Մատչելիության հղումներ

«Գոնե վեճեր չեն լինում»․ պատվաստումային շրջիկ կայաններում ներդրվել է հերթագրման էլեկտրոնային համակարգ


Պատվաստումային շրջիկ կայաններում թեև հերթերը շարունակվում են, սակայն դրանք արդեն համակարգված են. ներդրվել է հերթագրման էլեկտրոնային համակարգ։

«Ավելի համակարգված է, իրենք գիտեն, հերթով գալիս են, էլ իրար մեջ կռիվ չի լինում։ Ավելի ցիվիլ տարբերակ է, ավելի հեշտացնում է գործը, գոնե էս ծանրաբեռնվածության մեջ կռիվներ, վեճեր չեն լինում»։ Առողջապահության նախարարության ներկայացուցիչ Լուսինե Հովհաննիսյանն արդեն մի քանի օր է, ինչ համակարգում է Էլեկտրոնային հերթագրումների համակարգը։ Համակարգը ներառում է 3 բաժին՝ Հայաստանի քաղաքացիություն ունեցող անձինք, օտարերկրացիներ և կացության իրավունք ունեցող անձինք։ Համակարգը նախատեսում է ինչպես պատվաստումային գործընթացի իրականացում, այնպես էլ խորհրդատվություն: Էլեկտրոնային այս համակարգն առաջնահերթությունը տալիս է նախ Հայաստանի քաղաքացիություն ունեցողներին։

«Ուզում է 70 հոգի գրանցած լինեմ, էդ պահին եկավ Հայաստանի քաղաքացի, էդ պահին գրանցեցի, համակարգն ավտոմատ ճանաչում է և կանչում է Հայաստանի քաղաքացիություն ունեցող անձանց, հետո, եթե կացության քարտով եկան, համակարգը հաջորդը կացության քարտերովին է տալիս առաջնահերթություն, վերջում նոր օտարերկրյա քաղաքացիներին», - ասաց Հովհաննիսյանը։

Հուլիսի 15-ից օտարերկրացիները կարող են պատվաստվել միայն այն դեպքում, երբ առնվազն 10 օր Հայաստանում են գտնվել։ Շարժական կայաններում ստուգվում է նաև այն, թե արդյո՞ք օտարերկրացին 10 օր եղել է Հայաստանում, թե՞՝ոչ։

«Մինչև իրենց կտրոն տրամադրելը, նախապես թե՛ բժիշկները, թե՛ մենք մեկ անգամ ևս ստուգում ենք, որ երկրում գտնվեն 10 օր և ավելի, ինչպես հրամանով է, եթե ամեն ինչ համապատասխանում է և 10 օր գտնվում են մեր երկրում, դրանից հետո տրամադրվում է կտրոնը», - նշեց Լուսինե Հովհաննիսյանը։

Արդեն մի քանի շաբաթ է, ինչ չի դադարում հատկապես Իրանից ժամանածների հոսքը։ Իսլամական հանրապետության քաղաքացիները օրեր շարունակ գիշերում էին Երևանի կենտրոնում՝ պատվաստվելու համար։ Հիմա էլ մարդկանց հոսքը չի դադարում։

Օտարերկրացիներն այստեղ անվճար կարող են պատվաստվել միայն «ԱստրաԶենեկա»-ով։

«20 տարի է՝ գալիս եմ, գնում, էստեղ սովորել եմ, ավարտել եմ, հիմա էլ եկել եմ որպես տուրիստ, սակայն այսօր տեսնում եմ վակցինացիայի հարց, եթե հարմար գտնեմ, կանեմ, եթե ոչ՝ չէ»։ Թեհրանից ժամանած Կարինե Մանուչարյանը, ով այստեղ է որպես զբոսաշրջիկ, իր մտահգությունը բարձրաձայնեց՝ ինչո՞ւ պետք է օտարերկրացիները միայն «ԱստրաԶենեկա»-ով պատվաստվեն․ - «Որովհետև կարող է ինչ-որ դեղ, դրա մեջ բաղադրություն մեկին հարմար չլինի»։

Հայաստանում այս պահին երեք տեսակի պատվաստանյութ է կիրառվում՝ ռուսական «Սպուտնիկ Վի», բրիտանա-շվեդական «ԱստրաԶենեկա» և չինական «Կորոնավակը», երեքն էլ անվճար և ըստ ցանկության։ Հայաստանի քաղաքացիները հնարավորություն ունեն ընտրելու, թե որ պատվաստանյութով են ցանկանում պատվաստվել։

Առողջապահության նախարարության տրամադրած վիճակագրության համաձայն՝ մինչ օրս իրականացվել է ավելի քան 131 հազար պատվաստում, այս թվի մեջ են նաև Հայաստանում պատվաստված օտարերկրացիները, սակայն իշխանությունն առանձին վիճակագրություն չի տրամադրում։

XS
SM
MD
LG