Մատչելիության հղումներ

Ըստ մասնագետի` Նիդեռլանդներ տեղափոխվող աճյունների նմուշներն այնքան վնասված են եղել, որ հնարավոր չի եղել ԴՆԹ անջատել


Մի քանի ամիս տևած բանակցություններից հետո միայն երեկ առողջապահության նախարարի պաշտոնակատարը հայտարարեց՝ 44-օրյա պատերազմում զոհվածների մարմինների ու մասունքների 50 վնասված և բարդ փորձանմուշները, որոնք այստեղ հնարավոր չի եղել նույնականացնել, տեղափոխվելու են Հոլանդիա՝ հետազոտության։

«Ցավոք սրտի, ունեինք բարդ փորձանմուշներ, որոնք չէր հաջողվում նույնականացնել։ Հոլանդացի գործընկերների հետ կնքեցինք համաձայնություն, և դրանք հիմա տեղափոխման գործընթացի մեջ են», - ասել է նա։

Նախարարի պաշտոնակատարը միևնույն ժամանակ նշել է, որ չի կարծում, թե դրանց պատասխանները արագ կլինեն. «Ես չեմ կարծում, որ դրա պատասխանը շատ արագ կլինի, որովհետև նրանց կողմից էլ բավական բարդ փորձաքննությունների ընթացք պետք է արվի։ Հենց մենք ունենանք դրանց պատասխանները, անպայման կհանրայնացնենք»:

Դատաբժշկական կենտրոնի մոլեկուլային գենետիկայի փորձաքննությունների բաժնի վարիչ Մարինե Բաղդասարյանի խոսքով՝ այս 50 նմուշները այնքան վնասված են եղել, որ հնարավոր չի եղել ԴՆԹ անջատել, սակայն հույս ունեն, որ արտերկրում գուցեև հնարավոր լինի նույնականացնել. «Հույս ունենք, որ դրսում կարող է կան ինչ-որ այլ մեթոդներ, որ ավելի զարգացած են, ավելի առաջընթաց են ու հնարավորություն կունենան անջատելու։ Բոլոր դեպքերում անգամ այս պարագայում 50 նմուշ, որ դուրս է ուղարկվում, զումի ժամանակ երբ մենք շփվում ենք մասնագետների հետ, իրենք էլ են ասում, որ նմուշները պետք է նկարահանվեն, ֆոտոլուսանկար, որի արդյունքում իրենք ասեն` արդյոք այդ 50-ից բոլորը պիտի ուղարկվի, թե դրանցից ընտրվելու են այն նմուշները, որոնք իրենք էլ անզեն աչքով նայելով կզգան, որ չի անջատվելու»:

Գենետիկ փորձագետի խոսքով՝ կենտրոնում այժմ էլ ամեն օր աշխատանքները շարունակվում են, նույն նմուշը մի քանի անգամ փորձաքննության են ենթարկում։ Բաղդասարյանի խոսքով՝ դեռ պահպանում են նաև նմուշներ, որոնք նույնականացվել են, սակայն ծնողները չեն հավատում պատասխանին։

Անհետ կորած զինծառայողների հարազատներն ամիսներ շարունակ շրջում են դիահերձարաններով, հետևում ԴՆԹ փորձաքննությունների ընթացքին, անձամբ մասնակցում որոնողական աշխատանքներին, սեփական հետաքննություններով փորձում գտնել իրենց հարազատի մասին տեղեկություն։ Նրանցից շատերը, չհավատալով, չվստահելով այստեղ արված ԴՆԹ հետազոտությանը, անձամբ՝ իրենց միջոցներով նմուշները ուղարկել են արտերկիր՝ ևս մեկ անգամ հետազոտություն անցկացնելու։

Ծնողներից մեկն «Ազատության» հետ զրույցում ասաց՝ Հայաստանում արված հետազոտության պատասխանին չի վստահել, սկզբում նմուշն անձամբ ուղարկել է Վրաստան, այնուհետև նաև Գերմանիա. «Իմ երեխեն դեկտեմբերի 3-ից, երեխու մարմինը եղել է հենց Հերացիում` Հայաստանի Հանրապետությունում: Ինթ ապրիլին են տեղյակ պահել։ Դրա ճիշտ աշխատանքը ո՞րն ա, երբ որ էն ժամանակ ճանաչելի բաներ ա եղել, երեխու թևը, ձեռքերը ճանաչելի է եղել, ձեռքի վրա նշան կար»:

Մինչ օրս դատաբժշկական փորձաքննության է ենթարկվել 3794 մարմին ու մասունք, հայտնում են Առողջապահության նախարարությունից։ Պատերազմից 9 ամիս անց որոնողական աշխատանքների ընթացքում դեռ հայտնաբերվում են մարմիններ ու մասունքներ։ Այսօր էլ որոնողական աշխատանքները շարունակվում են Ֆիզուլիի հատվածում, հայտնաբերվել է ևս մեկ զինծառայողի աճյուն:

«Օպերատիվ շտաբում գրանցված տվյալների համաձայն` որոնումներն իրականացնում ենք այն վայրերում, որտեղ կան շատ հայտեր, իսկ հիմնականում դա հարավային շրջանն է։ Շարունակում ենք համագործակցել ծնողների, զոհված զինծառայողների, անհետ կորած զինծառայողների, պահեստազորայինների և կամավորականների հարազատների հետ, և իրենցից ստացված տեղեկատվության համաձայն` իրականացնում ենք մեր որոնումները», - ասում է Արցախի ներքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Հունան Թադևոսյանը:

Նրա խոսքով՝ ծառայության հիմնական դժվարությունն այն է, որ չգիտեն, թե դեռ քանի հոգու են փնտրում. «Հայտնաբերված աճյունների մի մասի ԴՆԹ թեստերը դեռ հաստատված չեն, գուցե այդ անհետ կորածները նաև նրանց մեջ են, որ դեռ բացահայտված չեն, քանի որ ծնողները նաև ներկայացնում են, որ ունեն փաստեր, որ իրենց որդիները գերեվարված են, ըստ այդմ մենք չենք կարողանում դրա համար կոնկրետ թիվ հրապարակել, թե քանի հոգու ենք այս պահին փնտրում»:

Քննչական կոմիտեից փորձեցինք տեղեկություն ստանալ, թե այս պահին քանի անհետ կորած կա, հորդորեցին գրավոր հարցում ուղարկել։

XS
SM
MD
LG