Մատչելիության հղումներ

Վճռի ուժի մեջ մտնելուց հետո Բաքվում գտնվող հայ զինծառայողները պետք է ազատ արձակվեն, շեշտում է Արա Ղազարյանը


Միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյան

Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո Խծաբերդից գերեվարված շիրակցի 14 ռազմագերիներից 12-ը Բաքվում դատապարտվեցին 6-ամսյա, իսկ 2-ը՝ Հրաչ Ավագյանը և Գեղամ Սերոբյանը, 4 տարվա ազատազրկման։ Բաքվի ռազմական հանցագործությունների դատարանում ավարտվել է քրեական գործերից մեկի քննությունը։

Մեղադրյալի աթոռին 14 զինծառայողներն էին՝ բոլորն էլ Շիրակի մարզից։ Նրանք մեղադրվում էին ահաբեկչության, սահմանն ապօրինի հատելու և պատերազմական հանցագործությունների համար: Ավելի վաղ նախագահող դատավոր Աֆգան Հաջիևը նշել էր, որ մեղադրանքը հաստատվելու դեպքում հայ գերիներին 14-20 տարվա կամ ցմահ ազատազրկում է սպառնում։

Ադրբեջանական «Թուրան» գործակալության վկայությամբ՝ նախ դատախազությունն է անսպասելիորեն հանել բոլոր ծանր մեղադրանքները և թողել միայն պետական սահմանի ապօրինի հատման մեղադրանքը, ապա դատարանն է զարմացրել կայացրած վճռով։ Մեղադրողը պահանջել էր Սերոբյանին և Ավագյանին դատապարտել 5, մյուսներին՝ 2 տարվա ազատազրկման:

Միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը նշում է, քանի որ ի սկզբանե ադրբեջանցիները որոշեցին հայ զինծառայողներին ոչ թե ռազմագերի անվանել, այլ հանցագործություն կատարած անձինք և հարցը լուծեցին քրեական դատավարության կարգով, ապա վճռի ուժի մեջ մտնելուց հետո զինծառայողները պետք է ազատ արձակվեն, հակառակ դեպքում նրանց անազատության մեջ պահելը անօրինական է. «Հիմա թե ինչ մեխանիզմով դա կարվի, արդեն երկրորդական հարց է` կա՛մ արտահանձնում կարվի, կա՛մ վտարում, երկուսն էլ սկզբունքորեն չեն համապատասխանում իրականությանը, բայց մեր քաղաքացիները գտնվում են թշնամական միջավայրում, և նրանք ազատորեն չեն կարող մեկուսարանից դուրս գալ, գնալ տուն, տոմս գնել և վերադառնալ, ուստի Ադրբեջանը պետք է պայմաններ ապահովի, որպեսզի նրանք վերադառնան հայրենիք»:

Համաձայն շատ երկրների օրենքների և միջազգային իրավունքի` պատժի կրման ժամկետը հաշվարկվում է արգելանքի վերցնելու պահից։ Հաշվի առնելով, որ հայ զինծառայողները գերեվարվել էին 2020 թ.-ի դեկտեմբերի 13-ին, հետևաբար 6 ամիսը լրացել է հունիսի 13-ին, սակայն Ադրբեջանը փոխհատուցման հարցը շրջանցելու համար կարող է նաև կիրառել կարգապահական կալանք հասկացությունը, որը սովորաբար մի քանի օր է տևում։

Արա Ղազարյանի դիտարկմամբ, սակայն, քանի որ գործ ունենք ավտորիտար պետության հետ, չի բացառվում, որ Ադրբեջանը կարգապահական կալանքի հաշվին կարող է ժամկետները հարմարեցնել իրենց։ Մնում է վճիռը ուժի մեջ մտնի. «Եթե կողմերը չեն վիճարկելու, նշանակում է` հենց կարող է հրապարակման պահից էլ ուժի մեջ մտնել, և անձը դատարանի դահլիճից ազատ արձակվի: Լինում են դեպքեր, որ նույնիսկ դատավճռի ուժի մեջ մտնելուց հետո էլ դեռ օրեր շարունակ շարունակում են պահել, իրենք կարող են տարբեր պատճառներ բերել, առաջինը, իհարկե, անվտանգությունն է. պետք է մեխանիզմ ընտրել և այլն, կազմակերպչական հարցերով զբաղվել»:

Ադրբեջանական «Թուրանը» հավանական է համարում, որ նրանց մոտ ապագայում կհանձնեն Հայաստանին: Չի բացառում նաև, որ տեղի կունենա ականապատման քարտեզների հերթական փոխանակումը գերիների հերթական խմբի հետ:

Մենք չպետք է ճանաչենք և օրինականացնեք այդ որոշումը, ընդգծում է արդարադատության նախկին նախարար, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում մի քանի տասնակ ռազմագերիների ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը. «Վճիռը պետք է անտեսել առհասարակ, դա առոչինչ է: Այդ դատվարությունը, որ իրականացվել է, դրան պետք է առհասարակ չանդրադառնալ, այլապես դառնալու ենք Ադրբեջանի գործակալներ: Այդ դատական ակտը մենք չենք ստացել, այդ դատավարության վերաբերյալ չենք ծանուցվել մենք, մենք այդ գերիների պատշաճ ճանաչված ներկայացուցիչներն ենք` մեր պետական ատյաններում և Եվրոպական դատարանում, նրանց ընտանիքի անդամները դրա վերաբերյալ չեն տեղեկացել: Այդ դատավարությունը սկզբից մինչև վերջ հակասում է, հակաօրինական է»:

Ադրբեջանում հայ գերիների դատավճիռները քննադատել է նաև Հայաստանի օմբուդսմենը։ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ դատավճիռներն ամբողջովին անհիմն են: «Ակնհայտ է, որ այս «դատավարությունները» արտաքին աշխարհի համար նախատեսված շղարշ են: Նրա համար են, որ Ադրբեջանում ունենան գերիներին ազատ չարձակելու «արդարացում», իսկ այդ ընթացքում հասցնեն որքան հնարավոր է շատ ռազմական-քաղաքական օգուտներ ստանալ», - գրել է նա:

Որ ռազմագերիների նկատմամբ քրեական հետապնդումը ապօրինի է, հայկական կողմը շեշտել է հենց սկզբից, հիշեցնելով, որ Ադրբեջանը շարունակաբար խախտում է Ժնևի կոնվենցիան, որում հստակ սահմանվում է, որ ռազմագերիներն ազատվում և հայրենադարձվում են անմիջապես ռազմական գործողությունների դադարեցից հետո։ Ռազմագերիների փոխանակման մասին կետ կա նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունում։

Ի՞նչ քայլեր է հայկական կողմը, այդուհանդերձ, ձեռնարկում այս պահին գերիներին վերադարձնելու համար, իշխանական «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը չմեկնաբանեց, պատճառաբանելով, որ ցանկացած խոսք այս պահին կարող է վնասել գործընթացին։

Հիշեցնենք, որ հայ զինծառայողները գերեվարվել էին այդ ժամանակ հայկական վերահսկողության տակ գտնվող Հադրութի շրջանի Խծաբերդի և Հին թաղերի տարածքներից։ Շրջափակման մեջ հայտնված 73 զինծառայողների մի մասին հաջողվել էր հանել շրջափակումից, իսկ 64-ը գերեվարվել էին։ Բացի շիրակցի 14 ռազմագերիներից, Ադրբեջանում շարունակվում են մյուս ռազմագերիների դեմ հարուցված դատական գործերը։ Ըստ ադրբեջանական աղբյուրների` մոտ օրերս կլինեն նոր վճիռներ։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG