Մատչելիության հղումներ

«Արդեն առաջին փուլը պատվաստվել եմ». Շիրակի մարզում պատրաստվում են ուսումնական տարվա մեկնարկին


Արխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար

Ի՞նչ սահմանափակումներ կկիրառվեն նոր ուսումնական տարում. դպրոցներում դեռ սպասում են կառավարության որոշմանը։ Դասերը հեռավար չեն լինի, բայց արդյոք անցած տարվա նման դասարանները կկիսվեն ու դասերը հերթափոխով կանցկացվեն, առայժմ հայտնի չէ։ Ամեն դեպքում մեկ պայման հստակ է՝ մանկավարժները կա՛մ պետք է պատվաստվեն, կա՛մ 14 օրը մեկ թեստի բացասական պատասխանով ներկայանան աշխատանքի:

Շիրակի մարզի ամենամեծ՝ 1200-ից ավելի աշակերտ ունեցող թիվ 7 դպրոցի տնօրեն Գագիկ Կարապետյանն ասում է, որ ուսուցիչների մեծ մասը հակված է պատվաստվելու, սակայն քանի որ վերջին շրջանում մարզում վակցինայի դեֆիցիտ կար, պատվաստման գործընթացը ձգձգվել է:

«135 աշխատողից մոտավորապես 30-ը պատվաստված է այս պահին: Մեր դեմ հստակ խնդիր է դրված, որ մենք պատրաստված լինենք, նաև պատվաստման խնդրով խնդիր չառաջացնենք մեր աշակերտական համակազմի համար, որովհետև, նորից եմ ասում, շատ զգույշ պետք է լինեն, ով-ով, դպրոցի տնօրենը կամ ուսուցիչը, դպրոցում աշխատողը պետք է ենթադրի, գիտակցի, որ իր առողջական վիճակից է կախված նաև իր սանի առողջական վիճակը», - նշեց տնօրենը:

Դպրոցի ուսուցիչներից Քնարիկ Հարոյանը պատվաստվել է, իսկ Ցողիկ Անտիկյանը սպասում է, որ իր նախընտրած պատվաստանյութը պոլիկլինիկաներում հայտնվի։

«Չեմ պատվաստվել, բայց պատրաստվում եմ պատվաստվելու, ցանկալի է ռուսական Sputnik պատվաստվեմ», - ասաց Անտիկյանը:

«Արդեն առաջին փուլը պատվաստվել եմ, բնականաբար, պատվաստվելը ճիշտ է նման վարակից պաշտպանվելու համար», - ընդգծեց Հարոյանը:

Երկու մանկավարժներն էլ փաստում են՝ ամսական 20-30 հազար դրամ միայն կորոնավիրուսի թեստի համար վճարելը ուսուցչի գրպանի համար չէ. «Ոչ միայն ուսուցչի, այլև Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու համար ձեռնտու չէ ամեն 15 օրը մեկ 15 հազար դրամով թեստ հանձնել»:

Դպրոցը ախտահանիչներ ու դիմակներ է ձեռք բերել։ Շատ աշակերտ ունեցող դպրոցը դրանք գնելու հարցում ֆինանսական խնդրի առաջ չի կանգնում, ի տարբերություն քիչ աշակերտ ունեցող դպրոցների։ 475 աշակերտ ունեցող թիվ 29 դպրոցի տնօրեն Գայանե Բիչախչյանն ասում է, որ դիմակների ու ախտահանիչ միջոցների ձեռքբերման բեռը դպրոցի վրա թողնելու պարագայում ֆինանսական խնդիրներ կունենան։

«Մենք երեխաներին պատրաստ ենք ընդունել, դպրոցը միջոցառումներն էլ է իրականացրել: Ճիշտն ասած դրանք մի քիչ ֆինանսական դժվարություն ներ են առաջացնում դպրոցի համար, բայց կարևորը երեխայի և ընդհանրապես մարդկանց առողջությունն է, և մենք առաջնահերթությունը տվել ենք նրան, որ ախտահանիչ նյութերով, դիմակներով սկզբնական շրջանում ապահովենք: Իհարկե, ցանկալի կլիներ, որ մեզ մի քիչ օգնեին այդ նյութերի տրամադրման համար, որովհետև սա իրոք դժվարություն է դպրոցների համար», - նշեց Բիչախչյանը:

Այս դպրոցում ուսուցիչների կեսը, ըստ տնօրենի, արդեն պատվաստվել է. «63 աշխատակցից 33-ն ադեն պատվաստվել է, մի երկու ուսուցիչ ներկայացրել են փաստաթղթեր հիվանդության պատճառով ունեն հակացուցում, մնացածի կեսն էլ ուզում են թեստ հանձնել առայժմ, որովհետև նոր են հիվանդացել, մտածում են, որ շատ արագ պետք չէ այդ պատվաստումը»:

Շիրակում, վերջին տվյալներով, պատվաստվել է 21 հազար 100 քաղաքացի: Մարզում այս պահին քովիդով հիվանդ է 86 քաղաքացի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG