Մատչելիության հղումներ

Բելառուսցի ևս մեկ մարզուհի որոշել է ընտանիքով չվերադառնալ հայրենիք


Բելառուսցի մարզուհի Յանա Մաքսիմովան, արխիվ

Բելառուսցի ևս մեկ մարզուհի Յանա Մաքսիմովան որոշել է ընտանիքով չվերադառնալ հայրենիք, մնալ Գերմանիայում։ Ինստագրամի իր էջում նա գրել է․ «Երկար մտածելուց և մտորումներից հետո մենք որոշեցինք չվերադառնալ Բելառուս։ Ցավոք, այնտեղ հիմա հնարավոր է կորցնել ոչ միայն ազատությունը, այլև զրկվել կյանքից»։

Թեթևատլետ Մաքսիմովան հիմա գտնվում է Գերմանիայում։ Նրա ամուսինը՝ Անդրեյ Կրավչենկոն ևս մնում է Գերմանիայում, նա նույնպես մարզիկ է, 2008 թվականի օլիմպիական խաղերում Կրավչենկոն արծաթե մեդալ էր նվաճել տասնամարտի մարզաձևում։ Յանա Մաքսիմովան այս տարի նվաճել էր Բելառուսի գավաթը, բայց Տոկիոյի օլիմպիական խաղերին մասնակցելու համար չի կարողացել լրացնել որակավորման պահանջվող չափանիշները։

Յանա Մաքսիմովայի որոշումը հաջորդեց Օլիմպիադայի մասնակից բելառուսցի Քիստինա Տիմանովսկայայի քայլին։ Վազորդուհի, 24-ամյա Տիմանովսկայան երկու օր առաջ Տոկիոյում հայտարարեց, թե հրաժարվում է վերադառնալ Բելառուս։

Երկուշաբթի նա պետք է վազքուղի դուրս գար, մինչ այդ նա քննադատել էր մարզիչներին սխալ որոշումների համար։ Տոկիոյում բելառուսական պատվիրակությունը իսկույն չեղարկել էր նրա հայտավորումը և կիրակի օրը նրան փոխադրել օդանավակայան Բելառուս վերադրաձնելու համար։

Օդանավակայանում Տիմանովսկայան դիմել էր ճապոնացի ոստիկաններին, ասել, որ իր կամքին հակառակ, իրեն ուժով փոխադրել են օդանավակայան։ Ոստիկանները նրան պաշտպանության տակ էին վերացրել։ Մարզուհին հայտարարել էր, որ արտասահմանում քաղաքական ապաստան է խնդրելու, վախենում է, որ հայրենիքում կենթարկվի հետապնդումների։

Անցած օրերին նա Տոկիոյում մնում էր Լեհաստանի դեսպանատանը։ Լեհաստանը նրան մարդասիրական վիզա է տրամադրել, այսօր ակնկալվում էր, որ նա Տոկիոյից կմեկնի Վարշավա, բայց վերջին պահին նա ուրիշ չվերթով Տոկիոյից մեկնել է Վիեննա։ «Ռոյթերս»-ի հաղորդման համաձայն՝ ավիաչվերթի փոփոխությունը կատարվել է անվտանգության նկատառումներից ելնելով։

Միջազգային օլիմպիական կոմիտեն սկսել է հետաքննել Քրիստինա Տիմանովսկայայի հետ կապած միջադեպը։ Արևմտյան մի շարք երկրներ, ներառյալ Միացյալ Նահանգները Բելառուսի իշխանություններին մեղադրել են մարզիկներին ճնշելու, օլիմպիական սկզբունքները խախտելու մեջ։

Ավելի վաղ «Նաշա Նիվա» կայքը տեղեկացրել էր, որ Բելառուսից հեռացել է ձեռքի գնդակի «Վիտյազ» ակումբի մարզիչ Կոնստանտին Յակովլևը։ Անցած հունիսին նա ձերբակալվել էր և 15 օրվա ազատազրկման դատապարտվել չարտոնված զանգվածային միջոցառմանը մասնակցելու մեղադրանքով։

Բելառուսում քաղաքական հետապնդումները, բռնաճնշումներն ուժգնացել են անցյալ տարվա նախագահական ընտրություններից հետո, որին հաջորդեցին բազմահազարանոց երկարատև բողոքի ցույցեր Մինսկում և բելառուսի մյուս քաղաքներում։

Այսօր Մինսկում սկսվել է ընդդիմադիր երկու հայտնի գործիչների՝ Մարիա Կոլեսնիկովայի և Մաքսիմ Զնակի դատավարությունը։

Կոլեսնիկովան ձերբակալվել էր անցած տարվա սեպտեմբերին։ Իշխանությունները փորձել էին նրան ուժով վտարել Ուկրաինա, սակայն նա պատռել էր անձնագիրը ու դուրս եկել մեքենայից, այդ կերպ կանխելով հարկադրվող վտարումը։ Դրանից հետո ոստիկանները նրան կրկին ձերբակալել էին, տեղափոխել մեկուսարան ու նրա դեմ քրեական գործ բացել։ Մաքսիմ Զնակը ձերբակալվել էր անցած տարվա սեպտեմբերի 9-ին։

Նրանք մեղադրվում են ազգային անվտանգության դեմ կոչերի ու գործողությունների, հակասահմանադրական ճանապարհով իշխանությունը զավթելու դավադրության և ծայրահեղական խմբավորումներ ստեղծելու մեջ։ Դատավարությունը փակ է ընթանում։

XS
SM
MD
LG