Մատչելիության հղումներ

Հայ-ադրբեջանական սահմանին ռուսաստանյան սահմանապահների ներկայացվածությունը ընդլայնելու քննարկումներն ընթանում են. դեսպան Կոպիրկին


Հայատանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը Սյունիքի մարզում, մայիս, 2021
Հայատանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը Սյունիքի մարզում, մայիս, 2021

Հայ-ադրբեջանական սահմանի խնդրահարույց հատվածներում ռուսաստանյան սահմանապահների ներկայությունը ընդլայնելու հարցի շուրջ առարկայական քննարկումները շարունակվում են, «Ազատության» հարցին ի պատասխան այսօր հայտարարեց Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

Դիվանագետը ձեռնպահ մնաց մանրամասնել, թե այս պահին ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել Հայաստանի վարչապետ Փաշինյանի՝ սահմանին դիտորդներ տեղակայելու առաջարկից հետո. - «Ինչպես գիտեք, հայ-ադրբեջանական սահմանի տարբեր հատվածներում տեղակայված են ռուսաստանյան սահմանապահների հենակետեր, որոնք նպաստում են, որպեսզի իրավիճակը սահմանին լինի հանգիստ, կայուն, և, որ շատ կարևոր է, տեղի բնակչությունն իրեն ավելի հարմարավետ ու ապահով զգա իր համար այս անսովոր իրավիճակում: Այո, ներկայացվածությունը ընդլայնելու քննարկումները ընթանում են: Կարծում եմ, ամեն ինչ կորոշվի Հայաստանի անվտանգության, սահմանին կայունության ապահովման և այն պայմանավորվածությունների հիման վրա, որոնք ձեռք են բերվել եռակողմ ձևաչափով»։

Արմավիրում «Ռուսական կենտրոնի» բացմանը մասնակցող դեսպանը անդրադարձավ նաև Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հարցին։ Ասաց, որ այդ ուղղությամբ տարվող աշխատանքները կշարունակվեն։

Հուլիսի 3-ին Հայաստան վերադարձավ ևս 15 հայ գերի։ Նրանք գերեվարվել էին 44-օրյա պատերազմին հաջորդած եռակողմ հայտարարության ստորագրումից հետո` Արցախի Խծաբերդ գյուղից։ Այսպիսով, Հայաստան վերադարձած գերիների ընդհանուր թիվը 103 է։

«Ադրբեջանից հայ ռազմագերիների վերադարձը Ռուսաստանի Դաշնության ղեկավարության և խաղաղապահ զորախմբի հրամանատարության առաջնահերթություններից մեկն է։ Դրա ապացույցը այն քայլերն են, որոնք մեր կողմից իրականացվում են։ Մեր դիրքորոշումը հայտնի է, այն հնչել է ի սկզբանե` փոխանակում «բոլորը բոլորի դիմաց»։ Կփորձեմ լուծել այդ հարցը այնպես, ինչպես դա հնարավոր է», - ասաց Կոպիրկինը։

Մայիսին առնվազն երեք ուղղություններով Հայաստանի տարածք ադրբեջանական զինուժի ներթափանցումը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը օրերս «սահմանային միջադեպ» էր անվանել ու հայտարարել, թե մեկ ու կես ամիս առաջ ուղարկված Հայաստանի դիմումը չի համապատասխանում կազմակերպության կանոնադրությանը։ Սրան հաջորդել էր Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հեռախոսազրույցը ՀԱՊԿ քարտուղար Ստանիսլավ Զասի հետ, որի ընթացքում Գրիգորյանը քարտուղարության մակարդակով կատարվող ձևակերպումների հարցում զսպվածություն ցուցաբերելու անհրաժեշտության մասին էր խոսել։

Գրիգորյանը ընդգծել էր նաև, որ հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին տեղում ծանոթանալու համար նպատակահարմար է կազմակերպել ՀԱՊԿ քարտուղարության այց:

Դեսպանը չանդրադարձավ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հայտարարությանն ու Գրիգորյանի հրավերին։ Բայց ասաց՝ ինքը ամառվա սկզբին Սյունիքի սահմաններին եղել է և շարունակելու է հարցը ուշադրության կենտրոնում պահել. - «Հունիսի սկզբին ես այցելել եմ Սյունիքի մարզ։ Հանդիպել եմ թե հայ, թե ռուսա սահմանապահներին։ Այս հարցը կշարունակի մնալ մեր ուշադրության կենտրոնում։ Անվտանգույուն, կայունություն և էսկալացիայի բացառում. սրանք մեր համագործակցության կարևոր ասպեկտներից է»։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG