Մատչելիության հղումներ

ԱԺ-ում ընդամենը սահմաններ են գծվում՝ կենդանական սոցիումին բնորոշ վայրի կանոններով. Միքայել Նահապետյան 


Հին քաղաքական բովանդակությամբ ուժերն են այսօր տեղ զբաղեցնում Ազգային ժողովում, այսօր «Ազատության» հետ զրույցում ասաց «Քաղաքացու որոշում» (ՔՈ) կուսակցության գործադիր մարմնի անդամ Միքայել Նահապետյանը` շեշտելով՝ նրանք չեն կարող լուծումներ առաջարկել Հայաստանի առջև ներկայում ծառացած խնդիրներին։

Նահապետյանի հետ հարցազրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև․

Միքայել Նահապետյան․ - Այն, ինչ տեղի է ունեցել, ես ասում եմ՝ դասական, Հայաստանի քաղաքական ավանդույթն է․ ընտրել եք հին քաղաքական ուժեր, ստացել եք հին քաղաքական բովանդակությունը հին քաղաքական մշակույթի հետ։ Էդ է տեղի ունեցածը։ Կառավարող ուժն էլ է գնում հին քաղաքական ավանդույթով՝ բոլոր կոմպոնենտներով․ նկարներ են բերում կախում և այլն, որովհետև իշխանություն ձևավորելու այլ մեթոդոլոգիա էդ մարդիկ չկարողացան բերել։ Դրա համար ֆիզիկայի դասական օրենքները տանում են, դատարկ խոռոչները լցնում են՝ ավտորիտար, ավանդական իներցիայով։ Եվ ընդդիմությունն է նույն իներցիայի մեջ, էս է տեղի ունեցել։ Մեր երկրի խնդիրներին էդ մարդիկ, որպես էդպիսին, լուծում չեն առաջարկում և չեն էլ կարող առաջարկել, որովհետև, նորից եմ ասում, անցել են հասարակական կյանքի այն ժամանակները, երբ մի Շառլ դը Գոլ կարար ծնվեր, գար, ձեռքը խփեր սեղանին, ամեն ինչի պատասխանն իմանար, երկիրը հաներ ոտքի։ Չկա, էդ ժամանակներն ավարտվել են, կյանքն այնքան է բարդացել, եթե 30 տարի առաջ ծրագրավորող բառն ինքնին նշանակում էր, թե դու ինչով ես զբաղվում, հիմա արդեն 30 քանի հատ մանրամասնություն կա՝ թե դու իսկ որ հատվածի ծրագրավորող ես, ինչ ծրագրավորող ես, ինչ մակարդակի ծրագրավորող ես։

Երբ որ կյանքն էսքան բարդանում է, խնդիրները մի մարդու լուծելիք չեն լինում․ ոչ մեկ՝ ո՛չ կառավարությունը, ո՛չ ընդդիմությունն այդ խնդիրների լուծումը չի առաջարկելու։ Ինտրիգները և քաղաքական շոուն, որը ծավալվում է կառավարող ուժ-ընդդիմություն թատերաբեմում, էդ կրքերը դեռ մի փոքր կհանդարտվեն։ Հիմա, իրականում, բնակության վայրի, կենսատարածքի հարց են էդ մարդիկ լուծում․ էդ սահմանները պետք է գծեն՝ բոլոր նորմալ կենդանական սոցիումներին բնորոշ կանոններով, որովհետև վայրի հարաբերություններ են, որից հետո արդեն կրքերը կհանդարտվեն և պարզ կդառնա, թե ինչքան խորը լճացման մեջ ենք մենք, և ինչպես մինչև ընտրությունների արդյունքների ամփոփումն եմ ասել, այնպես էլ հիմա եմ ասում, որ երկու կողմի ընտրողներն էլ մեծ հիասթափություն են ապրելու էն արդյունքներից, որը գրանցել է իրենց ֆավորիտը։

«Ազատություն»․ - Ես նկատեցի, Դուք միացաք «Ֆիզգորոդոկ»-ում տեղի ունեցող ակցիաներին և սկսեցիք բարձրացնել քաղաքացիների հիմնարար իրավունքներին վերաբերող հարցեր։ Դուք կարծո՞ւմ եք՝ 2018 թվականի հեղափոխությունից հետո Հայաստանում տակավին քաղաքացու հիմնարար իրավունքները պետական մարմինները ոտնահարում են և մարդիկ չեն կարողանում պաշտպանել նաև դատարանների միջոցով իրենց իրավունքները, թե՞՝ սա, պարզապես, քաղաքական PR էր, որին Դուք դիմեցիք։

Միքայել Նահապետյան․ - Նախ ես ասեմ, որ դա մեր հետագիծն է, մեր ձևավորման տրամաբանությունն է՝ լինել էնտեղ, որտեղ համայնքն ինչ-որ խնդիր է բարձրացնում։ Եվ այն ժամանակ, երբ որ ես քաղաքական որևէ թեմայի մեջ չկայի, քաղաքացի էի, ուսանող էի, ես էդ նույն բանն արել եմ, դա իմ համոզմունքն է, և չեմ կարծում, թե որպես ուսանող PR-ի կարիք պետք է ունեցած լինեի՝ մի կողմ թողնելով, որ հիմա քաղաքական գործիչ եմ ու PR-ը կարևոր է։ Դա մեր տրամաբանությունն է, դա մեր հետագիծն է, դա մեր սկզբունքն է՝ լինել համայնքի կողքին։ Դա է մեզ տարել «Ամուլսար», դա է մեզ տանում «Ֆիզգորոդոկ», դա է մեզ տանելու բոլոր այն տեղերը, որտեղ համայնքն ունի արդարացի պահանջ, որը լսված չէ։

Ինչ վերաբերում է Ձեր հարցին՝ արդյո՞ք ես կարծում եմ, թե 2018-ի իրադարձություններից հետո քաղաքացու հիմնարար իրավունքները խախտվում են, թե՞՝ չէ, դա իմ կարծելու հարցը չէ, դա փաստերի հարց է։ Փաստը վկայում է էն, որ մարդիկ իրենց հավաքների ազատության իրավունքն իրականցնում են, չբարեփոխված ոստիկանությունը գալիս է նրանց նկատմամբ բիրտ ուժ է կիրառում՝ ընտրված՝ ով ավելի ակտիվ է, ով ավելի կազմակերպչական կարողություն ունի, բերման են ենթարկում։ Էդ մարդկանց, ուղիղ ժողովրդավարության սկզբունքներ հռչակած կառավարող ուժը ու նրա տեղական ինքնակառավարման մարմինը, ղեկավարների մակարդակով հրաժարվում է ընդունել։ Ձեռքից բռնած առաջ են տանում ապօրինություն առ ապօրինություն մասնավորի շահը, դա շղթա է, որում մի հատ օրինական կետ դեռ ինձ չի հաջողվել տեսնել։ Ամեն փուլ ավարտելուց պարզվում է, որ մի բան էնպես չի։ Դատարանների մասին եք հարց տալիս, էդ դատարաններում սկի կառավարող ուժը չի կարողանում իր շահերը պաշտպանել, ուր մնաց՝ քաղաքացիները։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև․

XS
SM
MD
LG