Մատչելիության հղումներ

Սկանդալային պատմություն Տոկիոյի Օլիմպիադայում


Քրիստինա Տիմանովսկայան ճապոնացի ոստիկանների պաշտպանության ներքո, Տոկիո, 1-ը օգոստոսի, 2021թ.

Այսօր Տոկիոյի ամառային Օլիմպիադայում բելառուսցի Քրիստինա Տիմանովսկայան պետք է մասնակցեր 200 մետր վազքի մրցումներին, բայց փոխարենը նա հայտնվել է Ճապոնիայի միջազգային օդանավակայանի հատուկ սենյակում՝ ոստիկանների հսկողության տակ:

Նախօրեին Բելառուսի օլիմպիական թիմը չեղարկել է Տիմանովսկայայի հայտավորումը և հաղորդել է մարզուհուն Բելառուս վերադարձնելու որոշման մասին: Ըստ բելառուսական թիմի ներկայացուցիչների, «մարզուհին հոգեբանորեն պատրաստ չէ մրցումներին, և Տոկիոյում նրա գտնվելն աննպատակահարմար է»:

Բելառուսական պատվիրակությունը վկայակոչել է թիմի բժիշկներին, ովքեր ասել են, որ «Տիմանովսկայայի էմոցիոնալ և հոգեկան վիճակը կասկածի տակ է դնում նրա հաջող մրցելույթի հնարավորությունը»:

Բելառուսական օլիմպիական թիմի ղեկավարները տոմս են պատվիրել և մարզուհուն երեկ փոխադրել են օդանավակայան, որտեղից նա պետք է «Թուրքական ավիաուղիներ»-ի ինքնաթիռով հեռանար Ճապոնիայից:

Ճանապարհին մարզուհին սոցիակալան ցանցում գրառում է տեղադրել՝ հայտնելով, որ իրեն փաստորեն առևանգել են և կամքին հակառակ տանում են Տոկիոյի «Հանեդա» միջազգային օդանավակայան:

Ապա Տիմանովսկայան տեղադրել է երկրորդ գրառումը, որով հաղորդել է, թե արդեն օդանավակայանի տարածքում դիմել է ճապոնացի ոստիկաններին և պատմել տեղի ունեցածի մասին: Նա հայտարարել է, որ չի ցանկանում վերադառնալ Բելառուս:

Ըստ Reuters լրատվական գործակալության՝ դրանից հետո ճապոնացի իրավապահները մարզուհուն ուղեկցել են մի սենյակ, որտեղ պաշտպանության տակ են վերցրել:

Բելառուսի օլիմպիական կոմիտեն հրաժարվել է մեկնաբանել Տիմանովսկայայի հետ կապված միջադեպը:

«Բելառուսի մարզիկների համերաշխության հիմնադրամ» կազմակերպությունը փոխանցել է, որ մարզուհին, ամենայն հավանականությամբ, այսօր ապաստան կխնդրի Գերմանիայի կամ Ավստրիայի իշխանություններից:

Տիմանովսկայան տեսաուղերձով դիմել է Միջազգային օլիմպիական կոմիտեին՝ խնդրելով քննել իր հետ տեղի ունեցած միջադեպը: Մարզուհին պնդում է, որ մարզիչները վրեժխնդիր են եղել, քանի որ ինքը համարձակվել էր սոցիալական ցանցում քննադատել է նրանց՝ մարզիկների հոգսերի հանդեպ անտարբեր լինելու համար: ՄՕԿ-ը քննում է հարցը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG