Մատչելիության հղումներ

Միջազգային բանակային խաղերի շրջանակում Հայաստանում մեկնարկել է «Խաղաղության մարտիկ-2021» մրցույթը


Լուսանկարը՝ ՀՀ ՊՆ լրատվականի

Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Հունաստանի և Կատարի զինված ուժերի ներկայացուցիչներն են մասնակցում «Միջազգային բանակային խաղեր-2021» մրցաշարի շրջանակում անցկացվող «Խաղաղության մարտիկ» մրցույթին, որի բացման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել այսօր Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում:

Միջոցառմանը ներկա են եղել Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը, Պաշտպանության նախարարության և ԶՈՒ բարձրաստիճան ներկայացուցիչներ, Երևանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ և ռազմական կցորդներ:

Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Արտակ Դավթյանն իր խոսքում նշել է. - «Վստահ եմ, որ մրցելիս թիմերը կցուցադրեն արհեստավարժություն, մարտական և մարտավարամասնագիտական պատրաստվածության բարձր աստիճան: Մրցույթի մասնակիցները լավագույններն են, նրանք նախնական ընտրության դժվարին ճանապարհ են անցել՝ ազնիվ պայքարում վաստակելով իրենց երկրների զինված ուժերը ներկայացնելու պատիվը: «Խաղաղության մարտիկ» մրցույթը կլինի մարտական եղբայրության և խիզախության իսկական տոն և կնպաստի միջազգային ռազմական համագործակցության ամրապնդմանը»:

Գեներալ-լեյտենանտը հավելել է, որ միջազգային բանակային խաղերը բացառապես խաղաղ բնույթ ունեն, այստեղ տեղ չկա քաղաքականությանն ու հակասություններին, իսկ միմյանց հետ մրցելու լավագույն վայրը մարզական միջոցառումներն են:

Զինծառայողների ռազմամասնագիտական վարպետության «Խաղաղության մարտիկ» միջազգային մրցույթն անցկացվում է ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի որոշմամբ և Ռուսաստանի պաշտպանության նախարարության ու ԱՊՀ պետությունների պաշտպանության նախարարությունների երկկողմ համագործակցության պլանների համաձայն: Չորրորդ տարին անընդմեջ «Խաղաղության մարտիկն» անցկացվում է Հայաստանում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG