Մատչելիության հղումներ

«Ոսկե մեդալ չնվաճեցինք, բայց, մեր մասնակցությունից դժգոհ չենք»․ վարչապետը հյուրընկալել է Հայաստանի օլիմպիական հավաքականին


«Այս օլիմպիադայում մենք ոսկե մեդալ չնվաճեցինք, բայց, կարծում եմ, մեր մասնակցությունից դժգոհ չենք», - այսօր հյուրընկալելով Հայաստանի՝ ամառային Օլիմպիական խաղերի մասնակից հավաքականի մարզիկներին և մարզիչներին, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, շնորհակալություն հայտնել՝ Հայաստանը Տոկիոյի օլիմպիադայում ներկայացնելու համար, ինչպես նաև շնորհավորել մրցանակակիրներին հաջող մրցելույթի առիթով:

«Իհարկե, այն իրավիճակը, մթնոլորտը, որ առկա է երկրում, իր ազդեցությունն ունենում է մեր մարզիկների, ընդհանրապես սպորտի վրա, բայց ես կարծում եմ, որ այս իրավիճակում մենք կարողացել ենք պատշաճ ձևով ներկայանալ: Իհարկե, որոշ դեպքերում մեզ շատ քիչ չբավականացրեց օլիմպիական ոսկի նվաճելու համար: Բայց կարծում եմ, որ մեր մարզիկները և մեր հավաքականը պատշաճ ձևով ներկայացրեցին Հայաստանի Հանրապետությունը Տոկիոյի օլիմպիադայում», - ասել է վարչապետը:

Փաշինյանի կարծիքով՝ օլիմպիադայում առավել հաջող մրցելույթներ ունենալու համար, պետք է շատ արագ ամփոփել արդեն իսկ տեղի ունեցածի արդյունքները և միանգամից պատրաստվել հաջորդ օլիմպիադային:

«Կարծում եմ՝ արժե, որ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Օլիմպիական կոմիտեի հետ համատեղ այսօրվանից ճանապարհային քարտեզ ձևավորի հաջորդ օլիմպիադային ընդառաջ մեր անելիքները որոշելու և այդ անելիքներն իրագործելու համար», - ասել է վարչապետը՝ շարունակելով․ - «Մենք պետք է միջոցներ ձեռնարկենք իսկապես սպորտի մասսայականացման համար: Որովհետև գործնականում այսօր ունենք պրոֆեսիոնալ սպորտ, բայց զանգվածային սպորտի հետ կապված որոշակի խնդիրներ ունենք՝ հետաքրքրության, ենթակառուցվածքի առումով: Այստեղ արդեն կոնկրետ ծրագրեր ենք մշակում և առաջիկայում կսկսենք իրագործել: Եվ այստեղ, իհարկե, մեր պրոֆեսիոնալ մարզիկների աջակցությունը շատ կարևոր է»:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, ամփոփելով Տոկիոյի ամառային Օլիմպիական խաղերին ՀՀ հավաքականի ելույթները, նշել է, որ անկախ Հայաստանի պատմության մեջ սրանք 7-րդ ամառային Օլիմպիական խաղերն էին, որոնց մասնակցում էր Հայաստանի հավաքականը, իսկ մեդալների որակական առումով 3-րդ արդյունքն է:

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը նույնպես կարևորել է թիմային աշխատանքը՝ Կառավարության, Օլիմպիական կոմիտեի և ֆեդերացիաների միջև աշխատանքի բաժանում կատարելու և համատեղ ջանքերով առաջ գնալու առումով:

«Պարոն վարչապետ, Օլիմպիական կոմիտեն էլ է պատրաստակամ քննարկել և հասկանալ, թե Կառավարությունն ինչ է անում, ՀԱՕԿ-ն ինչով է աջակցում: Հիմնական խնդիրը պայմաններն են. մարզադպրոցներ չկան, վերանորոգված չեն, գույք չկա: Օլիմպիական կոմիտեն թող վերանորոգի, Կառավարությունը՝ գույքով ապահովի: Պետք է համակարգված՝ ֆեդերացիաներով, Օլիմպիական կոմիտեով լուծենք խնդիրները և այս անգամ արդեն պատրաստ լինենք, որ ծանրամարտից ոչ թե 2, 3 կամ 1 մարզիկ մասնակցի, այլ, օրինակ, 6, բռնցքամարտից՝ 8, որովհետև արդեն պայմաններն ստեղծված կլինեն», - նշել է ՀԱՕԿ նախագահը:

«Մեր կառավարումը պետք է լինի ռազմավարական: Եթե մենք խնդիր ենք դրել, որ մինչև 2050 թվականը Հայաստանը 24 օլիմպիական ոսկե մեդալ ունենա, ուրեմն մենք պետք է այսօրվանից գործենք և մեր դրած նշաձողերից հետ չգնանք», - ընդգծել է երկրի վարչապետը:

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը զեկուցել է, որ վարչապետի հանձնարարականի հիման վրա ընթացքի մեջ է նաև Զինված ուժերում սպորտային վաշտի վերաբացման հարցը:

Վարչապետի հանձնարարությամբ, պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ առաջիկայում ԿԳՄՍ, ՀԱՕԿ և ազգային մարզական ֆեդերացիաների մասնակցությամբ հանդիպում կազմակերպել և քննարկել ինչպես կարճաժամկետ, այնպես էլ միջնաժամկետ կտրվածքով անելիքները, ասված է հաղորդագրությունում:

XS
SM
MD
LG