Մատչելիության հղումներ

«Անլուրջ հարց է». ՔՊ-ից արձագանքում են իրենց աշխատասենյակներում վարչապետի լուսանկարը փակցնելու մասին հարցին


Արվեստի գործերի կողքին վերջերս Ազգային ժողովի պաշտպանության հանձնաժողովի նախագահի սենյակում հայտնվել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի լուսանկարը։ Երեկ լայն քննարկման ու քննադատության առիթ տված այս հանգամանքին Անդրանիկ Քոչարյանը կարճ է արձագանքում, ինքը նման քայլի գնացած միակ պատգամավորը չի:

«Ազգային ժողովում, ինչքան ես հասկանում եմ, բոլոր սենյակներում նկարներ ա կախված, գնացեք նայեք», - ասաց նա:

Քոչարյանի հորդորին հետևել չկարողացանք։ 8 -րդ գումարման խորհրդարանում պատգամավորների սենյակ լրագրողների մուտքը արգելվել է։ «Այո, չեն նայելու, դուռը չեն բացելու՝ մտնեն պատգամավորի սենյակ», - ասաց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը:

Փորձեցինք զանգել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներին՝ մեկ հստակ հարցով՝ իրենց սենյակում ևս գերբ ու դրոշի կողքին փակցվա՞ծ է նաև վարչապետ Փաշինյանի լուսանկարը, թե՞ ոչ։ Տարբեր հիմնավորումներով՝ «անլուրջ հարց է» -ից մինչև «այս պահին խոսելը հարմար չէ», չպատասխանեցին մեր հարցին։

«Ամեն պատգամավորի իրավունքն է, որևէ խնդիր այդտեղ չեմ տեսնում», - ասաց ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:

Գտնվեց պատգամավոր, ով հաստատեց ու հիմնավորեց, թե ինչու է Փաշինյանի նկարը փակցված իրենց սենյակում, իշխանական Վահագն Ալեքսանյանը։ Ում համար սահմանները շատ հստակ են, իր սենյակում ոչ թե վարչապետի, այլ իրենց թիմի առաջնորդի նկարն է:

«Մեր սենյակում մեր քաղաքական թիմի առաջնորդ Նիկոլ Փաշինյանի լուսանկարն է», - ասաց Ալեքսանյանը:

Սա ճանապարհ է դեպի ավտորիտար պետություն, կարծում է իրավապաշտպան Նինա Կարապետյանցը. «Շատ ցավալի է, որովհետև հեղափոխություն արած ուժերը, էդ դիկտատորական էլեմենտները, ակնհայտ, աչքի ընկնող, վառ էլեմենտները պիտի չօգտագործեին: Ի՞նչ ասել է նկարը կախել պատին, նկարը կախել եք, որ ի՞նչ անեք, ձեզ պահապա՞ն է կամ սրբի նկա՞ր է, չգիտեմ, արտառոց գեղեցկությո՞ւն, մշակութային արվե՞ստ է, ի՞նչն է, որ ձեզ ստիպում է կախել իր նկարը ձեր սենյակում, ձեզ ոգեշնչո՞ւմ է, ինչո՞վ է ձեզ ոգեշնչում»:

Իրավապաշտպանի բարձրացրած այս հարցերի պատասխանը իշխանական պատգամավորներից չստացանք։

«Ես կարծում եմ, որ այս իրավիճակում դա միլիոներորդական հարց է», - նշեց ՔՊ պատգամավոր Մարիա Կարապետյանը:

Հենց այս միլիոներորդական կարևորության հարցն էլ եղել է նորընտիր պատգամավոր Տրդատ Սարգսյանի առաջին նախաձեռնություններից։ Չհերքեց մամուլի տեղեկությունը, թե հենց ինքն է վարչապետի լուսանկարները բազմացրել ու բերել խորհրդարան, այլ հարցերի չպատասխանեց. «Կներեք էլի, չեմ կարծում, որ լուրջ հարց եք տալիս»:

Այժմ իշխանականների կողմից անլուրջ որակվող այս հարցը ժամանակին պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ԱԺ ամբիոնից մեկ անգամ չէ, որ բարձրաձայնել է ու հեգնանքով խոսել պետության ղեկավարի նկարը աշխատասենյակում փակցնելու պրակտիկայից:

«Ձեր կարծիքով Սերժ Սարգսյանի նկարները իրենց սենյակներում ինչի՞ էին կախում, նրանք անընդհատ խոսում են, դատախազները, քննիչները կաբինետներում զեկուցում են, հարցնում են՝ այս սպանությունը քրեակա՞ն հանցագործություն է, թե՞ ոչ, և Սերժ Սարգսյանի նկարը նրանց բացատրում է՝ որ սպանությունն է քրեական, որ սպանությունը՝ ապաքրեական: Այնպես որ այդ նկարը մշտական կապի խնդիր է, ամեն օր իրիկունները զեկուցում են, առավոտները հրահանգ են ստանում», - ասել է Փաշինյանը:

Համեմատականը անտեղի է համարում օրենսդիրի ներկայացուցիչ Վահագն Ալեքսանյանը, ում աշխատասենյակի պատին գործադիրի ղեկավարի նկարն է. «Ժամանակին Նիկոլ Փաշինյանը, երբ որ բարձրաձայնումն արել է, արել է Հատուկ քննչական ծառայության քննիչների աշխատակազմի սենյակների հետ կապված, իսկ քննիչի աշխատասենյակը համեմատել քաղաքական թիմակցի աշխատասենյակի հետ, ես կարծում եմ, առավել քան անտեղի է, որովհետև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում, երբ ես հանրային կապերի համակարգող էի ու այնտեղ էր իմ աշխատասենյակը միայն, այնտեղ ևս մեր աշխատասենյակներում, այո, կային թե՛ Նիկոլ Փաշինյանի լուսանկարները, թե՛ հեղափոխության այլ նկարներ, հեղափոխական թիմի նկարներ»:

2018-ի հեղափոխությունն ուղեկցվում էր նաև պետական կառույցներում Սերժ Սարգսյանի նկարից ազատվելով։ Հեղափոխականները ամենակոշտ կերպով էին քննադատում առաջնորդի հայացքի ներքո աշխատելու երևույթը։

Հետաքրքրական է, որ անգամ Սերժ Սարգսյանը, ում ղեկավարման տարիներին իր նկարը փակցված էր գրեթե բոլոր պետական հաստատություններում՝ դպրոցներից մինչև զորամասեր, կանխատեսել էր, թե սահմանադրական փոփոխություններից հետո, երբ Հայաստանը կիսանախագահական կառավարման ձևից անցնում կատարի խորհրդարանականի՝ այլևս նկարի իշխանություն չի լինի։

Փորձեցինք վարչապետի աշխատակազմից ճշտել՝ ինչպես է Նիկոլ Փաշինյանը վերաբերում հանգամանքին, որ պետական կառույցների տարբեր սենյակներում իր լուսանկարն է՝ շրջանակի մեջ՝ գերբ ու դրոշի կողքին։ Մեր զանգերը անպատասխան մնացին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG