Մատչելիության հղումներ

Ըստ Հակոբ Բադալյանի՝ Պուտինի ակնարկները ենթադրում են Հայաստանի համար ցավոտ օրակարգի առկայություն


Հայաստանի վարչապետի պաշտոնակատարի հետ վերջին հանդիպման ժամանակ Ռուսաստանի նախագահի արած ակնարկները «կարող են ենթադրել մեզ համար ոչ նպաստավոր, մեզ համար ոչ շահեկան և ցավոտ օրակարգի առկայությունը»։ Այսպիսի կարծիք հայտնեց քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը «Ազատության» «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդաշարի հուլիսի 11-ի թողարկման ժամանակ։

Ստորև՝ հատված հարցազրույցից․

«Ազատություն»․ - Այսպիսի տեսակետ կա, որ, ըստ էության, Պուտինն ասում է՝ «հիմա դուք ունեք այդ լեգիտիմությունը, և ժամանակն է գնալ այդ դժվարին, ցավոտ փոխզիջումներին», նման կերպ նույնպես կարելի է թարգմանել նրա այդ հայտարարությունները։ Այդ ի՞նչ փոխզիջման մասին է խոսքը։ Շատերն ասում են, որ «Զանգեզուրի միջանցք», այսպես կոչված․․․

Հակոբ Բադալյան․ - Եթե վստահությունը կապակցվում է այդ սուր և զգայուն հարցերին, սա նշանակում է, որ իսկապես խոսքը վերաբերում է Հայաստանի համար ցավոտ հարցերի։ Իհարկե, մենք կարող ենք գնահատել միայն բովանդակության ծանոթ լինելուց հետո, բայց սա, անշուշտ, էլի նշեմ՝ շատ սուր և հետաքրքրական, այսինքն՝ տագնապալի իմաստով հետաքրքրական հարցեր է առաջացնում մեր հանրության շրջանում։

Եթե մի քիչ լայն նայենք, ամբողջ խնդիրն այն է, որ հիմա կան շատ դինամիկ պրոցեսներ, մենք տեսնում ենք միջինասիական ուղղությամբ, ես սրանք էապես կապակցված եմ համարում Կովկասի իրավիճակին, մենք տեսնում ենք, թե Ռուսաստանն այնտեղ ինչ մարտահրավերների առաջ է կանգնում՝ շատ լայն իմաստով, ընդհուպ՝ ռազմական հնարավոր օպերացիաների և այլն, և այս պարագայում Ռուսաստանի համար չափազանց կարևոր է դառնում, առավել քան կարևոր է դառնում կայունությունը Կովկասում, որովհետև, մեծ հավանականությամբ, հնարավորություն չի լինելու հավասարաչափ արձագանքել թե՛ այստեղ որևէ խնդրի և թե՛ միջինասիական այդ լարմանը։ Եվ այդ հանգամանքը մեզ իսկապես կարող է մտահոգել, որովհետև մենք տեսնում ենք, որ Ռուսաստանի չունի բավարար ազդեցություն Ադրբեջանին, այսպես ասած, կայունության ռեժիմ թելադրելու, հատկապես եթե կա Թուրքիայի գործոնը, և մեծ վտանգ կա, որ Ռուսաստանը փորձի իր ազդեցությունը օգտագործել Հայաստանի վրա՝ այդ կայունությունը, այսպես ասած, Հայաստանի հաշվին ապահովելու և հաստատելու համար Կովկասում, որպեսզի ավելի ամբողջապես սկսի զբաղվել միջինասիական ուղղությամբ այս լարվածությամբ։

«Ազատություն»․ - Այսպիսի նաև տեսակետ կա, որ փաստորեն երբ ՀԱՊԿ-ը հայտարարեց, որ չի պատրաստվում Հայաստանին աջակցել սահմանային լարվածության հարցով, հիմա էլ Պուտինն է նույն բանը փաստորեն ասում, որ «մենք ձեզ չենք աջակցելու, չենք կարող աջակցել, դուք ինքներդ կարող եք ձեր հարցերը լուծել»։ Ի՞նչ եք կարծում, ճի՞շտ է։

Բադալյան․ - Ես այդքան էլ համաձայն չեմ, որ այդպես նույնական են Ռուսաստանի և ՀԱՊԿ արձագանքները, մի քիչ ՀԱՊԿ-ը կդիտարկեմ այլ հարթության վրա, որովհետև ՀԱՊԿ-ը ընդհանրապես որևէ մեխանիզմով չի միջամտում, չի ներգրավվում այս սահմանային իրավիճակին, բայց մենք տեսնում ենք, որ Ռուսաստանի որոշակի ներգրավվածություն քննարկվում է՝ քննարկվում է թե՛ ռազմակայանի հենակետ Սյունիքում ստեղծելու, հիմնելու հարցը և թե՛ քննարկվում է հայ-ադրբեջանական սահմանին ռուս սահմանապահներ տեղակայելու հարցը, մեծ հաշվով՝ ինչպես հայ-թուրքական սահմանն է կամ հայ-իրանական սահմանը։ Այսինքն՝ Ռուսաստանը այստեղ ներգրավվածություն՝ ընդհուպ ֆիզիկական ներգրավվածություն, ի տարբերություն, օրինակ, ՀԱՊԿ մեխանիզմի, ունենալու է, և այդ առումով ամենևին նույնական չեն։

Ամբողջ հարցն այն է, որ Պուտինի այդ արձագանքը, Պուտինի այդ ակնարկները կարող են ենթադրել մեզ համար ոչ նպաստավոր, մեզ համար ոչ շահեկան, և ինչպես նշում եք՝ այդ ցավոտ օրակարգի առկայությունը, այսինքն՝ կայունությունը տեղի ունենա այնպիսի հարցերի, այնպիսի զիջումների հաշվին, որոնք բացարձակ չեն բխում Հայաստանի շահից և անվտանգությունից։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG