Մատչելիության հղումներ

Պորտուգալիայում վակցինա մերժողների ընտանիքում երեք մահ մեկ շաբաթում


Պորտուգալիա - Կորոնավիրուսի դեմ պատվաստում Լիսաբոնի հիվանդանոցներից մեկում, արխիվ

Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը մոտենում է 204 միլիոն 349 հազարին, մահացել է առնվազն 4 միլիոն 320 հազար 760 հիվանդ:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ), պետությունների առողջապահության նախարարությունները, բժիշկներ, վարակաբաններ մարդկանց կոչ են անում պատվաստվել:

Այսօրվա դրությամբ աշխարհի մոտ 7 միլիարդ 900 միլիոն բնակիչների 30,2 տոկոսը ստացել է վակցինայի առնվազն մեկ դեղաչափ, 15,6 տոկոսն ամբողջությամբ է պատվաստվել:

Ընդհանուր հաշվով ներարկվել է 4 միլիարդ 480 միլիոն դեղաչափ: Հիմա օրական ներարկվում է ավելի քան 36 միլիոն դեղաչափ: Թերզարգացած պետություններում, սակայն, պատվաստվածների թիվը փոքր է:

Այս դժբախտությունը տեղի է ունեցել եվրոպական մի բավական զարգացած պետությունում: Պորտուգալիայում բնակչության թիվը՝ մոտ 10 միլիոն 164 հազար, մոտ 990 հազար ախտահարում, երեկվա դրությամբ՝ 17 հազար 502 մահ: Դրանցից երեքը՝ մեկ ընտանիքում, մեկ շաբաթվա ընթացքում:

Ինչպես և ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Հայաստանում, Պորտուգալիայում էլ կան մարդիկ, ովքեր ինչ-ինչ պատճառներով չեն ցանկանում պատվաստվել:

Շատերը չեն հավատում վիրուսի գոյությանը, շատերը չեն վստահում վակցինային, հավատում են ժողովրդական մեթոդներին, թուրմ են խմում կամ թունդ տնական օղի, կամ էլ պարզապես մտածում են, որ վիրուսը սովորական մրսածության պես կանցնի:

Ոմանք էլ չունեն պատշաճ գիտելիքներ և հավատում են ասեկոսեներին այն մասին, թե վակցինան վտանգավոր է, այն ստեղծել են չար ուժերը:

Պորտուգալացի խոհարար Ֆրանսիս Գոնկալվեսն ապրում և աշխատում է Մեծ Բրիտանիայում՝ Ուելսի ռեստորաններից մեկում: Վերջերս նա լուր է ստացել մոր, հոր և եղբոր հիվանդանալու մասին:

Շտապ մեկնել է Պորտուգալիա, որտեղ պարզել է, որ 40-ամյա եղբայրը՝ Շաուլը և 73-ամյա հայրը՝ Բազիլը մահացել են: 65-ամյա մայրը՝ Շարմանը, արհեստական կոմայի մեջ է, օրեր անց նա էլ է մահացել:

Երեքն էլ հրաժարվել էին պատվաստվել, երբ պատվաստումների դեմ արշավ վարող ակտիվիստներից լսել էին, թե վակցինաներն իբր խիստ վնասակար են: Չպատվաստվելու որոշումն ընտանիքով էին ընդունել:

«Եղբայրս աշխարհի ամենաառողջ տղերքից էր, նա եթե մի օր չէր գնում ֆիթնես կենտրոն, ապա վազում էր, կամ երկար զբոսնում, 15 տարի չի խմել, բուսակեր էր», - ասել է Ֆրանսիսը:

Երեքին էլ հուղարկավորել են Լիսաբոնի գերեզմանոցի՝ կորոնավիրուսից վախճանվածների համար առանձնացված հատվածում:

Ֆրանսիսն ասում է, թե ուզում է աշխարհին պատմել իր այդ անձնական ողբերգության մասին:

«Նրանք ենթարկվել են այդ հակապատվաստումների քարոզարշավին, հավատացել են, վակցինայի դեմ արշավ վարողները շահարկում են շարքային մարդկանց վախը», - ասել է Ֆրանսիս Գոնկալվեսը:

Նա հույս ունի, որ իր այդ պատմությունն ուրիշներին կդրդի պատվաստվել և չհավատալ կեղծ, հակագիտական պրոպագանդային:

XS
SM
MD
LG