Միացյալ Նահանգների Հետաքննությունների դաշնային բյուրոյի և Ներքին անվտանգության գործակալության աշխատակիցները առաջիկա ժամերին կմեկնեն Հայիթի՝ այդ երկրի նախագահ Ժովենել Մոիզի սպանության հետաքննությանն օժանդակելու նպատակով։
Անցած գիշեր Վաշինգտոնում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այդ մասին հայտարարել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Փսակին։ Դրան զուգահեռ Հայիթիի իշխանությունները հայտարարել են, որ ձերբակալել են նախագահ Մոիզի առանձնատան վրա հարձակման 28 մասնակիցներին։ Դրանցից երկուսը ամերիկացիներ են, 26-ը՝ Կոլումբիայի քաղաքացիներ՝ հիմնականում լատինաամերիկյան այդ երկրի Զինված ուժերի պաշտոնաթող ծառայողներ։
Հետաքննությանը զուգահեռ իրադրությունը կղզում շարունակում է լարված մնալ։ Reuters գործակալությանը հայտնի է դարձել, որ Հայիթիի ժամանակավոր վարչապետ Կլոդ Ժոզեֆը նամակով դիմել է ԱՄՆ իշխանություններին և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ ռազմական աջակցություն խնդրանքով։ Հայիթիի վարչապետի խոսքով՝ երկրի կառավարությունն արտաքին օժանդակության կարիք ունի նախևառաջ առանցքային ենթակառույցները՝ Պորտ-օ-Պրենսի միջազգային օդանավակայանն ու երկրում գտնվող նավահանգիստները պաշտպանելու համար։