Մատչելիության հղումներ

Ադրբեջանի ՊՆ-ի պնդմամբ՝ «հայկական կողմը սադրանքի է դիմել Շուշիի մերձակայքում»


Արցախ - Ադրբեջանցի զինծառայողը Շուշիի մերձակայքում տեղակայված անցակետում, արխիվ

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը պնդում է, թե հայկական կողմը սադրանքի է դիմել Շուշիի մերձակայքում գտնվող Խալֆալի գյուղում։

Ըստ ադրբեջանական կողմի՝ շաբաթ երեկոյան այս գյուղի մերձակայքում գտնվող ադրբեջանական դիրքերին են մոտեցել երկու քաղաքացիական ավտոմեքենաներ, որոնցից դուրս եկած զինված անձինք կրակ են արձակել օդ և հեռացել։

«Միջադեպի մասին տեղեկացվել է ռուս խաղաղապահների հրամանատարությունը», - փոխանցում է Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը։

Հիշեցնենք՝ օրեր առաջ պաշտոնական Բաքուն հաղորդել էր, թե իբր Արցախի Պաշտպանության բանակի ստորաբաժանումները գիշերով հրաձգային զինատեսակներից կրակ են բացել Յուխարի Վեյսալի, Սղնախ գյուղերի, ինչպես նաև Շուշիի մերձակայքում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ Արցախի պաշտպանական գերատեսչությունը հերքեց այդ հաղորդումը՝ համոզմունք հայտնելով, որ նման կեղծ հայտարարություններով ադրբեջանական կողմը հող է նախապատրաստում հետագա սադրիչ գործողությունների համար:

Հայկական կողմից հրադադարի խախտման այդպիսի փաստ չեն հաստատել նաև ռուս խաղաղապահները, որոնք թուրք զինծառայողների հետ Արցախում հրադադարի ռեժիմի դիտարկում են իրականացնում:

Հրադադարի խախտման որևէ դեպք հիշատակված չէ նաև Արցախում ռուսական խաղաղապահ առաքելության գործունեության մասին Ռուսաստանի պաշտպանության նախարարության այսօրվա տեղեկագրում:

XS
SM
MD
LG