Մատչելիության հղումներ

Հասարակական կազմակերպությունները կոչ են անում ԲՏԱ նախարարությանը լայնախոհություն ցուցաբերել ու հետ կանչել փոփոխությունների փաթեթը


Ավելի քան մեկ տասնյակ հասարակական կազմակերպություններ կառավարությանն առաջարկում են վերանայել մտադրությունն ու հետ կանչել, իրենց կարծիքով, կոռուպցիոն ռիսկեր պարունակող փոփոխությունները։

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության (ԲՏԱ) նախարարությունն է կազմել փոփոխությունների փաթեթը, որը հրապարակվել է Արդարադատության նախարարության իրավական ակտերի նախագծերի հրապարակման կայքէջում։

Հայտարարությանը միացած «Ինֆորմացիայի ազատության կենտրոն»-ի ղեկավարն ընդգծում է՝ թափանցիկ աշխատելաոճի մասին խոսող կառավարությունը փորձում է խմբագրել նախորդ իշխանության որոշումները, որոնք հանրությանը հնարավորություն են տալիս կառավարության էջում ծանոթանալ պետական աշխատողների գործուղումների մանրամասներին և այլևս չհրապարակել այդ տեղեկատվությունը։

Շուշան Դոյդոյանը վրդովված է կառավարության մտադրությունից․ - «Այսինքն՝ ո՞ւր, ի՞նչ նպատակով է գնացել, ի՞նչ օրակարգով է գնացել, ի՞նչ է քննարկել էնտեղ, կամ ի՞նչ է ձեռք բերել՝ ի՞նչ պայմանավորվածություն, մարդն ի՞նչ օգուտ է տվել մեր հասարակությանը, էդ տվյալներն առաջարկում են հանել՝ չհրապարակել այլևս։ Նշեմ, որ էս երկուսը հենց էն ոլորտներն են, որոնց վերաբերյալ պարբերաբար հանրային քննարկումներ են ծավալվում, որ տեղի են ունեցել չարաշահումներ, անօրինական գործողություններ, կոռուպցիոն ռիսկեր են բացահայտվում, ձերբակալություններ են տեղի ունենում հենց այս ոլորտի կապակցությամբ, և սրանք այն զգայուն ոլորտներն են, որոնք պարունակում են շատ բարձր կոռուպցիոն ռիսկեր, դրա համար էլ դեռևս նախորդ կառավարության օրոք որոշվեց, որ էս տվյալները պետք է բաց լինեն, հրապարակային լինեն», - ասաց Դոյդոյանը։

Երկրորդ փոփոխությամբ կառավարությունն առաջարկում է չհրապարակել նաև մեկ անձից իրականացվող գնումների մասին տեղեկությունները։ «Ո՞նց կարող է էս կառավարությունը, որն ասում է՝ իմ գործունեության խարիսխը թափանցիկությունն է, հաշվետվողականությունը, հիմա քաղհասարակությանը զրկի էդ գործիքներից։ Պատերազմի հետ են կապում, այսինքն՝ պատերազմի թեման են շահարկում, ես դա ցավով եմ նշում, որ դա որպես պատրվակ են ուզում օգտագործել։ Գիտեք, ցանկացած տվյալ կարելի է սահմանափակել՝ էդ ձևակերպումները տալով։ Հիմա մենք պետք է հասկանանք՝ որտեղ է հանրային, պետական շահն էս ամեն ինչում, արդյոք հանրային շահն ասում է, որ գաղտնի պահենք, էդպես ապահով է, թե հանրային շահն ասում է՝ բացենք, հրապարակայնացնենք և քաղհասարակությունը թող օգնի պետությանը՝ առողջացնելու ոլորտը, բացառելու կոռուպցիան այս ոլորտում, էդ է պետք քննարկել, հասկանալ», - ասաց «Ինֆորմացիայի ազատության կենտրոն»-ի ղեկավարը։

Դոյդոյանի խոսքով՝ այս փոփոխություններն արվել են առանց քաղաքացիական հասարակության հետ քննարկման։ «Քննարկեք, հետո նոր էդ քննարկումների արդյունքում լավագույն տարբերակը կստեղծվի, ոչ թե դուք ձեզուձեզ, որ ընդհանրապես տեղյակ չեք, ոլորտի առանձնահատկություններից ու նրբություններից, տեղյակ չեք, թե ուր է հասել մեր երկիրն էդ ոլորտում, ինչքան առաջադեմ պրակտիկա է ձևավորել, փորձում եք փչացնել ուղղակի։ Ես խորհուրդ եմ տալիս նախարարաությանը լայնախոհություն դրսևորել, հետ վերցնել էս նախագիծը, նստել կլոր սեղանի շուրջ, քննարկել համայնքի հետ պրոբլեմն, ինչն ուզում են իրենք լուծել», - ասաց Դոյդոյանը։

Իր հերթին, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը բացատրում է իր քայլը հիմք ընդունելով՝ «Անդրկովկասում տիրող աշխարհքաղաքական իրավիճակը և Հայաստանի ազգային անվտանգությանը սպառնացող ռազմաքաղաքական և կիբեռանվտանգային ռիսկեր պարունակող նոր գործոնները»։

Իշխանությունն ընդգծում է 44-օրյա պատերազմը, ինչից հետո ուսումնասիրել են և պարզել՝ ռազմավարական նշանակության և կարևորության պետական տեղեկատվություն է տեղադրվում կայքերում, որը երրորդ կողմի երկրների կամ կազմակերպությունների կողմից կարող է օգտագործվել ի վնաս Հայաստանի պետական շահի։

Նախարարությունը հավելում է՝ այդ կայքերի տեղեկությունների ստացման սահմանափակում չի իրականացվում, այլ փոխվում է դրանց ստացման ռեժիմը՝ դրանք կտրվեն գրավոր հարցում անելուց հետո։

XS
SM
MD
LG