Մատչելիության հղումներ

Բուհերի ընդունելության քննություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 13 հազար 360 դիմորդ


Քննություններ Հայաստանում, արխիվ

Երեկ ավարտվել է Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունների 2021 թվականի ընդունելության միասնական, կենտրոնացված և ներբուհական քննությունների հայտագրման առաջին փուլը: Գնահատման և թեստավորման կենտրոնի ներկայացրած տվյալներով` այս փուլում ընդունելության քննություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 13 հազար 360 դիմորդ։

Ըստ առարկաների՝ առավել մեծաթիվ են «Մաթեմատիկա», «Անգլերեն» «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկաներից քննություն հանձնողները, հաղորդում են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարարությունից։

Մասնավորապես «Մաթեմատիկայի» քննության համար հայտագրվել է 5 հազար 185, «Անգլերենի» քննության համար` 4 հազար 342, իսկ «Հայոց լեզու և հայ գրականության» համար` 4 հազար 74 դիմորդ (Արցախի դիմորդները ներառյալ): Հայտերի ընդունելությունը կատարվել է առցանց` dimord.am էլեկտրոնային հարթակում: Առաջին փուլում դիմորդները հայտագրել են մեկ բուհի մեկ մասնագիտություն՝ անվճար և վճարովի համակարգեր:

Հունիսի 26-ից հուլիսի 1-ը կկատարվի երկրորդ փուլով դիմում-հայտերի ընդունելությունը, որին կարող են մասնակցել ՀՀ երկքաղաքացիները և օտարերկրացիները, օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատությունները տվյալ ուսումնական տարում ավարտած ՀՀ քաղաքացիները, առաջին փուլում ընդունելության դիմում-հայտ չներկայացրածները, ինչպես նաև տվյալ տարվա ամառային զորակոչից զորացրված կամ մինչև հուլիսի 31-ը զորացրվող դիմորդները: Նրանց հայտագրումը կատարվում է նույն` մեկ բուհի մեկ մասնագիտություն սկզբունքով` dimord.am կայքում առցանց հայտ լրացնելու տարբերակով:

Հուլիսի 19-26-ը կատարվելու է լրացուցիչ փուլի հայտագրումը, որի ընթացքում բուհերում առկա թափուր մնացած տեղերի համար դիմորդները հնարավորություն ունեն վճարովի և անվճար համակարգերով հայտագրել մինչև 6 մասնագիտություն` ըստ իրենց հանձնած միասնական քննությունների դրական միավորների:

ԿԳՄՍ նախարարությունը նշում է նաև, որ 2021-22 ուսումնական տարվա համար բակալավրի կրթական ծրագրով Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններին հատկացվել է 1824 անվճար և 21 հազար 820 վճարովի տեղ։ Դիմորդներն ընդունելության համար կհանձնեն երկու միասնական քննություն:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG