Մատչելիության հղումներ

Էրդողանը շնորհակալություն է հայտնում Ռուսաստանին և Ադրբեջանին՝ հրդեհների դեմ պայքարում օգնության համար


Թուրքիա - Անտառային հրդեհը Մարմարիսի մերձակայքում, 2-ը օգոստոսի, 2021թ.
Թուրքիա - Անտառային հրդեհը Մարմարիսի մերձակայքում, 2-ը օգոստոսի, 2021թ.

Ուղիղ մեկ շաբաթ է, ինչ թուրքական իշխանությունները չեն կարողանում զսպել երկրի հարավում ծագած զանգվածային անտառային հրդեհների տարածումը։ Անթալիայի մերձակայքում սկիզբ առած հրդեհները տարածվել են Միջերկրական և Էգեյան ծովերի ափամերձ գոտու ավելի քան 30 շրջաններում։

Կրակի անկառավարելի տարածումը պաշտոնական Անկարային ստիպեց մի կողմ դնել Եվրամիության հետ առկա լուրջ տարաձայնությունները՝ այս շաբաթասկզբին Բրյուսելին դիմելով օգնության խնդրանքով։ Եվրոպական առաջին պետությունները, որ արձագանքեցին թուրքական կողմի խնդրանքին, Խորվաթիան և Իսպանիան էին։

«Երկու հրշեջ օդանավերը արդեն իսկ իրենց առաքելությունն են իրականացնում Մուղլայի մարզում և Քյոյջեղիզի շրջանում։ Մենք կանեն ամեն ինչ հրդեհները չեզոքացնելու համար։ Սա Իսպանիայի զինված ուժերի օգնությունն է մեր բարեկամ թուրք ժողովրդին», - նախօրեին հայտարարում էր Թուրքիա ժամանած իսպանացի հրշեջների հրամանատար, փոխգնդապետ Վիսենտե Ֆրանկոն։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ևս խոստովանում է, որ առանց արտաքին օժանդակության Անկարան հրդեհների դեմ պայքարել ի վիճակի չէր լինի։

«Իմ երկրի անունից ես ցանկանում են հատուկ շնորհակալություն հայտնել հատկապես Ադրբեջանի նախագահ, իմ թանկագին բարեկամ Իլհամ Ալիևին, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսին՝ ճգնաժամի ծագման առաջին իսկ պահից ցուցաբերած հետևողական աջակցության համար», - Twitter-ի իր օգտահաշվում գրել է Թուրքիայի նախագահը։

Հիշեցնենք, Ադրբեջանը Թուրքիա էր ուղարկել հրշեջների 500-հոգանոց մի ջոկատ և մեկ հրշեջ օդանավ, Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը թուրքական հրդեհների դեմ պայքարի համար 11 միավոր ավիացիոն տեխնիկա է հատկացրել։

Չնայած այս բոլոր ջանքերին, այդուհանդերձ, կրակի տարածումը շարունակվում է, թուրքական աղբյուրները նշում են հրդեհի 150-ից ավելի օջախների մասին, որոնցից այս պահին անկառավարելի են 10-ը։

Ուժեղ քամու և 40 աստիճան շոգի պայմաններում բնակիչներից շատերը ստիպված են հուսահատ քայլի՝ զանգվածային անտառահատումների դիմել՝ բացատների միջոցով փորձելով կանգնեցնել կրակի սրընթաց տարածումը։Հրդեհներից տուժած շրջանների բնակիչներից ոմանց համոզմամբ, սակայն, նման մարտավարությունը ևս շատ արդյունավետ չէ։

«Մեզ օդանավեր են հարկավոր, բարեկամներ, օդանավեր, այլ բան մեզ պետք չէ», - Reuters-ի թղթակցի հետ զրույցում նշում էր Անթալիայի Ղըզըլդաղ գյուղի բնակիչ Մուստաֆա Ունալը։

Թուրքական ընդդիմությունը, մինչդեռ, պնդում է՝ Էրդողանի կառավարությունը բավական դժկամորեն է ընդունում օտար պետությունների օժանդակությունը՝ չցանկանալով վերջնականապես խաթարել տարածաշրջանային առաջատարի և միջազգային գլոբալ խաղացողի վերջին տարիներին ձևավորած իմիջը։ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն, որն, ի դեպ, նույնպես ծնունդով Անթալիայից է, այդ մեղադրանքները կտրականապես հերքում է։

«Պատասխանելով այն մեղադրանքներին, թե մենք իբր չենք ընդունում արտերկրից եկող օգնությունը, մեկ անգամ ևս պետք է նշեմ՝ բացառվում է, որ մենք մեծամտությունից կամ հպարտությունից դրդված մերժենք արտաքին օժանդակությունը։ Չէ՞ որ մեր անտառներ են, որ այրվում են», - հայտարարում էր Չավուշօղլուն։

Թուրքական ընդդիմադիր շրջանակները նաև նկատում են, որ վերջին տարիներին երկրի կառավարությունը որևէ քայլ չի ձեռնարկել հրշեջ ավիացիայի զարգացման ուղղությամբ։ Որպես հետևանք՝ այժմ երկրի կառավարությունը ստիպված է շտապ կարգով հրշեջ ավիացիա վարձակալել հարևան երկրներից։

«Չորեքշաբթի օրը ևս չորս ուղղաթիռ կժամանի Ուկրաինայից։ Մենք դրանք վարձակալել ենք մասնավոր մի ընկերությունից։ Դրանց գլխավոր առանձնահատկությունը գիշերային ժամերին գործելու կարողությունն է», - հայտարարում էր Չավուշօղլուն։

Ի դեպ, թուրքական կողմին նախապես օժանդակություն էին առաջարկել նաև Անկարայի հետ բավական բարդ հարաբերություններ ունեցող Ֆրանսիան և Հունաստանը։ Վերջին պահին, սակայն, Փարիզն ու Աթենքը հետ կանգնեցին օգնության այս առաջարկից՝ պատճառաբանելով անտառային հրդեհների՝ իրենց երկրներում առկա վտանգը։ Այս մասին Թուրքիայի արտգործնախարարին հայտնել էր նրա հույն պաշտոնակիցը։

Չավուշօղլուի և Դենդիասի այդ զրույցից մի քանի ժամ անց անտառային հրդեհները հասան Հունաստան։ Աթենքի արվարձաններում և Հունաստանի մի շարք այլ շրջաններին անտառային հրդեհների 81 օջախ է արձանագրվել։

Հրդեհներին նպաստող գլխավոր գործոնն աննախադեպ շոգն է, նախօրեին Հունաստանի մի շարք շրջաններում ջերմաչափը 46 աստիճան շոգ է ցույց տվել։ «Վերջին անգամ նման շոգ եղանակ Հունաստանի տարածքում արձանագրվել է 90-ականների սկզբին», - պնդում է տեղական մամուլը։

XS
SM
MD
LG