Մատչելիության հղումներ

Արմեն Գևորգյանը բերման կենթարկվի դատարան, եթե հաջորդ նիստին ևս չներկայանա դատաքննությանը


Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործով դատական նիստ, արխիվ
Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործով դատական նիստ, արխիվ

Ազգային ժողովի նորընտիր պատգամավոր, «Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Գևորգյանը բերման կենթարկվի դատարան, եթե հաջորդ դատական նիստին ևս չներկայանա կաշառքի գործով դատաքննությանը։

Նման որոշում այսօր կայացրեց Երևանի առաջին ատյանի դատարանը, որը Մարտի 1-ի գործով նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին ու մյուսներին արդարացնելուց հետո շարունակում է քննել Քոչարյանի և նրա նախկին ենթակա Արմեն Գևորգյանի վերաբերյալ կաշառքի գործը։ Դատարանի որոշումից հետո նորընտիր պատգամավորը խորհրդարանում հայտարարեց, որ հաջորդ շաբաթ կներկայանա դատարան։

«Հավանաբար կան ինչ-որ հարցեր, որ ուզում են իմ ներկայությամբ քննարկեն, ես, հարգելով դատարանի որոշումը, կներկայանամ: Պարզապես ես կարծում էի, որ Ազգային ժողովի 8-րդ գումարման առաջին նստաշրջանը բավականին կարևոր հանգամանք է, և դատարանների համար ըստ էության տեսանելի հանգամանք է», - նշեց նա:

Գևորգյանն այսօր արդեն երկրորդ անգամ չէր եկել դատարան՝ Ազգային ժողովի նիստին մասնակցելու պատճառաբանությամբ։ Ինչպես նախորդ նիստին՝ այսօր ևս, Գևորգյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը միջնորդեց հարգելի համարել բացակայությունը, մինչդեռ մեղադրող դատախազը հակառակը պնդեց։ Դատավոր Աննա Դանիբեկյանն, ի վերջո, անհարգելի ճանաչեց բացակայությունը։

Անցած շաբաթվանից նորընտիր խորհրդարանում նիստերի մասնակցող Արմեն Գևորգյանն, իր հերթին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց՝ բերման ենթարկելու որոշում կայացնելու փոխարեն դատարանը կարող էր ընդմիջում հայտարարել, կապվել իր հետ և խնդրել ներկայանալ։

«Պրակտիկա ձևավորելու ցանկություն չունեմ, այսինքն ինձ պարտադիր չի բերման ենթարկել, ընդամենը, եթե այդպիսի անհրաժեշտություն կար իմ ներկայությունը ապահովելու, դատարանը կարող էր ընդմիջում հայտարարեր, կապվեին ինձ հետ, ես առավոտվանից այստեղ նստած եմ, խնդրեին, ասեինք, որ գիտեք, այնուամենայնիվ դատարանը գտնում է անհարգելի ձեր բացակայությունը, խնդրում ենք, եկեք, ներկայացեք», - ասաց Գևորգյանը:

Ինչպես նախորդ նիստին, այսօր էլ դատարան էր ներկայացել Մարտի 1-ի գործով արդարացվելուց հետո միայն կաշառքի համար մեղադրվող երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որը 2008-ին իր ենթակա, նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանին բերման ենթարկելուն դեմ էր։

«Այն նիստերը, որոնք այսօր Ազգային ժողովում ընթանում են, Սահմանադրությամբ, օրենսդրությամբ նախատեսված նիստեր են, մեկ անձ չի որոշել այդ նիստը այսօր լինի կամ երեկ: Լրիվ այլ կարգավիճակներում է գտնվում Արմեն Գևորգյանի բացակայությունը: Եվս մեկ հարց, որի վրա դուք ուշադրություն չդարձրեցիք, քվեարկությունների հարցը, մեկ մարդու բացակայությունը տվյալ պարագայում կարող է ազդել քվեարկության արդյունքների վրա, և մենք տեսանք, որ ընդդիմության կողմից առաջադրված փոխխոսնակն ընտրվեց երրորդ ընտրությունից հետո միայն: Սա լուրջ քաղաքական գործընթացների վրա ազդեցություն ունենալու մեխանիզմ է կարող դառնալ, եթե սա դառնա դատական պրակտիկա», - հայտարարեց Քոչարյանը:

«Հայաստան» դաշինքը գլխավորող պաշտոնաթող նախագահը, որ հրաժարվել է պատգամավորի իր մանդատից, դատարանում առաջարկեց այնպես անել, որ խորհրդարանում և դատարանում նիստերի օրերը չհամընկնեն։

Պատգամավորին բերման ենթարկելու դատարանի որոշումը ապօրինի որակող Գևորգյանի պաշտպանը հայտարարում է՝ անձեռնմխելիություն ունեցող պատգամավորին թեկուզ կարճ ժամանակով ազատությունից զրկելու համար դատախազությունը պետք է դիմի խորհրդարան։

«Թողնենք մի կողմ այդ որոշումն օրինական է, թե օրինական չէ, այս հարցը չի քննարկվում, քննարկվում է այն հարցը, որ գործնականում երբեք նման իրավիճակ չի եղել, որ մեկ անգամ անհարգելի պատճառով, օրինակի համար, չներկայանալու դեպքում դատարանը նման հարկադրանքի միջոց կիրառելու վերաբերյալ որոշում կայացնի: Դա ևս մեկ անգամ ընդգծում է այն հանգամանքը, որ գործ ունենք բացառապես քաղաքական հետապնդման հետ և գործ ունենք բացառապես քաղաքական դրդապատճառներից ելնելով որոշումների և գործողությունների հետ», - նշեց փաստաբանը:

Պատգամավորի բացակայությունը անհարգելի համարող մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանի պնդմամբ՝ բերման ենթարկելն ու ձերբակալելը տարբեր գործընթացներ են, ինչը նշանակում է, որ կարող են առանց անձեռնմխելիությունից զրկելու պատգամավորին հարկադրել ներկայանալ դատարան։ Դատախազը շեշտեց՝ արդեն երկրորդ դատական նիստն է՝ Գևորգյանն ու նրա պաշտպանը չեն մասնավորեցնում Գևորգյանի՝ խորհրդարանում զբաղվածության կոնկրետ պատճառները, ինչն իրենց թույլ է տալիս դատարանում նրա բացակայությունը անհարգելի համարել։

«Անձի ազատության զրկման հետ փորձ կատարվեց նույնացնել բերման ենթարկելու գործընթացը, քրեադատավարական կառուցակարգերը փաստաբանի վկայակոչած և այն, որ անհարգելի պատճառներով իր դատավարական պարտականությունները չկատարող վկային, տուժողին, մեղադրյալին կամ ամբաստանյալին բերման ենթարկելը, դրանք տարբեր գործընթացներ են: Նույնացվեց բերվածի կարգավիճակի հետ, երբ անձը որոշակի առերևույթ հանցանքի կասկածանքով բերվում է իրավապահ մարմնի տիրույթ և այդ պահից սկսած նրա անազատության հետ կապված հարց է բարձրացվում, սա ընդամենը դատավարական հարկադրանքի միջոց է՝ պարտականությունները կատարելու համար», - ընդգծեց Պետրոս Պետրոսյանը:

Հաջորդ դատական նիստը օգոստոսի 17-ին է։

XS
SM
MD
LG