Հայիթիի նախագահի սպանությունը հնարավոր է` պատվիրել է Արդարադատության նախարարության հակակոռուպցիոն բաժնի նախկին աշխատակից Ժոզեֆ Բադիոն։ Այդ մասին ասել է Կոլումբիայի ոստիկանապետը` վկայակոչելով հետաքննության նախնական տվյալները։
Ըստ այդ վարկածի՝ Ժոզեֆ Բադիոն կապ է հաստատել կոլումբիացի պաշտոնաթող երկու զինվորականի հետ՝ նրանց պատվիրելով նախագահի սպանությունը։
Ժոզեֆ Բադիոյի գտնվելու վայրը հայտնի չէ։
Հայիթիի նախագահ Ժովենել Մոիզը սպանվել է նրա առանձնատան վրա զինված հարձակման հետևանքով։ Ըստ ոստիկանության՝ զինված խմբի անդամներից 26-ը կոլումբացի նախկին զինվորականներ են և երկու Հայիթիի ամերիկացիներ։
Հայիթիի ոստիկանությունը կազմակերպիչների մասով կասկածյալ է համարում նաև նախկին սենատոր Ջոն Ժոզեֆին։
Ձերբակալվածների թվում է նաև նախագահի նստավայրի անվտանգության ծառայության ղեկավարը։
Հայիթիի վարչապետ Կլոդ Ջոզեֆը երեկ ասել է, որ նախագահի սպանությունը «մեծ դավադրություն» է, որտեղ շատ մարդ է ներգրավված։
Հայիթիի նախագահը սպանվել է հուլիսի 7-ի գիշերը, հուղարկավորությունը տեղի է ունենալու գալիք շաբաթվա ընթացքում։