Մատչելիության հղումներ

«7 ամիս է` էսօր, էգուց, համբերելու տեղ էլ չունեմ». գերեվարված պահեստազորայինների հարազատները նստացույց էին սկսել


Պատերազմի ավարտից հետո Հին Թաղերից ու Խծաբերդից գերեվարված պահեստազորայիններից մի քանիսի հարազատները երեկվանից կառավարության շենքի առջև նստացույց են սկսել` պահանջելով անհապաղ, առանց նախապայմանների վերադարձնել իրենց զավակներին:

«Էդպես կառույց չի եղել, Ղարաբաղներով, էլ էստեղ Հայաստանի մեջ տենց կառույց չի եղել, չեն ըսել չէ մարդիկ: Հա, հետաքրքրվում են, բայց արդյունքը չեմ տեսել, 7 ամիս է` էսօր, էգուց, ամիս մը հետո կոնկրետ ժամկետ էլ չեն ասել», - ասում է նրանցից մեկը։

«Հակառակ պատկերն ըսեմ՝ ստեղ ադրբեջանցու դատեն, սովորական փաստաբան կկանգնեցնեն, ո՞ւմ վեջն է։ Ի՞նչ պիտի անեն, եթե մեր ղեկավարությունը բան չի կարողանում անել, նրանք ի՞նչ պիտի անեն, կամ ո՞ւմ վրա եմ հույս դրել, որ ուրիշ երկի՞րը պետք է բերի։ Ես որ իմ երեխուս տեր չլինեմ, հարևանս պիտի՞ տեր լինի, նույն հարաբերությամբ կասեմ ես», - նշում է գերեվարվածներից մեկի հարազատը:

Ռազմագերիների հարազատների բողոքը Հայաստանի կառավարությանն է ուղղված, նաև միջազգային կառույցների ուշադրությունն են հրավիրում՝ ակնկալելով գործուն քայլեր. «Մտահոգությունը ամենամեծ հիմիկվա կատարվող ձևական դատավարություններն են, որոնք աբսուրդ են համարվում մեր կողմից, մեր տղաները մենակ են էնտեղ, առանց մեկի օգնության: Միջազգային կառույցներին հորդորում ենք, որ միջնորդներ ուղարկեն, միջանկյալ միջոցներ կիրառեն, որպեսզի այնտեղ օրինաչափությունը պահպանվի, ինչպես նաև Հայաստանի իշխանություններին հորդորում ենք, որ օր առաջ իրավական գործընթաց սկսեն` ի դեմ Ադրբեջանի, որովհետև նա խախտում է մի շարք միջազգային պայմանավորվածություններ, միջազգային Ժնևյան կոնվենցիաներ»:

Արցախի Խծաբերդի և Հին Թաղերի տարածքներից գերեվարվածներից 40-ին Բաքուն մեղադրում է ահաբեկչության, սահմանն ապօրինի հատելու և պատերազմական հանցագործությունների համար։ Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում արդեն սկսվել է նրանց դատավարությունը։

Արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանը երեկ հայտարարեց՝ հայ ռազմագերիների դատավարությունները բացարձակ ապօրինություն են Ադրբեջանի կողմից. «Բնականաբար ամբողջությամբ ապօրինի, որևէ իրավական կարգավորման տակ չգնացող պրոցես է:

Միջազգային հանրությունը արդեն բոլոր հնարավոր մակարդակներով արձանագրել է, որ գործ ունենք ռազմագերիների հետ, որ անհրաժեշտ է անհապաղ ապահովել ռազմագերիների վերադարձը հայրենիք։ Եվ կարծում եմ` այդ գործողությունները միայն վնասում են Ադրբեջանին»։

Գերիների հարազատները երեկ վարչապետի պաշտոնակատարի հետ են հանդիպել, մանրամասներ, սակայն, չեն փոխանցում։ Կառավարությունից ևս որևէ տեղեկություն չի հաղորդվում։

«Կոնկրետ բան չի կարա ասի ինքը՝ սպասեք, իրա խոսքը՝ համբերատար եղեք, սպասեք, բայց ես էլ համբերելու տեղ չունեմ», - ասում է գերեվարվածներից մեկի հարազատը։

Կառավարության ներկայացուցիչների հետ այսօր ևս հանդիպում է եղել, գերիների հարազատներն առաջարկել են ստեղծել ժամանակավոր հանձնաժողով, որը անմիջական կապ պետք է ունենա գերիների հարազատների հետ։ Հարազատների նստացույցը դադարեցվեց երեկոյան մոտ։

Ըստ ՄԻՊ-ի` Բաքուն քաղաքական նպատակներով է ձգձգում գերիների վերադարձը

Պատերազմից հետ Ադրբեջանից Հայաստան է վերադարձել 88 գերի, նաև Բեյրութ է վերադարձել լիբանանահայ Մարալ Նաջարյանը։ Վերջին անգամ հայրենիք 15 գերի վերադարձավ, երբ հայկական կողմը Բաքվին փոխանցեց Աղդամի ականապատման քարտեզը։ Թե այժմ քանի գերի կա Ադրբեջանում, ու երբ հնարավոր կլինի նրանց վերադարձը, հայտնի չէ։

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը կարծում է, որ Բաքուն քաղաքական նպատակներով է ձգձգում գերիների վերադարձը։ Օմբուդսմենը հիշեցնում է վերջերս Շուշիում Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների ու նրանց տիկնանց զրույցի տեսանյութը, որտեղ Ալիևը խոսում է Բաքվի վերահսկողության տակ անցած տարածքների ականապատման քարտեզների կարևորության մասին, ինչից հետո Թուրքիայի նախագահի տիկինը հարցնում է Ալիևին, թե ունե՞ն իրենց տարածքում էլի գերիներ, դրական պատասխանից հետո էլ խորհուրդ է տալիս մաս-մաս հանձնել նրանց։ Արման Թաթոյանն ասում է՝ այս զրույցը պատերազմական հանցագործության մասին վկայություն է. «Այստեղ ոչ մի մարդասիրական բան չկա իրենց կողմից, ի՞նչ մարդասիրական: Իրենք սրանով հետապնդում են բացառապես քաղաքական նպատակներ, սա մարդու առևտուր է, և մեր կառավարությունը պետք է ըստ այդմ միջոցներ ձեռնարկի, գիտեք, կառավարության խնդիրն է իր քաղաքացիների պաշտպանությունը. գերիները մեր քաղաքացիներն են: Սա կառավարության պոզիտիվ պարտավորությունն է: Կառավարությունը պարտավոր է ամեն ինչ ձեռնարկել, այդ թվում` այդ պատերազմական հանցագործությունների մասին համապատասխան ընթացակարգեր հարուցելով և այլն, բազմապիսի են միջոցները, որ էլ ավելի ուժեղացնի ճնշումները, որ բերվեն»։

Երեկ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը հայտնել էր, թե գերիներին վերադարձնելու հարցով բանակցությունները շարունակվում են, բայց հրաժարվել էր մանրամասներ փոխանցել։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG