Մատչելիության հղումներ

Լուկաշենկոն կարգադրել է «ամբողջությամբ փակել Ուկրաինայի հետ սահմանը»


Բելառուսի հետ սահմանի Վիլչա անցակետը, Ուկրաինա, արխիվ, 8 սեպտեմբերի, 2020թ.
Բելառուսի հետ սահմանի Վիլչա անցակետը, Ուկրաինա, արխիվ, 8 սեպտեմբերի, 2020թ.

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կարգադրել է «ամբողջությամբ փակել Ուկրաինայի հետ սահմանը, քանի որ Ուկրաինայից Բելառուս են սողոսկում Արևմուտքի հետ կապված ահաբեկիչներ»: Լուկաշենկոն որևէ հիմնավորում չի ներկայացրել:

Բելառուսն անցյալ տարվա նախագահական վիճահարույց ընտրություններից հետո Արևմուտքի կողմից ենթարկվել է տնտեսական ծանր պատժամիջոցների, որոնք էլ ավելի են խստացվել անցյալ ամիս Աթենք-Վիլնյուս չվերթը կատարող «Ռայնէյր» օդանավին վայրէջք պարտադրելու և ընդդիմադիր լրագրող Ռոման Պրոտասևիչին ու նրա ընկերուհուն՝ Սոֆյա Սապեգային ձերբակալելուց հետո:

Երեկ ելույթ ունենալով Բելառուսի անկախության 30-ամյակին նվիրված հանրահավաքում` նախագահ Լուկաշենկոն ասել է, թե փակում է հարևան Ուկրաինայի հետ սահմանը, քանի որ «Ուկրաինայից զենք է բերվում Բելառուս»:

Կիևում արտաքին գործերի նախարարությունն անմիջապես արձագանքել է, հայտարարելով, որ Ուկրաինան երբևէ չի միջամտել և ապագայում էլ չի միջամտելու հարևանների ներքին գործերին:

Լուկաշենկոն պնդում է, թե «Բելառուսում կան ահաբեկիչների քնած բջիջներ, որոնք կապեր ունեն Գերմանիայի, Լիտվայի, Միացյալ Նահանգների, Լեհաստանի և Ուկրաինայի հետ»:

Ուկրաինայից զատ, նշված մյուս երկրները դեռ չեն արձագանքել Լուկաշենկոյի պնդումներին:

Լուկաշենկոն ենթադրում է, որ արևմտյան երկրները ցանկանում են Բելառուսում իշխանափոխություն իրականացնել:

XS
SM
MD
LG