Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն Անգլիայի ֆուտբոլի հավաքականի երկրպագուներին հորդորում է դրսևորել առավել պատասխանատու կեցվածք:
Մեծ թվով երկրպագուներ այս շաբաթների ընթացքում ուղեկցել են հավաքականին և այցելել են տարբեր երկրներ: Մասնագետների կարծիքով՝ դա կարող է նպաստել կորոնավիրուսի նոր դեպքերի թվի աճին:
«Իմ խորհուրդն է երկրպագուներին՝ իհարկե, ամբողջ սրտով սատարեք հավաքականին, բայց միաժամանակ պետք է զգոն լինեք և «Ուեմբլի» մարզադաշտում կատարեք բոլոր պահանջները, ենթարկվեք կորոնավիրուսի ստուգումների, ինչը մենք պարտադիր ենք համարում», - ասել է Ջոնսոնը:
Անցյալ շաբաթ մասնագետների մի խումբ հայտարարել է, որ Եվրո-2020 առաջնությունը նպաստելու է համավարակի տարածմանը:
Գերմանիայի ներքին գործերի նախարարությունը «ծայրաստիճան անպատասխանատվություն» է անվանել մարզադաշտերում մեծ թվով հանդիսականների ներկայությունն արտոնելու ՈւԵՖԱ-ի որոշումը:
Պահանջները տարբեր երկրներում տարբեր են, Բուդապեշտում մարզադաշտը գրեթե ամբողջությամբ լցվել էր, խաղերից մեկին ներկա էր մոտ 60 հազար մարդ, այլ մարզադաշտերում ներկա է եղել 10-ից 15 հազար մարդ:
«Ուեմբլի» մարզադաշտում կիսաեզրափակիչների և եզրափակիչի օրերին ներկա կլինի 60 հազար մարդ:
Գերմանիայի ներքին գործերի նախարար Հորսթ Զիհոֆերն ասել է, որ դրան անխուսափելիորեն կհաջորդի կորոնավիրուսի դեպքերի թվի աճ: