Մատչելիության հղումներ

Քաղաքագետի կարծիքով` ԱԳ նախարարությունն էական դեր չունի կարևոր որոշումների մշակման գործում, և կապ չունի` ով է նախարարը


Վարչապետ. Անհրաժեշտ է ԱԳՆ, որը կկիսի քաղաքական պատասխանատվությունը երկրի այսօրվա և ապագայի համար

«Մեր երկիրը կանգնած է չափազանց լուրջ մարտահրավերների առաջ». այս խոսքերով է վարչապետ Փաշինյանն Արտաքին գործերի նախարարության աշխատակազմին ներկայացրել գերատեսչության 8-րդ նախարարին՝ Արարատ Միրզոյանին:

«Այդ մարտահրավերներն առաջին հերթին անվտանգային են, և այդ մարտահրավերները կառավարելու, մեր երկրի համար նպաստավոր արտաքին միջավայր ձևավորելու համար մեզ անհրաժեշտ է Արտաքին գործերի նախարարություն և դիվանագիտական ծառայություն, որը կկարողանա վերցնել իր վրա և կիսել քաղաքական պատասխանատվությունը երկրի այսօրվա և ապագայի համար», - ասել է նա:

Արտգործնախարարի աթոռը թափուր էր շուրջ 3 ամիս: Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը մեկ ամսով նշանակվեց նախարարի առաջին տեղակալ: Ենթադրվում էր՝ նախարար դառնալու հեռանկարով, սակայն պլանները փոխվեցին, ու նա վերադարձավ խորհրդի քարտուղարի առանձնասենյակ։

«Արարատ Միրզոյանը և Արմեն Գրիգորյանը մեր քաղաքական թիմի ներկայացուցիչներ են, և իմ տրամաբանությունն այն է, որ այս ժամանակաշրջանում հատկապես, պետական կառավարման համակարգը պետք է աշխատի որպես մեկ ամբողջություն, մեկ օրգանիզմ: Եվ ես համոզված եմ, որ մենք այդպես էլ կվարվենք», - նկատեց Փաշինյանը:

Բարդ է, պատասխանատու, բայց նույնքան էլ պատվաբեր ստանձնել արտաքին քաղաքական գերատեսչության ղեկը. նոր նախարարը շնորհակալ էր վստահության համար. «Մեր ամենօրյա, ամենժամյա, ամեն րոպե աշխատանքի արդյունքում ջանք ու եռանդ չենք խնայելու, որպեսզի մեր երկիրը հնարավոր լավագույն կերպով հաղթահարի առկա մարտահրավերները, անցնի այս փորձությունների միջով: Մենք փորձելու ենք մեր համեստ ներդրումն ունենալ, որպեսզի հնարավոր լավագույն, անվտանգ, խաղաղ, զարգացող հանգրվանի հասցնենք մեր երկիրը»:

Քաղաքագետ. 2020-ի ամառվանից հետո ԱԳՆ-ն ամբողջությամբ հայտնվեց լուսանցքում

Քաղաքագետ Բենիամին Պողոսյանի գնահատմամբ՝ տասնամյակներով Արտգործնախարարությունում իրական որոշումներ չեն ընդունվել, գերատեսչությունը միայն դրրանց մշակմանն էր մասնակցում։ Ըստ քաղաքագետի` 2020-ի ամառվանից հետո Արտգործնախարարությունն ամբողջությամբ հայտնվեց լուսանցքում, էական դերակատարում չունի կարևոր որոշումների մշակման գործում, և կապ չունի` ով է նախարարը:

«Չեմ կարծում, որ հիմա էական որևէ բան փոխվի, այսինքն` իմ գնահատմամբ` ով կլինի արտաքին գործերի նախարարը, այդքան էլ էական չէ, որովհետև չեմ կարծում` հիմա ԱԳՆ-ն կամ նախարարն էական դեր խաղա այդ գործընթացների մեջ: Իհարկե, հասկանալի է, որ Միրզոյանը քաղաքական թիմի անդամ է, բայց ընդհանուր իմ ընկալումն այն է, որ Արտաքին գործերի նախարարությունն առնվազն որպես կառույց կշարունակի մնալ չտեղեկացված», - նշեց Պողոսյանը:

Ինչ վերաբերում է Անվտանգության խորհրդի քարտուղարի մեկ ամսով Արգործնախարարություն մտնել-հեռանալուն, Բենիամին Պողոսյանը վստահ է, որ հընթացս հաշվարկներում ինչ-որ բան փոխվեց. «Ինչ գործոններ են դեր խաղացել, որ այս ծրագիրն, այսպես ասած, չեղարկվի, և պարոն Գրիգորյանը վերադառնա իր նախկին պաշտոնին` Անվտանգության խորհրդի քարտուղարին, ես կդժվարանամ ասել, դա եղել է Ռուսաստանի ճնշման տակ, դա եղել է ինչ-որ ներքին քննարկումների հետևանքով, դա եղել է այլ արտաքին ուժերի միջամտությամբ, արդեն սպեկուլյացիաներ են, իսկ սպեկուլյացիաների դաշտ ես մտնել չէի ցանկանա»:

Իսկ Արարատ Միրզոյանն արդեն անցել է պաշտոնական հանդիպումներին. այսօր առաջինը Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն է։ Կողմերը շեշտել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վերսկսման ու տևական և արդար քաղաքական լուծման անհրաժեշտությունը։


Կրկին բանակցային սեղանի շուրջ վերադառնալու կոչ է հնչել Վաշինգտոնից

Այսօր դարձյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո բանակցային սեղանի շուրջ վերադառնալու կոչ է հնչել Վաշինգտոնից։ «Արմենպրեսի» հարցմանն ի պատասխան` Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը դատապարտել է հայ-ադրբեջանական սահմանի վերջին էսկալացիան, կողմերին հորդորել պահպանել հրադադարի հանձնառությունը և բանակցություններով հասնել հակամարտության տևական կարգավորմանը։

ԱԽ քարտուղար. Խաղաղության պայմանագիրը հնարավոր է կնքել Արցախի հարցի լուծման դեպքում

Երեկ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում, խոսելով Ադրբեջանի նախագահի կողմից անընդհատ օրակարգ բերվող խաղաղության պայմանագրի մասին, շեշտել է՝ նման առաջարկ չենք ստացել, խաղաղության պայմանագիրը հնարավոր է կնքել Արցախի հարցի լուծման դեպքում. «Մենք պատրաստ ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի համապարփակ և երկարաժամկետ լուծման շուրջ բանակցություններ սկսել, և դա կլինի լավագույն խաղաղության պայմանագիրը»:


Սա է խաղաղության պայմանագրի ճանապարհը, ասել է Անվտանգության խորհրդի քարտուղարը, ինչ վերաբերում է դետալներին, օրինակ` սահմանազատման ու սահմանանշման աշխատանքներին, ապա ըստ Գրիգորյանի` դրան Հայաստանը պատրաստ է, Ադրբեջանը՝ ոչ. «Սահմանագծումը տեղի է ունենալու Հայաստանի և Ադրբեջանի միջև առանց ղարաբաղյան հարցի, ղարաբաղյան հարցի համար կա հատուկ ֆորմատ, և միակ ֆորմատն է դա` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ֆորմատն է»:

«Հայաստանը պաշտոնապես պիտի ձևակերպի, թե ինչ է հասկանում Արցախ ասելով»

Կարող ենք ինքներս մեզ հույս տալ, թե Արցախի հարցը սահմանագծման գործընթացի հետ կապ չունի, ասում է քաղաքագետ Բենիամին Պողոսյանը՝ շեշտելով՝ Հայաստանը պաշտոնապես պիտի ձևակերպի, թե ինչ է հասկանում Արցախ ասելով` դա նոյեմբերի 10-ի Արցախն է, սեպտեմբերի 26-ի Արցախը, ի՞նչ անուն ունեն Ադրբեջանի հսկողության տակ անցած հայկական տարածքները:

«Քանի դեռ դու պաշտոնապես չես հստակեցրել քո դիրքորոշումը այն տարածքների նկատմամբ, որոնք Ադրբեջանը գրավել է 44-օրյա պատերազմի ընթացքում: Եթե պաշտոնապես ՀՀ դիրքորոշումը հստակեցվի, դրանից հետո նոր կարելի է ասել, որ սրանից հետո, այսինքն` ֆիքսելով, որ մենք այս-այս տարածքները համարում ենք Արցախի Հանրապետության օկուպացված տարածքներ, որոնք պետք է վերադարձվեն Արցախին, և որոնք երբեք Ադրբեջանի մեջ են, դրանից հետո արդեն կարելի է սկսել դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթաց, հիմնավոր հաստատել, որ այո, այս գործընթացը Արցախի հարցի հետ կապ ունենալ չի կարող», - նշում է Բենիամին Պողոսյանը:


Քաղաքագետն ուսումնասիրել է կառավարության նոր ներկայացված ծրագիրը՝ 2021-26 թվականների համար. ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման կառավարության ձևակերպումն այսպիսին է. «Ղարաբաղյան հիմնախնդրի վերջնական կարգավորումը Կառավարությունը տեսնում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ներքո Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հստակեցմամբ՝ հայտնի սկզբունքների և տարրերի, այդ թվում՝ ինքնորոշման իրավունքի հիման վրա»:

Բենիամին Պողոսյանը տարակուսում է` սրանից ամենևին էլ պարզ չէ, թե Հայաստանի իշխանությունն ինչպես է պատրաստվում լուծել Արցախի հարցը, և դարձյալ ի վերջո որն է Արցախը: Այնինչ, ըստ քաղաքագետի` շատ պարզ է Ադրբեջանի դիրքորոշումը՝ այդպիսի հարց չկա։

XS
SM
MD
LG