական ինչ-որ 300 հազարական դրամով օգնություն, բայց դա մինչև ե՞րբ: Պահ կգա` դա արդյոք կշարունակվի, թե չի շարունակվի, այսինքն` մենք չպետք է հույսներս դնենք բարեխղճության վրա, այլ պետք է դնենք պատասխանատվությունը ամրագրող իրավական հիմքի` օրենքի հիման վրա»:

48-ամյա Նիկոլայ Հայկյանը զինվոր էր 18 տարեկանից, նրա հայրն էլ 50-ում արցախյան առաջին պատերազմում է զոհվել: Կատյա Բուդաղյանն ասում է՝ մարդը կար, իսկ հիմա՝ կարծես չի էլ եղել. «Ամենավատ վիճակը այդ անորոշությունն է, անորոշությունը, մեկ էլ վիրավորանքը, վիրավորանքը ավելի շատ իշխանություններից, վիրավորանքը, որ մարդ 30 տարի նվիրվել է և նվիրաբերվել է, հետո էլ անձնազոհվել վերջում, ու այդքանից հետո մի տարի է անցել` կարծես այդ մարդը չի էլ եղել»:

XS
SM
MD
LG