Մատչելիության հղումներ

Քանի դեռ որդուս չեն գտել, ինձ փարատող բառեր չեն գտնվելու․ անհետ կորածի մայր


Անհետ կորածների ազգականները Դատաբժշկական կենտրոնի բակում

Արցախի փրկարար ջոկատներն այսօր վերսկսել են որոնողական աշխատանքները։

15 օր շարունակ Ադրբեջանը հայկական կողմին թույլ չէր տալիս զոհված զինծառայողների աճյունները փնտրել իրենց հսկողության տակ անցած տարածքներում:

«Փաստորեն երկարատև դադարից հետո վերսկսվեցին որոնողական աշխատանքները։ Այսօր դրանք շարունակվեցին չորս ջոկատով, երեք ուղղություններով։ Ինչպես և նախատեսել, պլանավորել էինք, դա հարավային թևն է Արցախի, որը գտնվում է այժմ Ադրբեջանի հսկողության տակ՝ Վարանդայի, Ջրականի, Ֆիզուլի և Ջաբրայիլը նկատի առնելով, և Հադրութի շրջանները։ Այդ ուղղություններով այս պահին որոնողական աշխատանքները ընթանում են։ Երեկոյան գուցե կունենանք թարմ տվյալներ», - «Ազատությանը» փոխանցեց Արցախի ներքին գործերի նախարարության մամլո խոսնակ Հունան Թադևոսյանը։

Նրա տեղեկացմամբ, ադրբեջանական կողմը շարունակում է չմեկնաբանել, թե ինչով էր որոնումների արգելքը պայմանավորված։ Ենթադրում են, որ պատճառը Ադրբեջանին անցած բնակավայրերում սկսված լայնածավալ շինարարական աշխատանքներն են։

Որոնումները վերսկսելու բանակցությունները վարում էր ռուսական կողմը։ Պատերազմի ավարտից 4 ամիս անց Արցախի կորցրած տարածքներում փրկարարները դեռ պետք է որոնեն, նախնական տվյալով, 400 զինծառայողի։

«Նրանց մասին որևէ տեղեկություն չկա։ Արդյո՞ք գերի է, անհետ կորած է կամ ուղղակի զոհվել է, և նրա մարմինը դեռ չենք գտել։ Ըստ մեր ունեցած տվյալների, նրանք չորս հարյուրն են», - ասաց Թադևոսյանը։

Անհայտ կորած համարվող զինծառայողների թիվը կրկնակի մեծ է՝ դատելով Զինծառայողների ապահովագրության հիմնադրամից հատուցում ստացողների թվից։ Այս պահին անհայտ կորածների 803 ընտանքիներ են գումար ստանում։ Ենթադրվում է, որ դեռևս հարյուրավոր չնույնականացված աճյուններ կան հանրապետության
դիահերձարաններում։ Հերացու դիահերձարանը, որտեղ գտնվում է Դատաբժշկական կենտրոնը, ամենամռայլ հասցեն է։ Կենտրոնի բակում օրվա բոլոր ժամերին սպասող տղամարդիկ են։

«90 օր ման եմ էկել որդուս, 90 օր։ Նոր 95-րդ օրը գտել եմ Աբովյանի մորգից։ Անճանաչելի էր, մինչև Դե-Էն-Կա-ն չարին, չտվին որդուս», - ասաց Ազատ Մանուկյանը։

Նա 19-ամյա որդուց մնացած մասունքները մի քանի օր առաջ է հողին հանձնել, այժմ որդու ընկերոջն է փնտրում, եկել էր ճշտելու, թե Արցախից տեղափոխված նմուշներում արդյոք նույնականացում կա։

Պաշտպանության նախարարությունը զոհվածների անուն-ազգանուններ վերջին անգամ հրապարակել է նախորդ ամսվա կեսին՝
ընդհանուր առմամբ 2364 անուն: Մինչև այժմ դատաբժշկական փորձաքննության է ենթարկվել 3684 մարմին։ Այս երկու թվերի տարբերությունը՝ 1320, պետք է որ դեռևս չճանաչված, չնույնականացված զինծառայողների թիվը լինի։ Առողջապահության նախարարությունից խոստացան տեղեկատվություն տրամադրել ավելի ուշ։

Քանի դեռ նույնականացման գործընթացն ավարտված չէ, գերիների հնարավոր թվի մասին էլ խոսել չենք կարող, ասում է փաստաբան Սիրանուշ Սահակյանը․ - «Այն պահից, երբ Հայաստանին հանձնված դիակները արդեն վերջնականապես կնույնականացվեն, դուրս կբերվի պաշտոնապես անհետ կորածների ցուցակը, մենք էդ տարբերությունների ու մեր ձեռքի տակ ունեցած փաստերի հիման վրա կարող են ավելի հիմնավոր գերեվարման գործեր մշակել»։

Անհայտ կորած զինծառայողների, գերիների հարազատները՝ շուրջ 18 հոգի, այսօր կառավարության շենքում վարչապետի հետ հանդիպման էին։

Վարդուհի Ավետյանի որդին անհայտ կորածների ցանկում է, վարչապետի հետ հանդիպում էր երրորդ անգամ․ - «Լսում է, մտածում է ինչ կարող է անել, լուծումներ գտնել, մասնագետներ կանչել․․․ ինչ-որ մի բան անում է։ Բայց աշխատանքը չի գոհացնում»։

Ավետյանն ասաց՝ քանի դեռ որդուս չեն գտել, ինձ փարատող բառեր չեն գտնվելու։

XS
SM
MD
LG