Մատչելիության հղումներ

Հակահամաճարակային կանոնների պահպանման վերահսկողության խստացումից օրեր անց տեսուչները դրական տեղաշարժ են արձանագրում


Հակահամաճարակային կանոնների պահպանման վերահսկողության խստացումից օրեր անց տեսուչները դրական տեղաշարժ են արձանագրել, բայց այդուհանդերձ փակ տարածքներում շատ քաղաքացիներ դիմակ չեն կրում:

Վերջին շաբաթներին վարակման թվերը մեծացան, մասնագետները քովիդի չորրորդ ալիքի մասին են խոսում։ Վարչապետի հանձնարարականից հետո տեսչական մարմինները շրջայցեր են իրականացնում խանութներ, այլ փակ տարածքներ հետևելու՝ արդյոք քաղաքացիները հետևո՞ւմ են դիմակ կրելու պահանջին, պահպանվո՞ւմ են մյուս կանոնները, թե՞ ոչ։

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցներն այսօր Երևանի Էրեբունի վարչական շրջանում էին։ Գլխավոր տեսուչ Հովհաննես Հովհաննիսյանն ասաց՝ այսօր տնտեսվարողների կողմից խախտումներ չեն հայտնաբերել: Ոստիկանությունն ու տեսչական մարմինները նշում էին՝ խախտումների դեպքում վարչական պատասխանատվության միջոցներ են կիրառվելու, այդուհանդերձ, Սննդամթերքի անվտանգության տեսչականն առայժմ փորձում է զգուշացումներով բավարարվել:

«Այս փուլում աշխատում ենք նախազգուշացնել, որպեսզի կատարեն պահանջները, երկրորդ փուլով արդեն տնտեսվարողները 100-300 հազար վարչական տույժի են ենթարկվելու, կազմվելու են արձանագրություններ, ըստ դրանց արդեն վարչական տույժի են ենթարկվելու: Դիմակները սկսել են ավելի շատ դնել, երևի թե՛ հեռուստատեսությամբ են արդեն ագիտացիա անում, որ ավելի շատ դնեն, թե՛ մեր կողմից կատարված աշխատանքները բերում են դրական փոփոխություն», - նշեց Հովհաննիսյանը:

Քաղաքացիները պարտադիր պետք է դիմակ կրեն նաև հանրային տրանսպորտում, «Ազատության» տեսախցիկն այսօր արձանագրեց՝ պահանջին հետևող քաղաքացիները թիվը նախորդ օրերի համեմատ փոքր-ինչ մեծացել է։

Քովիդի օրական հաստատված դեպքերի թիվը շարունակում է մեծ մնալ, նախորդ օրը վարակ է հայտնաբերվել 508 քաղաքացիների մոտ, այն դեպքում, երբ ամիսներ առաջ նոր դեպքերի թիվը օրական մի քանի տասնյակը չէր անցնում, անցած մեկ օրում կորոնավիրուսը ևս 5 մարդու կյանք է խլել, մահացածների ընդհանուր թիվը հասավ 4732-ի։ Մինչ օրս 1143 վարակակիր էր այլ պատճառներով է մահացել։

Առողջապահության նախարարությունից հայտնեցին՝ այսօրվա դրությամբ կորոնավիրուսը ծանր է տանում 493 անձ, ծայրահեղ ծանր վիճակում է 120 մարդ, 62-ը միացված է թոքերի արհեստական օդափոխության սարքերին։ Օգոստոսի 19-ի տվյալներով՝ իրականացված պատվաստումների թիվը մոտեցել է 240 հազարի։

XS
SM
MD
LG