Մատչելիության հղումներ

Արմեն Գևորգյանը դատարան չէր եկել խորհրդարանում աշխատանքի պատճառով. ըստ դատախազի՝ բացակայությունն անհարգելի է


Մարտի 1-ի գործով արդարացվելուց հետո միայն կաշառքի համար մեղադրվող երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու 2008-ին նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանի գործով այսօրվա նիստին միայն նախկին նախագահն էր ներկայացել։ Այսօր արդեն Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքով պատգամավոր դարձած Գևորգյանը դատարան չէր եկել խորհրդարանում աշխատանքի պատճառաբանությամբ։ Հենց այդ պատճառով էլ այսօրվա դատական նիստը հետաձգվեց։

Եթե օրերս պատգամավոր դարձած, բայց ամբաստանյալի կարգավիճակ ունեցող Արմեն Գևորգյանը շարունակի բացակայել դատական նիստերից, չի բացառվում, որ նրա նկատմամբ միջոցներ կկիրառվեն, առանց մանրամասնելու այսօր հայտարարեց գործով դատախազը։

«Ինքս համարում եմ անհարգելի, որովհետև բավարար չի պատճառաբանվել, պատճառաբանվել է, որ մասնակցում է Ազգային ժողովի նիստին, դա նրա աշխատանքային պարտականություններն են: Աշխատանքային պարտականությունների կատարումը ինքնին բավարար պատճառ չէ, որպեսզի դատական նիստին չներկայանաս», - ասաց գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանը:

Դատական նիստը հետաձգելու միջնորդությունը ներկայացրել էր Արմեն Գևորգյանի շահերի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։

Դատական նիստերից անհարգելի բացակայողներին սովորաբար բերման են ենթարկում, լրագրողների հետ զրույցում ասաց գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանը։ Արդյոք հաջորդ նիստին էլ բացակայելու դեպքում արդեն պատգամավորի անձեռնմխելիություն ունեցող Գևորգյանին կարո՞ղ են բերման ենթարկել, դատախազը նկատեց՝ «կարձագանքենք, կտեսնեք»:

«Անհարգելի բացակայությունն ունի հետևանքներ՝ բերման ենթարկել: Անհարգելի պատճառով բացակայող պատգամավորին բերման ենթարկելու երաշխիքներ կան, ես չեմ կարծում, որ Արմեն Գևորգյանը կօգտագործի այդ կարգավիճակը ու չի ներկայանա», - ասաց Բաղդասարյանը:

Գևորգյանի, ինչպես նաև Քոչարյանի պատգամավորական անձեռնմխելիության հարցը նախորդ դատական նիստին բարձրացրել էր դատավոր Աննա Դանիբեկյանը։ Նախկին նախագահի հարցն արդեն չի քննարկվում, քանի որ նա հրաժարվեց պատգամավորական մանդատից։ Դատարանում փաստաբանները հայտարարել էին, որ դատավարությունը չի կարող շարունակվել։ Արդեն պատգամավոր, իսկ այն ժամանակ դեռ Քոչարյանի շահերը ներկայացնող փաստաբան Արամ Վադևանյանն ասել էր, որ անձեռնմխելիություն ստանալուց հետո ամբաստանյալների նկատմամբ քրեական հետապնդումը ժամանակավորապես դադարեցվում է և կշարունակվի այն դեպքում, երբ կավարտվեն պատգամավորի լիազորությունները։ Գլխավոր դատախազի տեղակալը, սակայն, այլ կարծիքի է։

«Կարելի է ստանալ Ազգային ժողովի պատգամավորի կարգավիճակ ու ազատվե՞լ պատասխանատվությունից ուղղակի, չի կարող կարգավիճակ ստանալը քրեական դատավարությունը կտրել միանգամից: Քրեական դատավարությունում տարբեր իրավիճակներում տարբեր հարցեր կարող են առաջանալ, այդ թվում՝ ընթացքում կարող է անձեռնմխելիություն հաղթահարելու հարց առաջանալ: Արմեն Գևորգյանի մասով նախորդ դատական նիստից հետո ասել եմ, քանի որ Արմեն Գևորգյանն ազատության մեջ է, եթե նրան ազատությունից զրկելու հարց կառաջանա, այդ փուլում ինքը կունենա պատգամավորի կարգավիճակ, այդ հարցն այդ ժամանակ քննարկելի է», - ընդգծեց Բաղդասարյանը:

Գլխավոր դատախազի տեղակալը պնդում է՝ երեք տարի առաջ, մինչև անձեռնմխելիություն ստանալը Արմեն Գևորգյանի նկատմամբ սկսված քրեական հետապնդումը պետք է շարունակվի անկախ նրա ներկա կարգավիճակից, այնպես, ինչպես եղավ տարիներ առաջ ԲՀԿ-ի պատգամավոր Էդուարդ Բաբայանի դեպքում։ Եվ նման իրավիճակում պատգամավորին անձեռնմխելիությունից զրկելու անհրաժեշտություն չկա։

«Հարուցված է արդեն քրեական հետապնդում, քրեական հետապնդում հարուցելն ինքը անվերադարձ գործողություն է, դու դա չես կարող երկրորդ անգամ կատարել: Արմեն Գևորգյանը ներգրավված է որպես մեղադրյալ, դա օրենքով քրեական հետապնդում հարուցելու ձևն է: Սահմանադրությունը երաշխիք է նախատեսում քրեական հետապնդում հարուցելու համար համաձայնություն ստանալու: Փորձեք պատկերացնել, թե անձին, ով որպես մեղադրյալ արդեն ներգրավված է, ինչպե՞ս կարող ես նորից քրեական հետապնդում հարուցել: Ենթադրենք Ազգային ժողովից հայցվեց համաձայնություն և ենթադրենք այդ համաձայնությունը տրվեց, ինչպե՞ս պետք է հարուցվի, որովհետև վաղուց արդեն հարուցված է: Կատարվել է դատավարական գործողություն, դա քրեական հետապնդում հարուցելուն ուղղված գործողություն է, դա կրկնել հնարավոր չէ, հետևաբար հնարավոր չէ նաև համաձայնություն ստանալ դրանք կրկնելու համար», - ընդգծեց նա:

Մարտի 1-ի գործով արդարացվելուց հետո նախկին նախագահ Քոչարյանն այժմ մեղադրվում է միայն իր նախագահության տարիներին գործարար Սիլվա Համբարձումյանից իր մտերիմ գործարար Սամվել Մայրապետյանի միջոցով 3 միլիոն դոլար կաշառք ստանալու համար։ Իսկ նրա նախկին ենթակա Արմեն Գևորգյանը մեղադրվում է Մայրապետյանի օժանդակությամբ 1 միլիոն դոլար կաշառք ստանալու, նաև հանցավոր ճանապարհով ստացված եկամուտները օրինականացնելու համար։ Երկուսն էլ մեղադրանքը չեն ընդունում։

Դատական նիստը կշարունակվի օգոստոսի 10-ին։

XS
SM
MD
LG