Մատչելիության հղումներ

Դավթյանը Կրասնովի հետ հանդիպմանը կարևորել է ՌԴ գլխավոր դատախազի ջանքերը գերիների վերադարձի ուղղությամբ


Հայաստանի և Ռուսաստանի գլխավոր դատախազներ Արթուր Դավթյանն ու Իգոր Կրասնովը երկկողմ փաստաթղթի ստորագրումից հետո, արխիվ
Հայաստանի և Ռուսաստանի գլխավոր դատախազներ Արթուր Դավթյանն ու Իգոր Կրասնովը երկկողմ փաստաթղթի ստորագրումից հետո, արխիվ

Արցախյան հակամարտության գոտում ստեղծված հետպատերազմյան հումանիտար իրավիճակին, տարածաշրջանում խաղաղության ամրապնդման և Արցախի, ինչպես նաև Հայաստանի սահմանամերձ բնակավայրերի բնակչության իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրներին են անդրադարձել Հայաստանի և Ռուսաստանի գլխավոր դատախազները այսօր Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպման ժամանակ:

Կարևորելով հայ ռազմագերիների և այլ անձանց վերադարձման հարցում վերջին շրջանում արձանագրվող որոշակի դրական տեղաշարժը՝ Արթուր Դավթյանը շեշտել է գործընթացի անվերապահ շարունակման անհրաժեշտությունն ինչպես միջազգային հումանիտար իրավունքի, այնպես էլ հրադադարի հաստատման 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետով նախատեսված պարտավորությունների՝ «ռազմագերիների և այլ ձերբակալված անձանց ու զոհվածների դիակների փոխանակում», կատարման տեսանկյունից՝ որպես տարածաշրջանում տևական խաղաղության և կայունության հաստատման կարևոր երաշխիք:

Հայաստանի գլխավոր դատախազն ընդգծել է տարածաշրջանում կայունության ամրապնդման առումով ռուսական խաղաղապահ և այլ ուժերի կատարած աշխատանքը, անձամբ Իգոր Կրասնովի կառուցողական դերը իրավական-հումանիտար խնդիրների լուծման տեսանկյունից՝ մասնավորապես շեշտելով Ադրբեջանում ապօրինի պահվող հայ ռազմագերիների և այլ անձանց վերադարձման հիմնախնդրի լուծման շրջանակում անհրաժեշտ տեղեկատվության օպերատիվ փոխանակման, հրադադարի հաստատման եռակողմ հայտարարության 8-րդ կետի կատարման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ուղղությամբ Ռուսաստանի գլխավոր դատախազի ներդրած ջանքերը, ասված է ՀՀ գլխավոր դատախազության տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդագրությունում:

Իգոր Կրասնովը բարձր է գնահատել հայաստանցի գործընկերոջ դերը ինչպես երկու երկրների դատախազությունների միջև հարաբերությունների առավել սերտացման, այնպես էլ ԱՊՀ դատախազների համակարգող խորհրդի գործունեության արդյունավետության բարձրացման, միջազգային հարաբերություններում գործընկերության ոգին ամրապնդելու առումով:

Երկու երկրների գլխավոր դատախազների հանդիպումը կայացել է ԱՊՀ դատախազների համակարգող խորհրդի նիստից հետո, որի ընթացքում քննարկվել են ԱՊՀ անդամ երկրների դատախազությունների միջև հաղորդակցության, միջազգային հարթակներում համագործակցության, ԱՊՀ տարածքում հանցավորության դեմ պայքարում անդամ երկրների իրավապահ մարմինների ներուժը կոնսոլիդացնելու ու առավել արդյունավետ կիրառելու և այլ հարցեր:

XS
SM
MD
LG