Մատչելիության հղումներ

«Արդյունավետ աշխատել եմ Մոսկվայի հետ». Գրիգորյանն անդրադառնում է ԱԳ նախարար չնշանակվելուն


Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը վստահեցնում է` իր պաշտոնավարման այս մի քանի տարիների ընթացքում շատ արդյունավետ աշխատել է Մոսկվայի հետ: «Ազատության» «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման ժամանակ Գրիգորյանն անդրադարձել է շրջանառվող տեսակետներին, թե ինքը արտգործնախարար չնշանակվեց, քանի որ Ռուսաստանը դեմ էր իր թեկնածությանը:

Արտգործնախարարի աթոռը թափուր էր շուրջ 3 ամիս: Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը մեկ ամսով նշանակվեց նախարարի առաջին տեղակալ: Իշխանական խմբակցությունից չէին հերքել, որ նրա թեկնածությունն է քննարկվում նախարարի պաշտոնի համար: Սակայն նա վերադարձավ խորհրդի քարտուղարի առանձնասենյակ, և նախարար նշանակվեց Ազգային ժողովի նախկին նախագահ Արարատ Միրզոյանը:

Այսօրվա հաղորդման շրջանակներում Արմեն Գրիգորյանն անդրադառնում է նաև մի շարք այլ թեմաների, այդ թվում` անվտանգային խնդիրներին:

Ստորև ներկայացնում ենք հատված ԱԽ քարտուղարի հետ զրույցից.

«Ազատություն». - Շաբաթներ շարունակ կառավարության նոր կազմը ձևավորվել էր, սակայն թափուր էր մնում արտգործնախարարի պաշտոնը: Դուք դե ֆակտո լրացնում էիք այդ տեղը` պաշտոնավարելով արտգործնախարարի առաջին տեղակալ: Շատերի մոտ կասկած անգամ չկար, որ հենց Դուք էլ նշանակվելու եք նախարար, բայց այդ կանխատեսումը չիրականացավ: Արդյոք ճի՞շտ են այն ենթադրությունները, թե Մոսկվան դեմ էր Ձեր թեկնածությանը, այդ պատճառով Դուք չնշանակվեցիք:

Արմեն Գրիգորյան. - Ընդհանրապես տեղյակ եք, որ հունիսի 20-ի ընտրություններից հետո, ընդհանուր առմամբ մայիսի 31-ից սկսած ԱԳՆ-ում ճգնաժամ կար, և այդ ճգնաժամը շատ արագ լուծելու հնարավորություն չունեինք: Հունիսի 20-ի ընտրություններից հետո ավելացավ այն հանգամանքը, որ ընդդիմությունը Սահմանադրական դատարան էր դիմել, և կառավարության ձևավորումը հետաձգվում էր: Այս հանգամանքները հաշվի առնելով` վարչապետը որոշել էր ինձ նշանակել արտգործնախարարի առաջին տեղակալ և պարտականությունները կատարող: Ես այդ ընթացքում կատարում էի այդ պարտականությունները, մինչև վերջնական որոշում կկայացվեր վարչապետի կողմից արտգործնախարարի նշանակման:

Երբ այդ որոշումը եղավ, ես վերադարձա Անվտանգության խորհուրդ: Վերջին 3 և ավելի տարիների ընթացքում շատ արդյունավետ աշխատել եմ իմ ռուս գործընկերոջ` Նիկոլայ Պատրուշևի հետ (ՌԴ ԱԽ քարտուղար), և մեր համագործակցությունը շատ արդյունավետ է եղել:

Ես վերջին 4 տարվա մեջ գրանցում չեմ ունեցել ՀՀ-ում: Այս հարցը բազմաթիվ անգամ հրապարակային քննարկվել է, և այս հանգամանքը նաև կարևոր է արտգործնախարար նշանակելու մասով:

«Ազատություն». - Այսինքն` Դուք վստա՞հ եք, որ Մոսկվան որևէ դեր այստեղ չի ունեցել:

Արմեն Գրիգորյան. - Ես շատ արդյունավետ աշխատել եմ Մոսկվայի հետ վերջին երեք տարվա ընթացքում:

«Ազատություն». - Դուք այս պահին Անվտանգության խորհրդի քարտուղար եք, սակայն եթե գնահատենք Հայաստանի տարբեր ոլորտների վիճակը, ամենախոցելին թերևս ՀՀ անվտանգությունն է, և պարզվեց, որ անվտանգային այդ կացությունը Հայաստանում և Հայաստանի շուրջ միշտ էլ եղել է խոցելի, հակառակ այն համոզմունքին, որ Հայաստանի բանակը տարածաշրջանի ամենամարտունակ բանակն է, որ Հայաստանն ընդունակ է ինքնուրույն պաշտպանվելու հարձակման դեպքում, 44-օրյա պատերազմը ծանր հարված հասցրեց առանց այդ էլ խոցելի անվտանգության կացությանը: Ինչպե՞ս եք հաղթահարելու այս իրավիճակը:

Արմեն Գրիգորյան. - Ընդհանրապես այն երկրները, որոնք հակամարտություն ունեն, այդ երկրների անվտանգությունը միշտ էլ խոցելի է լինում, և Դուք ճիշտ նշեցիք, որ խոցելիությունը միշտ է եղել, կարելի է ասել 91 թվականից` Հայաստանի անկախացումից հետո, քանի որ Հայաստանն ուներ հակամարտություն, ապա ՀՀ անվտանգությունը միշտ էլ խոցելի է եղել: Այդ պատճառով նաև այդ խոցելիությունն էր արդյունքը, որ մենք ունեցանք 44-օրյա պատերազմ:

Իհարկե, պատերազմի արդյունքները շատ ծանր էին, և անվտանգության համակարգի թարմացման և անվտանգությունը նորովի կառուցելու անհրաժեշտություն կա: Այս առումով մենք արդեն սկսել ենք բանակի բարեփոխումները, և բանակի բարեփոխումները նպատակ ունեն Հայաստանի պաշտպանողականությունը բարձրացնել և էլ ավելի ուժեղ դարձնել Հայաստանի բանակը, էլ ավելի մարտունակ դարձնել և անվտանգությունը բարձրացնել:

Ընդհանուր առմամբ, իհարկե, տարբեր քննարկումներ կան, բայց պատերազմի ընթացքում մեր բանակը շատ ծանր փորձություն է անցել, ծանր արդյունքներ ենք ունեցել, բայց մեր բանակը կարողացել է 44 օրվա ընթացքում ծանր զոհողությունների գնով պաշտպանել Արցախի գոնե այն մասը, որն այժմ գտնվում է հայկական ուժերի և ռուսական խաղաղապահ ուժերի վերահսկողության տակ:

Ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.

XS
SM
MD
LG