Մատչելիության հղումներ

Չգողանալու, տուն չտանելու արդյունքում է բյուջե շատ գումար մտել. Վահան Քերոբյան


Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը ցանկանում է շարունակել պաշտոնավարելը, ասում է` ՀՀ ժողովրդին ծառայելը շատ մեծ պատասխանատվություն է և առաքելություն: «Ազատության» հետ զրույցում նա անդրադառնում է կանխատեսվող տնտեսական աճին, իր ավելի վաղ արած հայտարարությանը, թե եթե մինչև տարեվերջ երկնիշ տնտեսական աճ չլինի, ինքը հրաժարական կտա և այլն:

Ներկայացնում ենք հատվածներ Վահան Քերոբյանի հետ հարցազրույցից.

«Ազատություն» - Եթե արդեն կա պայմանավորվածություն, և վերանշանակվելու եք, էլ պաշտոնակատար չասեմ:

Վահան Քերոբյան - Ոնց որ թե ոչ ոք չի ասել, որ չեմ մնալու:

«Ազատություն» - Իսկ Դուք ունե՞ք ցանկություն:

Վահան Քերոբյան - Իհարկե, որովհետև ըստ էության, Հայաստանի Հանրապետության ժողովրդին ծառայելը շատ մեծ պատասխանատվություն է և մեծ առաքելություն, որը ես սիրով ստանձնում եմ:

«Ազատություն» - Պարո՛ն նախարար, տարվա կեսն անցավ, և կառավարությունը երեկ գրեթե կրկնակի ավելացրեց տնտեսական աճի կանխատեսումը, բայց, այնուամենայնիվ, 6 տոկոսը հեռու է Ձեր խոստացած երկնիշ թվից:

Վահան Քերոբյան - Գրեթե կրկնակի պակաս է իմ խոստացած երկնիշ թվից:

Դե, աստիճանաբար ամիսների լավ արդյունքներին զուգընթաց կառավարությունը, պահպանելով իր պահպանողական մոտեցումը, բարձրացնում է իր կանխատեսումները, և ոչ միայն կառավարությունն է բարձրացրել: Մի քիչ առաջ Կենտրոնական բանկը բարձրացրեց` 1.4-ից մինչև 4.6 տոկոս տնտեսական աճ, Համաշխարհային բանկը, Վերակառուցման զարգացման եվրոպական բանկը, Արժույթի միջազգային հիմնադրամը դեռ չի բարձրացրել, որովհետև իրենք մի տոկոս էինք կանխատեսել դեկտեմբերին և պահպանեցին մի տոկոսը, ուղղակի այդ մի տոկոսն արդեն ռելեվանտ չէ:

«Ազատություն» - Մի խոսքով` առնվազն 10 տոկոսն իրատեսակա՞ն է:

Վահան Քերոբյան - Այո:

«Ազատություն» - Հրաժարականի խոստումն ուժի մե՞ջ է, եթե հանկարծ երկնիշ չեղավ, գնալո՞ւ եք:

Վահան Քերոբյան - Բնականաբար, ես ամեն ինչ անելու եմ, որ երկնիշ տնտեսական աճ լինի: Եվ դա կլինի, իսկ թե ինչ կլինի, որ չլինի, եկեք, դրա մասին չխոսենք էլի, որովհետև տրամադրված ենք, որ կլինի: Եթե կառավարության ղեկավարը համարի, որ ես վատ եմ աշխատել, մենք այդ հարցը կքննարկենք իրար հետ:

«Ազատություն» - Չէ, խոսքը Ձեր խոստման մասին էր:

Վահան Քերոբյան - Իմ խոստումն ուժի մեջ է, նաև ասեմ, որ նոր կառավարության ծրագիրը և «Քաղաքացիական պայմանագրի» նախընտրական ծրագիրը, ըստ էության, նույն նշաձողն է սահմանում, որովհետև առաջիկա 5 տարիների համար 9 տոկոս միջին տարեկան տնտեսական աճ է խոսք տրվել արտաքին բարենպաստ պայմանների առկայության դեպքում, այլ խոսքով` եթե հանկարծ կատաստրոֆա չլինի` ճգնաժամեր նոր համաշխարհային չլինեն, ապա այդ 9 տոկոսը այն թիրախն է, որին պետք է մենք ամեն տարի հասնենք:

«Ազատություն» - Նաև հարկահավաքության վերջին տարիների բավականին բարձր ցուցանիշ է, եթե ոչ ամենաբարձրը գրանցվել, ինչո՞վ կբացատրեք սա, պարո՛ն նախարար:

Վահան Քերոբյան - Ամենաառաջինը` չենք գողանում, տուն չենք տանում, դրա համար հավաքվում է հանրային դրամապանակում, այսպես ասած, բյուջեում և ծախսվում է հանրային կարիքների համար:

«Ազատություն» - Ավելի պարզ` տեսուչը հարկը վերցնելու փոխարեն իր գրպանն էր դնում, հիմա այդ մեխանիզմը քանդվե՞ց, օրինակ:

Վահան Քերոբյան - Դե ոչ միայն տեսուչի: Ուղղահայացն աշխատում էր մինչև առաջին համարը, իսկ հիմա, Դուք գիտեք, համակարգային կոռուպցիա չկա: Չեմ ասում` ընդհանրապես կոռուպցիա չկա, ուղղակի դա համակարգային չի, դա պատժվում է, երբ հայտնաբերվում է, և կառավարության աշխատակիցներն ու պաշտոնյաները առավոտից երեկո մտածում են ոչ թե իրենց գրպանները լցնելու մասին, այլ թե ինչ լավ բանեն ժողովրդի համար:

«Ազատություն» - Համակարգային եթե չկա, այնուամենայնիվ արդյոք քաղաքացիները դա իրենց ամենօրյա շփումներում պետության հետ զգո՞ւմ են` տեսչական մարմիններ, դատարաններ, ոստիկանություն:

Վահան Քերոբյան - Իհարկե, և դրա վառ ապացույցը կոռուպցիայի ընկալման ինդեքսն է: 2018-ից մինչև հիմա 105-րդ տեղից լավացրել ենք մեզ 67, և դա հենց ճիշտ բնութագրումն է:

«Ազատություն» - Պարո՛ն Քերոբյան, պատվաստումների ցուցանիշը Հայաստանում բավական ցածր է:

Վահան Քերոբյան - Ցածր տեմպն իրոք մտահոգիչ է, և մենք, բնականաբար, պետք է խստացնենք միջոցառումները, որպեսզի ավելի շատ մարդիկ պատվաստվեն: Իհարկե, կան օրենքով սահմանված պարտադիր իրավունքներ, որոնք աշխատողները, բնականաբար, պետք է ունենան, բայց այն իրավունքները, որոնք կարող են և չունենալ, շատ հավանական է, որ զրկվեն այդ իրավունքներից:

«Ազատություն» - Ասենք պարգևավճար չստանան, եթե չեն պատվաստվել: Տարբերա՞կ է:

Վահան Քերոբյան - Այո:

«Ազատություն» - Հնարավո՞ր է կիրառել:

Վահան Քերոբյան - Ես, ճիշտն ասած, արդեն հանձնարարել եմ, որ հուլիսից սկսած բոլոր նրանք, ովքեր պատվաստված չեն, չստանան պարգևավճար:

«Ազատություն» - Արդեն հանձնարարե՞լ եք:

Վահան Քերոբյան - Այո, արդեն հանձնարարել եմ:

«Ազատություն» - Դա աշխատանքային իրավունքի խախտում չէ՞, որովհետև ինքը աշխատավարձի հետ այսպես թե այնպես ստանում էր, հիմա ցածր կստանա:

Վահան Քերոբյան - Չէ: Պատվաստումը պետական քաղաքականություն է, պետական պաշտոնյաները, քաղաքացիական ծառայողները պետական քաղաքականության իրացնողներն են, և եթե իրենք լավ չեն իրացնում հենց իրենք իրենց մասով, ապա բնականաբար, մենք կարող ենք համարել, որ իրենք վատ են իրականացնում պետական քաղաքականությունը, և դա շատ նորմալ հիմք է:

«Ազատություն» - Եվ Դուք չեք խրախուսի նրանց հետևաբար պարգևավճարի տեսքով:

Վահան Քերոբյան - Այո:


Ամբողջությամբ կարող եք դիտել ստորև.

XS
SM
MD
LG