Մատչելիության հղումներ

Եվս 7 երկիր է միացել բելառուսական ավիաընկերությունների դեմ պատժամիջոցներին


«Բելավիա» ավիաընկերության օդանավը թռիչքի ժամանակ, արխիվ

Եվս 7 երկիր է միացել բելառուսական ավիաընկերությունների դեմ պատժամիջոցներին:

Եվրամիության անդամ չհանդիսացող Ալբանիան, Չեռնոգորիան, Հյուսիսային Մակեդոնիան, Սերբիան, Իսլանդիան, Լիխտենշտեյնը և Նորվեգիան արգելել են բելառուսական ավիաընկերությունների օդանավերի վայրէջքները և թռիչքները իրենց օդանավակայաններում, ինչպես նաև թռիչքներն իրենց օդային տարածքով:

Այդ երկրները միացել են Եվրամիության բոլոր 27 պետությունների կողմից Լուկաշենկոյի ռեժիմի դեմ հունիսի 4-ին ընդունված պատժամիջոցներին՝ ի պատասխան իռլանդական Ryanair ընկերության ուղևորատար օդանավի՝ Բելառուսի տարածքում հարկադրված վայրէջքի և բլոգեր Ռոման Պրոտասևիչի ու նրա ընկերուհու ձերբակալության:

Եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանատու Ժոզեպ Բորելը ողջունել է 7 երկրների որոշումը:

Բացի այդ, ԵՄ երկրների արտգործնախարարները հավանություն են տվել Բելառուսի դեմ ոլորտային պատժամիջոցների կիրառմանը: Դրանք կանդրադառնան բելառուսական արտահանման վրա: Այս պատժամիջոցները դեռ պետք է հաստատեն ԵՄ պետությունների ղեկավարները, ինչպես ակնկալվում է՝ հունիսի 24-25-ը կայանալիք գագաթնաժողովում:

ԵՄ-ի հետ համաձայնեցմամբ՝ Լուկաշենկոյի ռեժիմի դեմ պատժամիջոցներ են ընդունել նաև ԱՄՆ-ը, Կանադան և Մեծ Բրիտանիան:

Ակնկալվում է, որ Մինսկի դեմ ոլորտային պատժամիջոցները կհայտարարվեն մոտ օրերս:

XS
SM
MD
LG