Մատչելիության հղումներ

Խոսնակը ոչ հերքում, ոչ էլ հաստատում է լուրերը, թե Արարատ Միրզոյանը կզբաղեցնի ԱԽ քարտուղարի պաշտոնը


Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը, արխիվ

Պատգամավորական մանդատից հրաժարված Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը կզբաղեցնի Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը։ Մամուլում վերջին օրերին շրջանառվող տեղեկությունը այս փուլում նրա մամուլի խոսնակ Վահան Կոստանյանը չի հերքում, բայց չի էլ հաստատում։ Ասում է՝ մինչև օգոստոսի 2 -ը՝ այսինքն նորընտիր խորհրդարանի առաջին նիստը, որից հետո նոր միայն կսկսվի կառավարության ձևավորումը, վաղ է այս մասին խոսել։

«Այս պահին մինչև օգոստոսի 2-ը պարոն Միրզոյանը ԱԺ նախագահի իր լիազորություններն է իրականացնելու, իսկ դրանից հետո վարչապետը կարող է որոշում կայացնել, այդ պաշտոնում իրեն նշանակել, թե չէ կամ այլ առաջարկ անել», - նշեց Կոստանյանը:

«Ընթացիկ քաղաքական խորհրդակցությունները չեմ կարող մեկնաբանել», - Կոստանյանը այսպես արձագանքեց լուրերին, որ Ազգային ժողովը ավելի քան 2,5 տարի ղեկավարած Արարատ Միրզոյանին ավելի վաղ առաջարկվել է արտաքին գործերի նախարարի պաշտոնը, բայց նա հրաժարվել է։

Հետընտրական առաջին քաղաքական նշանակումը, հիշեցնենք, հենց այս գերատեսչությունում էր։ Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը արտգործնախարարի առաջին տեղակալ նշանակվեց հուլիսի 14 -ին, իսկ ԱԽ քարտուղարի պաշտոնը թափուր է։

41-ամյա Միրզոյանը Ազգային ժողովի նախագահ էր ընտրվել 7-րդ գումարման խորհրդարանի առաջին նիստին՝ միաձայն քվեարկությամբ։ 44-օրյա պատերազմից հետո՝ նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ փաստաթղթի հրապարակումից հետո սկսված բողոքի ակցիաների ժամանակ Միրզոյանը Ազգային ժողովի մոտակայքում դաժան ծեծի էր ենթարկվել, դրանից հետո մամուլը սկսեց գրել նրա և վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հնարավոր տարաձայնությունների մասին։

Բացի Արարատ Միրզոյանից իշխող քաղաքական ուժից ևս 16 պատգամավորի թեկնածու էր ինքնաբացարկ ներկայացրել։ Խմբակցության գործող ղեկավար Լիլիթ Մակունցը ամիսներ առաջ է հաստատել՝ կլինի Հայաստանի հաջորդ դեսպանը Միացյալ Նահանգներում։ Նրա նշանակումը սարերի ետևում չէ՝ հաշվի առնելով, որ ԱՄՆ-ում Հայաստանի արդեն նախկին դեսպան Վարուժան Ներսեսյանը գործուղվեց Մեծ Բրիտանիա։

Ինքնաբացարկ ներկայացրած խմբակցության գործող քարտուղար Հակոբ Սիմիդյանը, ըստ մամուլի, կնշանակվի նոր ստեղծվելիք ներքին գործերի նախարարի տեղակալ։ Լրագրողների հետ շփմամբ աչքի չընկած Սիմիդյանի հետ այս անգամ էլ կապ հաստատել չկարողացանք։ Ինքնաբացարկ ներկայացրած մյուս թեկնածուները գործող մարզպետներն ու կառավարության մյուս անդամներն են։

Երեկ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ստորագրեց ԱԺ պատգամավորներին մանդատներ տրամադրելու մասին արձանագրությունը: Դրան հաջորդող երկրորդ երկուշաբթի՝ այսինքն օգոստոսի 2-ին կկայանա նորընտիր ԱԺ առաջին նստաշրջանը։ Կընտրեն ԱԺ նախագահ ու փոխնախագահներ։ Կստեղծվեն մշտական հանձնաժողովներ, ապա կընտրվեն դրանց նախագահները՝ իշխանական և ընդդիմադիր խմբակցություններից։ Առաջին նստաշրջանում է նախատեսված նաև կառավարության կառուցվածքի փոփոխության վերաբերյալ օրենքի նախագծի քննարկում։

Կառավարությունից դեռ չեն հստակեցնում՝ կներկայացնեն նման նախագիծ, թե ոչ։ Արդեն հայտնի է, սակայն, որ Ազգային ժողովի խոսնակի թեկնածուն նախորդ խորհրդարանի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն է, փոխնախագահների թեկնածուները՝ նախորդ խորհրդարանում Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը ղեկավարած Ռուբեն Ռուբինյանը և լրագրողի հետ տեղի ունեցած միջադեպից հետո հրաժարական տված բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախկին նախարար Հակոբ Արշակյանը։

Խորհրդարանը վարչապետ չի ընտրելու, Սահմանադրության համաձայն նախագահը միանգամից վարչապետ է նշանակում խորհրդարանական մեծամասնության ներկայացրած թեկնածուին՝ Նիկոլ Փաշինյանին։ Կառավարությունը կազմավորվում է վարչապետ նշանակվելուց հետո՝ տասնհինգօրյա ժամկետում:

Նախընտրական ցուցակում չընդգրկված փոխվարչապետ Ավինյանը դեռ չի հստակեցնում՝ շարունակելու է պաշտոնավարել գործադիրում, թե մասնավոր ոլորտ է տեղափոխվելու. «Կառավարության ձևավորման ժամանակ բոլոր հարցերի հետ կապված և ոչ միայն դրա, անպայման կպատասխանեմ»:

Ընտրություններից հետո երկու կարևորագույն գերատեսչություններում Պաշտպանության նախարարությունում և Արտաքին գործերի նախարարությունում առաջին տեղակալների նշանակումներ արդեն եղել են և ակնկալվում է, որ հենց նրանք էլ կդառնան նախարարներ։ Մամուլը գրում է նաև այլ փոխատեղումների մասին, օրինակ, արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի ՊԵԿ նախագահ նշանակվելու մասին։ Բադասյանը, հիշեցնենք, մինչ այս պաշտոնին նշանակվելը ՊԵԿ փոխնախագահ էր։ Ինքը՝ Բադասայնը ևս այս տեղեկությունները դեռ չի մեկնաբանում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG