Մատչելիության հղումներ

Վաշինգտոնը Թբիլիսիին կոչ է արել պատժել բռնություններ կատարողներին


Միացյալ Նահանգները Թբիլիսիին կոչ է արել խաղաղ ակցիայի մասնակիցների և լրագրողների վրա հուլիսի 5-ին և 6-ին հարձակումներ գործած բոլոր անձանց պատասխանատվության ենթարկել։ Վաշինգտոնը նաև ակնկարկել է մեղավորների հանդեպ պատժամիջոցներ սահմանելու հնարավորության մասին։

Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսին բրիֆինգում վրացի լրագրողը հարց է ուղղել` ցույց տալով ծեծի ենթարկված հեռուստաօպերատոր Ալեքսանդր Լաշկարավայի լուսանկարը, հայտնելով, որ նրա մահից հետո ընդդիմադիր մամուլը պահանջում է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հրաժարականը՝ մեղադրելով նրան անգործության ու անընդունակության մեջ՝ պաշտպանելու քաղաքացիների և լրագրողների իրավունքները։

Ցավակցություն հայտնելով Լաշկարավայի ընտանիքի անդամներին և գործընկերներին` Նեդ Փրայսն ասել է․ «Վրաստանի առաջնորդներին և իրավապահ մարմիներին մենք հիշեցնում ենք իրենց պատասխանատվության մասին՝ պաշտպանելու սահմանադրական իրավունքներն իրականացնող բոլոր անձանց ու լրագրողների իրավունքները»:

Նա Վրաստանի իշխանություններին կոչ է արել հարգել ԼԳԲՏ համայնքի իրավունքներն և նրանց պաշտպանել բռնություններից, վիրավորանքներից, խտրականությունից ու խարանումներից։

«Ինչ վերաբերում է վարչապետին և նրա ապագային, ապա այդ որոշումը պետք է ընդունի Վրաստանի ժողովուրդը»,- նշել է Պետդեպարտամենտի խոսնակը։

Անդրադառնալով նաև միջադեպը չկանխելու համար պատասխանատու պաշտոնյաների հանդեպ պատժամիջոցեր սահմանելու հնարավորության հարցին` Նեդ Փրայսն ասել է․ «Մենք մի շարք մեխանիզմներ ունենք նրանց հանդեպ, ովքեր պատասխանատվություն են կրում մարդու իրավունքների խախտումների և բռնությունների համար։ Պատժամիջոցները այդ մեխանիզմներից մեկն է։ Ինչպես գիտեք, մենք նախօրոք չենք ասում պատժամիջոցների մասին, քանի դեռ այն չենք ընդունել, բայց մենք ուշադիր հետևում ենք Վրաստանի իրավիճակին»։

Այսօր Վրաստանի ընդդիմադիր չորս հեռուստաընկերություններ` «Մտավարի», «Պիրվելի», «Ֆորմուլա» և «Կավկասիա» հեռուստաընկերությունները որպես բողոքի նշան 24 ժամով դադարեցրել են հեռարձակումները։ Նրանք պահանջում են վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հրաժարականը, ինչպես նաև պատասխանատվության ենթարկել Թբիլիսիում հուլիսի 5-ին և 6-ին խաղաղ ցուցարարների ու լրագրողների վրա հարձակված բոլոր անձանց։

«Պիրվելի» հեռուստաընկերության օպերատոր Ալեքսանդր Լաշկարավան ծայրահեղականների կողմից դաժան ծեծի էր ենթարկվել հուլիսի 5-ին։ Հիվանդանոցից դուրս գրվելով` նա տանը մահացել է վեց օր անց։ Երեկ նրա հուղարկավորությունն էր։ Ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ ըստ փորձագիտական միջանկյալ տվյալների` նա մահացել է թմրանյութի գերդոզավորումից։

Լսելով նրա մահվան մասին` հազարավոր վրացիներ դուրս էին եկել Թբիլիսիի և մյուս խոշոր քաղաքների փողոցներ` պահանջելով վարչապետի և կառավարության հրաժարականը։ Բողոքի ակցիաներում նաև կոչեր են հնչել պատասխանատվության ենթարկել լրագրողների դեմ բռնությունների կազմակերպմանը մասնակցած հոգևորականներին։

XS
SM
MD
LG