Մատչելիության հղումներ

Ռուսաստանի հետ լինելով դաշնակից՝ պետք է սերտացնել հարաբերություններն արևմուտքի հետ, շեշտում է Ռուբեն Սաֆրաստյանը


Հայաստանը տարաշրջանում առանց ռազմաքաղաքական դաշնակցի չի կարող գոյատևել՝ «Ազատության» «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման ժամանակ ասաց թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը՝ նշելով՝ Ամերիկայի Միացյալ Նահանգները և Ֆրանսիան, որոնք ավանդաբար լավ են տրամադրված Հայաստանի նկատմամբ, Թուրքիայի հետ գտնվում են նույն ռազմաքաղաքական դաշինքում, այսինքն՝ նրանց ձեռքերը միշտ կապված են, Չինաստանը ռեալ չէ, հետևաբար մնում է միայն Ռուսաստանը։

Միևնույն ժամանակ Սաֆրաստյանը շեշտում է՝ ունենալով Ռուսաստանին որպես ռազմաքաղաքական դաշնակից, պետք է փորձել սերտացնել հարաբերությունները նաև արևմուտքի հետ։

Ռուբեն Սաֆրաստյանի հետ հարցազրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև․

«Ազատություն»․ - Եվ հիմա մենք տեսնում ենք, որ Թուրքիան հաճույքով է ընդունել Հեյդար Ալիևի «մեկ ազգ, երկու պետություն» բանաձևը, և երկու երկրների միջև անվտանգային ինտեգրումն իրողություն է դառնում արդեն, սա շատ վտանգավոր շրջադարձ է մեզ համար, մեր տարածաշրջանի համար, ո՞րն է այս գործընթացի հակամիջոցը։ Եթե մենք տեսնում ենք, որ մեր հարևանը, որը մեզ հետ շատ վատ հարաբերություններ ունի, պատրաստ է պատերազմել, ներխուժել մեր տարածք, ոչ մի բանի առջև կանգ չի առնի, հերիք չէ դա, կա ևս մի զորեղ պետություն, որը միացել է և ինտեգրվում է նրա հետ, որը նույնպես գրեթե նույնքան թշնամական մտադրություններ ունի Հայաստանի նկատմամբ։ Մենք ի՞նչ պետք է անենք այս իրավիճակում, միայնակ ինչպե՞ս պիտի դիմակայենք։

Սաֆրաստյան․ - Գիտեք, էստեղ շատ կարևոր խնդիր է, որ մենք մեզ միայնակ չզգանք, էդ զգացողությունը՝ միայնակության, մեկուսացման, արդեն թուլություն է, պետք է մենք կարողանանք համոզվենք, որ մենք, որպես պետություն, վերականգնում ենք մեր կարողությունները և՛ անվտանգային համակարգի առումով, և՛ բանակի առումով, և՛ այլն, պետք է այդ գործընթացն անպայման արվի, որ հիմա մենք տեսնում ենք՝ սկսել է և պետք է արագացնել, սա առաջինն է։ Երկրորդը հետևյալն է՝ մեր տարաշրջանում մենք առանց ռազմաքաղաքական դաշնակցի չենք կարող գոյատևել։ Շատ ճիշտ նշեցիք, որ այդ երկու պետություններն այնպիսի ծրագրեր ունեն, որոնք վտանգում են մեր գոյությունը, էքզիստենցիալ վտանգ են մեզ համար ներկայացնում, և պետք է մենք ունենանք ռազմաքաղաքական դաշնակից։ Որո՞նք կարող են լինել մեր ռազմաքաղաքական դաշնակիցները, ես կարծում եմ՝ միայն Ռուսաստանը։ Ամերիկայի Միացյալ Նահանգները և Ֆրանսիան, որոնք ավանդաբար լավ են տրամադրված մեր ժողովրդի նկատմամբ, Հայաստանի նկատմամբ, նրանք Թուրքիայի հետ գտնվում են նույն ռազմաքաղաքական դաշինքում, այսինքն՝ նրանց ձեռքերը միշտ կապված կլինեն, Չինաստանի մասին միշտ խոսվում է, Չինաստանը հեռու է և այլն, ռեալ չի, մնում է Ռուսաստանը և Ռուսաստանի հետ մենք պետք է կարողանանք մեր հարաբերություններն այնպիսի համակարգի մեջ դնենք, որը կօգտագործի մաքսիմալ Ռուսաստանի հնարավորությունները, որովհետև որոշ դեպքերում և շատ դեպքերում մեր շահերը Ռուսաստանի հետ համընկնում են։

«Ազատություն»․ - Պարոն, Սաֆրաստյան, իսկ ինչո՞ւ չձգտել միանալ այն դաշինքներին, որի անդամ է հենց Թուրքիան։

Սաֆրաստյան․ - Երրորդ կետն է, որը ես ուզում էի ասել, այո՛, պետք է մենք նաև ներկա փուլում, ունենալով Ռուսաստանին որպես ռազմաքաղաքական դաշնակից, փորձենք արևմուտքի հետ սերտացնել մեր հարաբերությունները։ Ես պատահական չնշեցի և՛ Ամերիկայի Միացյալ Նահանգները, և՛ Ֆրանսիան, և ես տեսնում եմ, որ այդ երկրների կողմից դրական մոտեցում կա մեր նկատմամբ։ Պետք է սերտացնել հարաբերություններն ամենատարբեր մակարդակում։ Իհարկե շատ լավ կլիներ, որ մենք լինեինք ՆԱՏՕ-ի անդամ։

«Ազատություն»․ - Օրինակ, ես հիշում եմ, որ մեր նախկին նախագահներից մեկն ասում էր, որ ՆԱՏՕ-ն մեր անվտանգության չորս բաղադրիչներից մեկն է, դա Սերժ Սարգսյանն էր։

Սաֆրաստյան․ - Եթե այդպես լինի, շատ լավ կլինի։ Ես երկու անգամ իրենց հրավերով եղել եմ ՆԱՏՕ-ի շտաբկայանում Բրյուսելում և նույնիսկ մեկ անգամ եղել եմ Մոնսում, դա Բրյուսելի կողքն է, որտեղ գտնվում է ՆԱՏՕ-ի ստորգետնյա կառավարման կենտրոնը, և ՆԱՏՕ-ի ղեկավարներն, ամենատարբեր մակարդակի, շատ բարձր էին գնահատում Հայաստանի հետ համագործակցությունը ռազմական բնագավառում, այն որոշակի ծրագրերը, որ Հայաստանն էր կատարում համատեղ, բացի դրանից, ՆԱՏՕ-ն խաղաղության երեք ծրագիր ունի համագործակցության, Հայաստանն առաջինը կատարել է, երկրորդի մեջ է կարծես։ Դա պետք է շարունակել, պետք է խորացնել, բայց ստեղ մի խնդիր կա, որ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան պայմաններ կդնի, եթե մենք մեկ էլ որոշենք ՆԱՏՕ-ի անդամ դառնալ, որոշակի պայմաններ կդնի մեր նկատմամբ հրաժարվելու մեր ինքնությունից, եթե այսպես ընդհանրացված ասեմ, արդյո՞ք կարող ենք մենք գնալ դրան, երկրորդը՝ շատ լավ մենք գիտենք, որ ՆԱՏՕ-ն այնպիսի կազմակերպություն է, որը անդամ չի ընդունում այնպիսի երկրների, որոնք ունեն որոշակի հակամարտություններ։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG